«Թիմ տելեկոմ Արմենիայի» ու «Ազերտելեկոմի» պայմանագրով Ադրբեջանն ավելի շատ անվտանգային ռիսկեր ունի, քան Հայաստանը. Մարտիրոսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը

– Պարո՛ն Մարտիրոսյան, «Թիմ տելեկոմ Արմենիայի» և «Ազերտելեկոմի» միջև կնքված պայմանագրի շուրջ անվտանգային ռիսկերի մասին բազմաթիվ գնահատականներ են հնչում։ Մասնագիտական տեսանկյունից ի՞նչ է ենթադրում այս պայմանագիրը և արդյո՞ք այդ մտահոգությունները հիմնավոր են։

– Պարզ է, որ կա քաղաքական քննադատություն՝ զուտ Ադրբեջանի հետ պայմանագիր կնքել-չկնքելու հարցով, դա մի կողմ թողնենք, պայմանագիրն արդեն կա: Այն, ինչ գրված է, կարող ենք դրա վրա հիմնվել. խոսքն այն մասին է, որ Ադրբեջանը հիմնականում ուզում է Նախիջևանի հետ կայուն կապ ստանալ, իրականում ունեն այդ կապը, բայց մալուխն անցնում է Իրանի տարածքով, ինչը, բնականաբար, այս պահին իրենց համար խնդրահարույց կարող է լինել: 

Հայաստանը, փաստացի՝ որպես տարանցիկ մալուխ է օգտագործվում, այսինքն՝ մալուխ, որով ինքը երրորդ երկրների համար տրամադրում է տարանցիկ կապ: «Թիմ տելեկոմ Արմենիայի» տրաֆիկի մոտ 90 տոկոսը ուրիշ երկրների տարանցիկ կապի ապահովումն է: Եթե խոսքն այս մասին է, ապա այդ կապի հիմնական «ուզողը» Ադրբեջանն է, այսինքն՝ իրենց համար է սա կրիտիկական կարևորություն, քան՝ Հայաստանի: Հայաստանն իհարկե ստանում է լրացուցիչ հնարավորություններ, բայց այնպես չէ, որ այդ խնդիրն այս պահին գոյություն ուներ: Ենթադրում եմ, որ «Թիմ տելեկոմ Արմենիայի» համար սա նաև կարևոր գործառույթ է Ղազախստանի հետ Ադրբեջանի տարածքով ունենալ տրանզիտ, ենթադրում եմ, որ սրա տակ նաև այդ ենթատեքստը կա:

– Անվտանգային ռիսկերի տեսանկյունից ի՞նչ հնարավոր խնդիրներ կան:

– Քանի որ խոսքը տարանցիկ տրաֆիկի մասին, այսինքն՝ ինչ-որ մի երկրից կապը գնում է ուրիշ երկիր զուտ Հայաստանի տարածքով, այսպես է առնվազն հայտարարագրված, սա նշանակում է, որ մեծ տրաֆիկն Ադրբեջանով չի գնում: Այս պահին առնվազն այն, ինչ որ ասված է, ինչ որ հայտարարագրված է, ցույց է տալիս, որ ավելի շուտ Ադրբեջանն ունի անվտանգային ռիսկեր, որովհետև իրենց բովանդակային տրաֆիկն անցնում է հենց Հայաստանի միջոցով: 

– Պարո՛ն Մարտիրոսյան, իսկ ընդհանուր առմամբ նման պայմանագրերի կնքումը արդյունավե՞տ է պետության համար:

– Հայաստանում այս հարցը շատ հորմոնալ պատասխան ունի, այսինքն՝ նայած թե ում մոտ հորմոններն այս պահին որ ուղղությամբ են գրգռված: Կարող եք մտնել իմ տեսանյութի տակ գրված մեկնաբանությունները կարդալ. ինչ-որ մարդիկ ողջունում են, ինչ-որ մարդիկ համարում են, որ ես Հուդայի պես իրենց անձամբ վաճառել եմ: «Թիմ տելեկոմ Արմենիայի» համար սա բնականաբար դրական է, Հայաստանի բյուջեի համար բնականաբար դրական է, միջին հեռվաշենում կամ Երևանի փոշոտ կենտրոնում ապրողի համար սա առանձնապես մեծ տարբերություն չի տա:

– Իսկ Հայաստանում «Թիմ տելեկոմ Արմենիայի» բաժանորդներին սա ի՞նչ կտա:

– Ոչ մի տարբերություն չի լինելու, էլի եմ ասում, սա «Թիմ տելեկոմ Արմենիայի» տրանզիտային բիզնեսի մի մասն է, այսինքն՝ բաժանորդները ոչ մի ձևով դրա մաս չեն կազմում, ո՛չ տուժելու են, ո՛չ ինչ-որ բան ստանալու են: Ուրիշ հարց, որ Հայաստանը որպես երկիր ներգրավվում է ինչ-որ լրացուցիչ տրանզիտային բաների մեջ, որը, ես կարծում եմ՝ վատ չէ, տարածաշրջանային դերն ամրապնդելու տեսանկյունից: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am