Արցախի նախագահի ստորագրած հրամանագիրը թշնամական օրակարգի սպասարկում է. Արտաշես Խալաթյան 

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է սահմանադրական և միջազգային իրավունքի մասնագետ Արտաշես Խալաթյանը

– Պարո՛ն Խալաթյան, ձեր գնահատականն եմ խնդրում Արցախի Հանրապետության նախագահի ստորագրած հրամանագրի վերաբերյալ, համաձայն որի Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի մեկից դադարում է գոյություն ունենալուց: Պետությունը հնարավո՞ր է ստորագրությամբ լուծարել:

– Դա այնպիսի անհեթեթ ձևակերպում է, որ ես իմ ավելի քան տասնամյա իրավաբանական պրակտիկայում նման բան չեմ տեսել ո՛չ միջազգային, ո՛չ այլ հարթակներում: Լուծարվում են կազմակերպությունները ընդհանրապես, «լուծարում» տերմինը բնորոշ է կորպորատիվ հարաբերություններին, երբ հիմնադիրները իրենց ստեղծած իրավաբանական կառույցը լուծարում են: 

Պետությունն ի բնե չի կարող լուծարվել, որովհետև ի տարբերություն կազմակերպությունների՝ այն չի հիմնադրվում կոնկրետ անձանց կողմից ու չի պատկանում նրանց, այլ պատկանում է ժողովրդին: Պետությունը քաղաքական միավոր է, ունի որոշակի տարածք, ունի բնակչություն, որն ընտրում է իշխանություններին: Հետևաբար, պետությունը համեմատել կազմակերպության հետ ոչ միայն ցինիզմի, այլև անգրագիտության գագաթնակետն է, պետությունը չի կարող լուծարվել: Սա ցույց է տալիս այդ հրամանագիրը կազմողների տարրական իրավական անգրագիտությունը: 

Ինչ վերաբերում է պետության գոյության դադարեցմանը, պետք է նախ նշել, որ այդ տխրահռչակ հրամանագրում հղում է արված Արցախի Հանրապետության Սահմանադրության 93-րդ հոդվածին: Մի կողմ թողնենք այն, որ Արցախի Հանրապետությունը չճանաչված է, դա որևէ կերպ չի նշանակում, որ անգամ չճանաչված պետության մեջ իրավակարգ չպետք է գործի, կամ այդ պետության բարձրաստիճան անձը չպետք է ենթարկվի այդ պետական միավորի շրջանակներում գործող օրենքներին: Սա նշանակում է, որ պետության նախագահը պարտավոր էր ելնել այն լիազորությունների շրջանակից, որոնք իր համար սահմանված են: 

Եվ ահա Արցախի Հանրապետության Սահմանադրության 93-րդ հոդվածը, որին հղում է արված, սահմանում է նախագահի լիազորությունները, որոնց շարքում չկա որևէ լիազորություն, որն ուղղակի կամ անուղղակի կերպով նախատեսեր կամ դրանից հնարավոր լիներ բխեցնել, որ նախագահն ունի իր ղեկավարած պետության գոյությունը դարեցնելու լիազորություն, այսինքն՝ Հանրապետության նախագահը նման լիազորություն չունի ու այդ կերպ գերազանցել է իր լիազորությունները: 

Բացի այդ, ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Արցախի Հանրապետության Սահմանադրության առաջին հոդվածը սահմանում է, որ Արցախի Հանրապետությունը ինքնիշխան պետություն է: Այդ Սահմանադրությունն ընդունվել է Արցախի ժողովրդի կողմից, ու այդ առումով միայն Արցախի ժողովուրդն է, որ իրավունք ունի որոշում կայացնել իր կողմից հանրաքվեով ստեղծված պետության ճակատագրի վերաբերյալ, այսինքն՝ Արցախի Հանրապետության նախագահը նման իրավունք չունի: 

Ասեմ ավելին՝ քանի որ Արցախի Հանրապետության Սահմանադրության առաջին հոդվածն անփոփոխելի է, ենթադրվում է, որ ժողովուրդն այլևս իր կողմից կատարված որոշմանը՝ հիմնադրել անկախ պետություն, չի կարող անդրադառնալ կամ չի կարող անդրադառնալ առնվազն Ադրբեջանի օգտին «լուծարվելու» հանգամանքին: Միակ բանը, որ կարող էր բխել Արցախի Սահմանադրությունից, Հայաստանին միանալն էր: 

Բոլոր դեպքերում, եթե Արցախի նախագահն իրեն ներկայացնում է որպես Արցախի ժողովրդի լիազոր ներկայացուցիչ ու, հաշվի առնելով նաև 2020 թվականի պատերազմի հետևանքները, եռակողմ հայտարարությունը և այլն, էլի սահմանադրորեն խոտելի, բայց կարող էր հետևյալ ձևակերպմամբ հրամանագիր ընդունել, որը գոնե քաղաքական ու միջազգային իրավական հատույթում շանսեր թողներ Արցախի հետագա հայկականության, իրավական ճակատագրի ապահովման համար: 

Նա կարող էր նշել, որ որպես ժողովրդի ներկայացուցիչ, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման շրջանակներում, որոշում է կայացնում, որ Լեռնային Ղարաբաղը դառնում է Ադրբեջանի մաս, բայց այստեղ հատկապես նշելով Արցախի ժողովրդի իրավունքների ու անվտանգության երաշխավորմանն ուղղված Ադրբեջանի տված խոստումը, այդ թվում՝ Արցախի ներկայացուցիչների հետ ստորագրված վերջին՝ սեպտեմբերի 20-ի համաձայնագրի շրջանակներում: 

Գոնե այս կերպ ցույց կտար, որ իրացնում ենք Արցախի ինքնորոշման իրավունքը, այն էլ՝ վերապահումով, որ այդ ինքնորոշման իրավունքի իրացումը՝ Ադրբեջանի կազմ վերադառնալը, պայմանավորված է Ադրբեջանի կողմից գրավոր տրված հավաստմամբ, որ կհարգվեն Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքներն ու անվտանգությունը:

Իսկ այս ձևակերպմամբ ու այս տեսքով հրամանագիրը, բացի իրավաբանական անգրագիտությունից, ես կարծում եմ, նաև ունի չարամիտ ու դավադիր տողատակ, որի նպատակն է Արցախը որպես քաղաքական միավոր տարրալուծել Ադրբեջանի կազմում, որ հետագայում այն չլինի անգամ քաղաքական-տարածքային միավոր, որի հանդեպ Արցախի ժողովուրդը կարողանա բանեցնել իր իրավունքները կամ պայքարել դրա համար: 

Այսինքն՝ այս հրամանագրով ընդունվում է, որ Արցախը՝ որպես առանձին վարչատարածքային միավոր, այլևս գոյություն չունի, և, օրինակ՝ հղում անելով այդ հրամանագրին, Ադրբեջանը լրիվ լեգիտիմորեն կարող է հիմնադրել, ենթադրենք՝ մի նոր վարչատարածքային միավոր, օրինակ՝ Գյանջայի վարչատարածքային միավոր դարձնել: Այսպես ասած՝ թշնամական օրակարգի սպասարկում է: 

– Այսինքն՝ այդ հրամանագիրը իրավական ուժ չունի՞:

– Այն առոչինչ հրամանագիր է ու պետական հանցագործություն: Այն անձը, որ նման հրամանագիր է ստորագրել, չխախտելով նրա անմեղության կանխավարկածը, պետք է քրեական հետապնդման ենթակվի, ու այդ շրջանակներում պետք է պարզվեն այն դրդապատճառները, որոնք նրան ստիպել են նման հանցավոր թուղթ ստորագրել:

– Պարո՛ն Խալաթյան, ի՞նչ կարելի է անել այս պարագայում, որպեսզի այդ հրամանագիրը չեղյալ համարվի:

– Միջազգային իրավունքը մեծապես պայմանավորված է նաև ռազմական իրողություններով, այս պահին, ցավոք սրտի, հնարավոր չէ որևէ բան անել Արցախի ժողովրդի կամ որևէ պետական մարմնի կողմից, որովհետև Արցախը դատարկվել է: 

Միակ բանը, որ գուցե հնարավոր է անել, բայց դրա համար էլ պետք է բավականին մեծ աշխատանք տանել, Արցախի վտարանդի կառավարության ձևավորումն է, այսինքն՝ Արցախի կառավարությունը, որը գործում է Արցախի սահմաններից դուրս: Դրա համար պետք է, որ Արցախի խորհրդարանի գոնե այն ողջախոհ պատգամավորները, որոնք համաձայն չեն այս ընթացքին, հավաքվեն Հայաստանում ու խորհրդարանի արտագնա նիստ գումարեն, հայտարարեն, որ նախագահը գերազանցել է իր լիազորությունները, գուցե նաև հեռակա կարգով իմփիչմենթ հայտարարեն նրան: Այդ դեպքում, գոնե պայմանական, առոչինչ ճանաչեն այդ հրամանագիրը: Կամ դիմեն Արցախի Գերագույն դատարան, որն էլի հեռակա հակասահմանադրական կճանաչի այդ հրամանագիրը: 

Այստեղ մնում է միայն պայքարել, կարևոր հանգրվան կլինի, եթե միջազգային հանրությունը դիտորդական կամ այլ առաքելություն ուղարկի Արցախ՝ ամրագրելու էթնիկ զտման փաստը, որն արդեն Հռոմի ստատուտը վավերացնելուց հետո կարող ենք դարձնել Միջազգային քրեական դատարանի ուսումնասիրության, քննության առարկա: Եթե դրանում հաջողենք, գոնե պետականորեն, իրավական առումով, կկարողանանք հետ շրջել այս աղետալի փաստը: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am