«Մեկ-մեկ դուռը խփում են, վազելով գնում եմ, ասում՝ Սամոս եկավ»․ տղայի զոհվելուց հետո մայրն ասում է՝ կյանքը սուտ դարձավ

«Մեկ-մեկ դուռը խփում են, վազելով գնում եմ, ասում՝ Սամոս եկավ, անընդհատ ոնց որ ես սպասեմ, որ ինքը դուռը պիտի խփի, ներս մտնի»,- հուզմունքով ասում է 41-ամյա Նելլի Դավթյանը, որը պատերազմում կորցրել է 18-ամյա որդուն։

Սամվել Ալավերդյանը ժամկետային զինծառայող էր, պատերազմի ժամանակ թեժ կետերում է կռվել հակառակորդի դեմ, բայց ընտանիքի անդամներին ասել՝ մենք նորեկ ենք, մեզ ոչ մի տեղ չեն տանում։

Նելլին որդու հետ վերջին անգամ կապ է հաստատել հոկտեմբերի 10-ին, ասում է՝ որդին շատ ուրախ էր խոսում․ «Բոլորից հարցրեց, ասում էր՝ ամեն ինչ նորմալ ա, ամեն ինչ տոչնի ա։ Ամսի 11-ին իրա դեպքը տեղի ունեցավ»,- ասում է ու հուզվում որդեկորույս մայրը։

Նելլին պատմում է, որ մինչ կիմանար որդու հետ կատարված դեպքի մասին, նախապես զգացել էր, որ որդուն ինչ-որ բան է պատահել։ 

«Էդ օրը փոքր տղաս զանգեց, ասեց՝ մա՛մ, հոպարն ասում ա՝ պապայենց կանչել են գյուղապետարան, մտածում էինք՝ հավաք ա։ էդ օրը, չգիտեմ ինչի, մտքովս վատ բան էր անցնում, մի ձևի լավ չէի։ Աղջիկս ամուսնացած ա, վեր կացավ, տուն գնար, ասեցի՝ ինչ կլինի, էսօր էլ մնա, մի ձևի լավ չեմ: Հետո որ խոսացինք, ասեցի՝ երևի էլ Սամը չկա, ասեց՝ վա՜յ, մա՛, տենց մի՛ ասա, ասեցի՝ զգում եմ, ոնց որ կեսս չլինի»,- կսկիծով պատմում է մայրը։

Նելլին ասում է՝ արդեն ընտանիքի անդամները տեղեկացել էին, բայց իրեն չէին ասում, ավելի ուշ Նելլին ևս իմանում է ողբերգական դեպքի մասին։

«Սկեսրայրս ինձ բան չէր ասում, ասում էր՝ բալա՛ ջան, քեզ ձիգ պահի, դեռ բան չկա, տեսնենք՝ ինչի համար են կանչել, հետո ասեցին՝ հավաքվենք, գնանք, քեզ մի՛ կորցրու, էդպես գնացինք, ու պարզ դարձավ․․․»,- ասում է Նելլին ու կրկին հուզվում։

Մայրն ասում է, որ որդու մարմինը անձամբ չի տեսել, քանի որ առողջական խնդիրներ ունի, թույլ չեն տվել, որդուն հարազատները ճանաչել են ոտքի սպիով։ 

«Հաջորդ օրը երեխուն բերեցին, էդ ժամանակ մենք երկրորդ անգամ էդ ամեն ինչի միջով անցանք… Հենց թաղման արարողության ժամանակ, որ երեխուն պետք ա դուրս հանեին, ամուսնուս զանգ եկավ: Ասեցին՝ Սամվել Ալավերդյանի հոր հետ ենք խոսում, ասեց՝ հա՛, ասեցին՝ բա Սամվելը ձեզ չի՞ զանգել… Սաղս քարացանք, ամուսինս ասեց՝ չէ՛, բա ասեց՝ հեսա երեխեն կզանգի, ու ես էլ բան չեմ իշում»,- հիշում է Նելլին ու ասում, որ սխալ տեղեկություն էր եղել՝ իբր որդին ողջ է։

«Տղայիս աֆիցերն էր մեզ զանգողը, որ տեսել են՝ երեխուս ավտոն նորմալ ա, ու մի քանի հոգի փրկվել են, Հադրութի անտառներում են եղել, ինչ-որ մեկը նմանացրել ա Սամիս, ասել ա՝ ինքը փախել ա, իրան բան չի եղել, էս մարդն էլ ուզեցել էր մեզ լավություն անել, բայց հակառակը ստացվեց»։

Նելլին ասում է, երբ զանգը ստանում են, չի թողնում որդուն հուղարկավորել, քանի որ մտածում են՝ որդին ողջ է․ «Սաղս խառնվեցինք իրար, սպասեցինք, բժիշկ եկավ, բացեցին, սկեսրայրս մտել տեսել էր, եկավ ասեց՝ չէ՛, բալա՛ ջան, Սամն ա»։

Նելլին պատմում է, որ որդին զոհվել է մարտի դաշտում, երբ մեքենայով գնացել էր սնունդ տեղափոխելու և զոհվածներին դուրս բերելու:

Զոհվելու լուրը ստանալուց սկսած Նելլին ասում է՝ իր կյանքը սուտ դարձավ։

«Սարսափելի վիճակում հայտնվեցինք, սաղ սուտ դարձավ, մանավանդ որ հողերը տվեցին։ Ոնց որ մտածես՝ որ իզուր, խի՞, ինչի՞ համար, իմ երեխեն էսքան կռվել ա, մենակ իմը չէ, ուրեմն շուտ հանձնեիք՝ էսքան երեխեք էլ չզոհվեին»,- մտահոգ ասում է որդեկորույս մայրը։

Սամվելը բարի էր, ընկերասեր, համեստ ու շատ երազանքներ ուներ՝ պատմում է մայրը։

«Յուրահատուկ երեխա էր՝ չափված-ձևված։ Ես ամուսնալուծված եմ, վարձով էինք ապրում։ Սամս ասում էր՝ գնամ բանակ, գամ, տուն եմ առնելու, ասում էր` խոսացել եմ ընկերոջս պապայի հետ, կգամ, ֆուռ կքշեմ, որ քեզ անպայման տուն առնեմ»։

Նելլին ասում է՝ որդին շատ կապված էր իր հետ, գաղտնիքներով կիսվում էր ու միշտ խորհուրդ հարցնում․

«Շատ համեստ էր, եթե պետք ա դուրս գար, մինչև չզանգեր, չէր գնում»,- ասում է մայրն ու ասում՝ օրը 24 ժամ որդու ներկայությունն է զգում, ապրում կարոտով ու որդու մասին հիշողություններով։

Որդեկորույս մայրն ասում է՝ որդուն հուղարկավորել են, բայց մինչև այսօր չի հավատում, որ որդին այլևս տուն չի մտնելու, ասում է՝ «Ես մինչև կյանքիս վերջը իրեն սպասելու եմ»։

Արփինե Արզումանյան

MediaLab.am