Ուխտագնացություն դեպի 1111-ամյա պատմություն ունեցող Վահանավանք

Հունիսի 25-ին Կապանում  մեծ շուքով տոնվեց քաղաքի  գլխավոր սրբավայրերից մեկի`  Վահանավանքի 1111- ամյակը։ Տոնը խորհրդանշական էր նրանով, որ այսօր նշվել է նաև վանական համալիրի ուխտի օրը։ Վաղ առավոտյան ուխտավորներ՝ համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի և հոգևորականների ուղեկցությամբ քայլելով՝  հասան դեպի 10-րդ դարի կառույց։  Միջնադարյան վանական համալիրում ուխտավորները մասնակցել են տոնի առթիվ մատուցված Սուրբ պատարագին։

Այն մատուցվել է Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Մակար Վարդապետ Հակոբյանը, Հոգեշնորհ հայր Գարեգին Վարդապետ Համբարձումյանի, Քաջարանի հոգևոր հովիվ Տեր Շիրակ քահանա Խանոյանի, Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Խաչատուր քահանա Հայրապետյանի և Վահանավանք վանական համալիրի հոգևոր հովիվ Տեր Ավետիք քահանա Մարտիրոսյանի ձեռամբ։ Այնուհետև Տեր Մակար Վարդապետ Հակոբյանի նախագահությամբ և հոգևոր հայրերի մասնակցությամբ կատարվել է Անդաստանի կարգ, որի ընթացքում օրհնվել են աշխարհի չորս կողմերը:

Վահանավանքը հիմնադրվել է   Բաղք  գավառի իշխան Ձագիկի որդի Վահանի կողմից, որից էլ ստացել  է իր անունը։ Տոնական օրը  Վահանավանքը բազմամարդ էր։  Վահանավանքի վանական համալիրի հազարամյա պատմությանը ծանոթանալու, հոգեւոր այս կարեւոր իրադարձության մասնակից լինելու համար  հանրապետության տարբեր վայրերից էին   քաղաքացիները   ժամանել Կապան։ 

Գագիկ Քոչարյանը Երեւանից էր Կապան հասել։ Ասում է, որ 15-ից ավելի ուխտագնացությունների է մասնակցել, սակայն այսպիսի մարդաշատության ոչ մի տեղ ականատես չի եղել։Առաջին անգամ էր Կապանում եւ հաճելիորեն զարմացել էր։ « Մեր ուխտը ամեն ժամ, ամեն օր պետք է նորոգենք։ Մենք քրիստոնյա երկիր ենք, 

Միջոցառման հանդիսավոր մասը  անցկացվեց հենց վանքի կամարների ներքո,որի ժամանակ ներկաները իրենց ելույթներում շնորհավորեցին Վահանավանքի 1111- ամյակը, բացահայտեցին նրա պատմական կարեւոր արժեքը։ Միջոցառմանը ներկա են գտնվել և ողջույնի խոսքով հանդես եկել Տեր Մակար Վարդապետ Հակոբյանը, «Կապանի թանգարանների միավորում» ՀՈԱԿ–ի տնօրեն Արմեն Գևորգյանը, պատմաբան Գրիշա Սմբատյանը, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Աշոտ Մանուչարյանը։

Համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանի խոսքով  Վահանավանքի 1111-ամյակը նշելով՝  նպատակ ունեն, ոչ միայն պարզապես համահավաք հեգեւոր-մշակութային միջավայր ստեղծել համաքաղաքացիների համար,այլեւ շեշտել պատմական ահռելի դերակատարութունը։

«Տեղի ունեցող անընդունելի իրադարձություններն ու մարտահրավերներն են, որ մեզ պարտավորեցնում են սրբորեն պահել ու պահպանել մեր ոչ նյութական արժեքները, անընդհատ բարձրացնել միջազգային հանրության իրազեկությունը մեր պատմամշակութային ժառանգությունների մասին՝ ուշադրությունը սևեռելով փաստերով հիմնավորված վկայությունների վրա: Վահանավանքը մեր հայկական կենսագրության պատմական փաստն է։

Թշնամին ակնհայտորեն խեղաթյուրելով այս պատմական փաստերը չի դադարում կասկածի տակ դնել նաև Սյունիքի հայկական լինելը։ Մեկ անգամ չէ, որ մեր հարևանները հոխորտացել են այս թեմայով՝ մասնավորապես օգտագործելով «Զանգեզուրը Ադրբեջանի պատմական հողերն են» եզրույթը։

Այն ինչ Վահանավանքի վանական համալիրը այն վառ ապացույցներից է, որ այս տարածաշրջանը հնագույն քաղաքակրթության օջախ է, որտեղ հայերը պատմականորեն ապրել են դեռևս այն ժամանակներից ի վեր, երբ ադրբեջանցիները որպես ազգ անգամ գոյություն չեն ունեցել»,-ասաց նա։ 

Տոնական օրը կատարվեց  մատաղի հյուրասիրություն, իրենց կատարումներով օրը գեղեցկացրեցին  «Գեղարդ» երգչախումբը, ազգային երգ ու պարով հանդես եկան Կապանի մշակույթի կենտրոնի ստեղծագործական խմբերը: 

MediaLab.am