«Արմավիան» շահույթ չի՞ հետապնդի. Սիրիայից Հայաստան «գրեթե անվճար» տոմսերի շուրջ բանակցությունները շարունակվում են

«Արմավիան» շահույթ չի՞ հետապնդի. Սիրիայից Հայաստան «գրեթե անվճար» տոմսերի շուրջ  բանակցությունները շարունակվում են
«Արմավիան» շահույթ չի՞ հետապնդի. Սիրիայից Հայաստան «գրեթե անվճար» տոմսերի շուրջ բանակցությունները շարունակվում են

Ի պատասխան «Մեդիալաբի» հարցմանը քիչ առաջ տարածված հաղորդագրության վերաբերյալ «Արմավիա» ավիաընկերությունը պարզաբանում է, որ Սփյուռքի նախարարության դիմումով կբացվի շաբաթական 2-րդ չվերթը դեպի Սիրիա, սակայն գների շուրջ ընկերությունը չի շտապում հստակ պատասխան տալ:
Ինչպես նախապես տեղեկացրել էինք, այսօր «Արմավիան» պաշտոնապես հայտարարել էր, որ շաբաթական երկրորդ չվերթը իրականացվելու է ՀՀ կառավարության եւ Սփյուռքի նախարարության աջակցությամբ: Հայտարարության մեջ նշվում էր, որ «ավիատոմսերը կլինեն գրեթե անվճար, ինչպես տարիներ առաջ Լիբանանյան դեպքերի ժամանակ:»

«Ընդհանուր ծրագիրը դեռ մշակման մեջ է եւ ընթանում են բանակցություններ, բայց ես կարող եմ ասել, որ տոմսերի արժեքի մեջ կլինեն փոփոխություններ: Ամենակարեւորը չի հետապնդվի շահույթ, եւ ըստ կառավարության մշակած ծրագրի, ծախսերի առումով կլինեն փոխահատուցումներ»,- «Մեդիալաբին» ասում է «Արմավիա» ավիաընկերության ներկայացուցչությունների բաժնի ղեկավար Իզաբելլա Մուրադյանը:

Հիշեցնենք, որ Սիրիայում սկիզբ առած քաղաքացիական պատերազմի հետեւանքով, հայ համայնքը հայտնվել է դժվարին իրավիճակում: Բազմաթիվ սիրիահայեր փորձում են ապաստան գտնել հայրենիքում, սակայն վերջին ամիսներին «Արմավիան» շեշտակի բարձրացրել է տոմսերի գները, ինչն էլ բուռն քննադատությունների ու բողոքի առիթ է հանդիսացել:

Ըստ երեւույթին, տեղի տալով հասարակական ճնշումներին, փորձ է արվում ինչ որ առումով շտկել ստեղծված իրավիճակը:

Շաբաթական երկրորդ չվերթ բացելու փորձ «Արմավիան» ունեցել են նաեւ 2006-ին Լիբանան-Իսրայել պատերազմի ժամանակ, երբ լիբանանահայերին Հայաստան տեղափոխելու համար կրկին բացվել էր 2-րդ չվերթը:

«Չպետք է մոռանալ նաեւ մի շատ կարեւոր հանգամանք, որ մոտակա մի քանի ամսվա մեջ աշխարհի խոշորագույն ավիաընկերություններ դադարեցրել են իրենց չվերթները դեպի Սիրիա: Չնայած վտանգի բարձր ռիսկայնությանը՝ Եվրոպական տարածաշրջանում միայն «Արմավիան» է, որ իրականացնում է չվերթներ դեպի Սիրիա»,- «Մեդիալաբին» ասել է «Արմավիայի» ներկայացուցիչը:

Լիլիթ Առաքելյան

© Medialab.am