Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն ԼՂ շուրջ պայմանավորվածությունների կատարման ընթացքը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում ապրիլի 7-ին հանդիպում կունենա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Ապրիլի 7-ին նախատեսված է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Մոսկվա: Տեղի կունենան բանակցություններ նախագահ Պուտինի հետ: Դուք գիտեք, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև ամենաբարձր մակարդակով ակտիվ երկխոսություն է ընթանում: Նախ և առաջ, իհարկե, քննարկվելու է եռակողմ պայմանավորվածությունների ու եռակողմ փաստաթղթի կյանքի կոչման ընթացքը, որը վերջ տվեց ռազմական գործողություններին Ղարաբաղում»,- ասել է Պեսկովը:

Նա հայտնել է, որ Պուտին-Փաշինյան հանդիպման ընթացքում քննարկվելու են հարցեր՝ կապված Անդրկովկասում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հետ, տեղի կունենա մտքերի փոխանակում Հայաստանում սկսված ընտրական գործընթացի, ինչպես նաև ռուս-հայկական համագործակցության ակտուալ հարցերի շուրջ: