Ես կողմ էի փուլային տարբերակին, որը եթե այսօր լիներ, մեր ժողովուրդը ուրախությունից կմեռներ. ՀՀ առաջին նախագահ. տեսանյութ

Մենք պարտվեցինք չկարողանալով հասկանալ ժամանակի ընթացքը: Այդ մասին ասել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ ի վերջո Հայաստանը պարտվեց արցախյան պատերազմում:

Նրա խոսքով, ժամանակի գործոնը քաղաքականության մեջ շատ վճռական է ու կարևոր:

«Ժամանակը կարևորագույն ֆակտորն է քաղաքականության մեջ, մի բան, որ կարող էինք անել որևէ պահի, ոչ մի երաշխիք չկա, որ հաջորդ պահին ևս դա կարող ենք անել։ Սա մենք չզգացինք, մեր իշխանությունները չզգացին այդ պահը։ Սա կուտակված խնդիր է, ստրատեգիական խնդիր, որը պիտի արվեր այն ժամանակ, երբ որ դու հաղթական էիր։ Երբ որ դու հաղթական էիր, դու կարող էիր ստանալ շատ ավելին անգամ զիջումներով։ Եթե համեմատենք այսօրվա վիճակը, 90-ականների ամենավատ տարբերակը, ենթադրենք՝ փուլային տարբերակը եթե լիներ, այսօր մեր ժողովուրդը երջանկությունից կմեռներ», -ասել է առաջին նախագահը։

Նա ասել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների ամենասկզբում ինքը կողմ է եղել լուծման փուլային տարբերակին։

«Դա շատ պարզ տարբերակ էր․ մենք վերադարձնում էինք Ադրբեջանին Լաչինը և Քելբաջարը՝ պահպանելով Լաչինի միջանցքը, Լաչինի միջանցքն էլ այսօրվա միջանցքի չափ չէր լինելու․ մինիմում 22 կմ պիտի լիներ։ Դա էլ ինչո՞վ էր որոշված․ որպեսզի գրադի հարվածները չհասնեին ճանապարհին։ 22 կիլոմետրանոց միջանցքով ունենում էինք ԼՂԻՄ-ի ամբողջ սահմանները՝ Խորհրդային Միության ժամանակների։ Հիմա, եթե այսօր մեր ժողովրդին ասվի՝ համաձա՞յն եք էսպիսի կարգավորման, ուրախությունից կմեռնի»: