«Իրականում երկու, ոչ թե վեց կետ էր, և որպես Հայաստանի պաշտոնական դիվանագիտական պատասխան՝ ընկալելի չէ». Արմեն Բաղդասարյան

Լուսանկարը՝ media.am

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը

Պարո՛ն Բաղդասարյան, Հայաստանի առաջարկած վեց կետերը՝ ի պատասխան ադրբեջանական հինգ կետերի, ընդդիմության ներկայացուցիչները համարում են խայտառակություն, իսկ իշխանությունը՝ ի դեմս հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի, ասում է, որ այնտեղ կա կարևոր արձանագրում՝ Արցախի կարգավիճակի վերաբերյալ: Դուք ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի ներկայացրած փաստաթուղթը:

– Իրականում այդտեղ վեց կետ չկա, ընդամենը երկու կետ կա, որոնցից մեկը վերաբերում է միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելուն, մյուսը՝ Արցախի անվտանգության խնդրին, պարզ ասած՝ կարգավիճակը: Ընդ որում, այդ երկու կետը ներկայացված է ոչ թե առաջարկություն, այլ, դիվանագիտական լեզվով ասած՝ ինչ-որ անհասկանալի փաստաթուղթ է դա: Ո՛չ այն է առաջարկություն է, ո՛չ այն է դիտարկում է կամ ցանկություն, այսինքն՝ որպես Հայաստանի պաշտոնական դիվանագիտական պատասխան ընկալելի չէ, ու այդ առումով, այո՛, համաձայն եմ, որ ամենևին համարժեք չէր Ադրբեջանի ներկայացրած հինգ կետերին:

Ստացվում է, որ Ադրբեջանի արտգործնախարարի մեկնաբանությունն այդ փաստաթղթին, որ այն արձագանք էր իրենց առաջարկներին, ճի՞շտ բնորոշում է:

– Ադրբեջանի արտգործնախարարի այդ քամահրական, արհամարհական վերաբերմունքի պատճառն այն էր, որ այդ կետերը պատշաճ կերպով չէին ներկայացված, անհամարժեք էին: Ադրբեջանը ներկայացրել է կոնկրետ կետեր, իսկ Հայաստանը՝ ինչ-որ անհասկանալի դիտարկումներ, մինչդեռ պետք էր շատ ավելի հստակ կետեր ներկայացնել, բայց դա արդեն այլ հարց է: Ամեն դեպքում, մեր ներկայացրածն այն չէր, ինչ պետք է աներ Հայաստանը՝ որպես պետություն՝ ի պատասխան Ադրբեջանի ներկայացրած առաջարկների:

Ինչո՞վ եք բացատրում այդ անհամարժեք պատասխանը, պարո՛ն Բաղդասարյան:

– Առաջին ու հիմնական պատճառը մեր իշխանությունների, կներեք արտահայտությանս համար, թույլ, ոչ պրոֆեսիոնալ արտաքին քաղաքականությունն է: Չեմ էլ հասկանում, թե այդ գերատեսչությունում ի՞նչ կամ ինչպե՞ս են մտածում, որովհետև այն, ինչ կար այդ փաստաթղթում, նույնիսկ պատշաճ չէր ներկայացված:

Նկատի ունեք, որ այդ բնագավառում մասնագիտական բավարար գիտելիքների պակա՞ս կա:

– Եթե Ադրբեջանը ներկայացնում է հինգ կետ, որոնց շուրջ պետք է բանակցել, ապա Հայաստանը պետք է ներկայացներ ևս մի քանի կետ նույն ձևով, այսինքն՝ լիներ հստակ առաջարկ, որ մենք համաձայն ենք ձեր ներկայացրած հինգ կետերին՝ պայմանով, որ պետք է քննարկվեն մեր ներկայացրած հետևյալ կետերը: Բայց այնտեղից կար հստակ առաջարկ, մեր կողմից՝ ինչ-որ անորոշ ձևակերպումներ, ցանկություններ:

Պարո՛ն Բաղդասարյան, իսկ ձեր բնորոշմամբ՝ այդ անորոշ կետերն ու ցանկություններն ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ բանակցության գործընթացի վրա:

– Որևէ հետևանք չեն կարող ունենալ, որովհետև եթե Հայաստանն ասում է, որ մեծ հաշվով այդ հինգ կետերն ընդունելի են, ու ինքը որևէ կետ չի հավելում, նշանակում է, որ պիտի գնան այդ հինգ կետի շուրջ բանակցեն, ինչն այս իրավիճակում համարում եմ անընդունելի, որովհետև Ադրբեջանը դեռ նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների իր մասն ամբողջությամբ չի կատարել, դա լինելու է հարկադրված բանակցություն՝ ուժի սպառնալիքի կիրառման ներքո:

Ձեր կարծիքով՝ Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունը չի՞ գիտակցում ձեր նշած խնդիրները, թե՞ իսկապես կարծում են, որ անգամ այս պարագայում հնարավոր կլինի հասնել խաղաղության պայմանագրի ստորագրման:

– Կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունները որդեգրել են հետևյալ քաղաքականությունը. հասնել խաղաղության պայմանագրի ցանկացած զիջման գնով, բայց անգամ այդ դեպքում որևէ արդյունքի չեն հասնելու, որովհետև այս պահին Ադրբեջանին խաղաղության պայմանագիր պետք չէ, նրանց այդ պայմանագրից ընդամենը երկու բան է պետք, որ ճանաչվի իրենց տարածքային ամբողջականությունը, և Հայաստանը մեկընդմիշտ հրաժարվի տարածքային պահանջներից, երկրորդ՝ Ադրբեջանին պետք է ինքնիշխան միջանցք Սյունիքի մարզով:

Եթե Հայաստանի իշխանությունները հրաժարվում են դրանից, Ադրբեջանին որևէ դեպքում խաղաղության պայմանագիր պետք չէ, նրանք դա կօգտագործեն, որպեսզի խաղաղության պայմանագրի կնքման տապալման մեղքը բարդեն հայկական կողմի վրա, ինչը և հաջողությամբ անում են:

Ադրբեջանի փոխարտգործնախարարը նաև խոսել է այսպես կոչված անկլավների մասին, որոնց հետ կապված հարցերը պետք է քննարկվեն սահմանազատման ու սահմանագծման աշխատանքների համատեքստում: Այս մասով ևս ձեր մեկնաբանությունն եմ խնդրում:

– Այդ հարցն այսպես թե այնպես քննարկվելու է, ինչը չի նշանակում, որ մենք դրանք վերադարձնելու ենք, ընդամենը քննարկվելու է: Ցավոք սրտի, չի կարող չքննարկվել, որովհետև վերջին քարտեզներով Ադրբեջանը մեր տարածքում իսկապես չորս անկլավ ունի:

Մենք, բնականաբար, պետք է այդ հարցը քննարկենք ու ամեն ինչ անենք, որպեսզի դրանք մնան մեր տարածքում՝ հաշվի առնելով դրանց ռազմավարական նշանակությունը, թե դրա փոխարեն Ադրբեջանը ի՞նչ զիջումներ կամ նոր պայմաններ առաջ կքաշի՝ այլ հարց է:

Չեմ կարծում, թե մենք կարող ենք ասել, որ այդ հարցը չենք քննարկում և վերջ, որովհետև դա միայն մեր կամքից չէ կախված, այլ հարց է, որ մենք կարող ենք բանակցությունների ընթացքում այդ հարցն օրակարգից հանել:

– Ասացիք, որ ադրբեջանական չորս անկլավ կա, բայց Էդմոն Մարուքյանն ասում է, թե Ադրբեջանն այդ մասով իրավական ոչ մի հենք չի կարող ներկայացնել:

– Շատ լավ, հրաշալի է, որ այդպես է, ես էլ հենց դա եմ ասում, որ քննարկումներից խուսափել չենք կարող, բայց պետք է կարողանանք այդպիսի հիմնավորումներով այդ հարցն օրակարգից դուրս թողնել:

Կկարողանա՞ հայկական դիվանագիտությունը դա անել, ակնկալիքներ ունե՞ք, պարո՛ն Բաղդասարյան:

– Ճիշտն ասած, չեմ կարծում, թե դա ամենակարևոր հարցն է. Ադրբեջանի ամենամեծ ցանկությունը Սյունիքն է, այնտեղով իր համար սուվերեն միջանցք ապահովելը, իսկ եթե այդ հարցում ոչինչ չստացվի, ես հույս ունեմ, որ չի ստացվի, այդ դեպքում անկլավների հարցը դառնում է երրորդական, որովհետև, միևնույն է, Ադրբեջանը չի գնալու խաղաղության համաձայնագրի ստորագրմանը:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am