«Դիմել եմ քաղաքացիներին, որպեսզի ոչ կուսակցական ձևաչափով ձևավորեն քաղաքացիական անհնազանդության շարժում». Անդրիաս Ղուկասյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Ազատ Հայրենիք» դաշինքի վարչապետի թեկնածու, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը

– Պարո՛ն Ղուկասյան, Վազգեն Մանուկյանը հայտարարություն էր տարածել՝ կոչ անելով ընտրություններին մասնակցող ուժերին հայտարարել, որ իշխանության գալուց հետո չեղյալ են համարվելու Փաշինյանի ու Ալիևի բոլոր գրավոր, բանավոր, հայտնի ու գաղտնի պայմանավորվածությունները: Ի՞նչ կասեք այդ հայտարարության վերաբերյալ՝ որպես ընտրություններին մասնակցող ուժի ներկայացուցիչ

– «Ազատ Հայրենիք» դաշինքի հաղթանակի դեպքում մենք չեղյալ ենք հայտարարելու Նիկոլ Փաշինյանի ընդունած բոլոր որոշումները՝ ռուս-ադրբեջանական եռակողմ ֆորմատի վերաբերյալ:

– Նույն հայտարարության մեջ Մանուկյանը անհրաժեշտ էր համարում, որ Զինված ուժերը ամբողջությամբ իրենց ձեռքը վերցնեն երկրի պաշտպանությունը: Ըստ Ձեզ, ի՞նչ կլինի այդ դեպքում:

– Չեմ կարծում, որ դա հարցի լուծում է, դա կարող է վատթարացնել այսօրվա քաղաքական վիճակը: Դա նշանակում է հանրությանը դուրս մղել մեր երկրի ճակատագիրը որոշելուց և քաղաքական ուժերի ու ռազմական վերնախավի միջոցով վերցնել պետական կառավարման ղեկը, ինչն այսօր ճիշտ չէ:

Ես դիմել եմ քաղաքացիներին, որպեսզի ոչ կուսակցական ձևաչափով ձևավորեն քաղաքացիական անհնազանդության շարժում, նախապատրաստեն այդ գործողությունները, իսկ կուսակցությունները, իմ համոզմամբ, նման գործում կարող են բացառապես աջակցի դերում լինել:

Մեր երկրում կուսակցությունները չեն կարող գլխավորել քաղաքացիական անհնազանդությունը, դեկտեմբերին հանրությունը մոբիլիզացնելու Վազգեն Մանուկյանի փորձը ցույց տվեց, որ դա անհնար է, որովհետև յուրաքանչյուր կուսակցություն ունի իր համախոհների և մրցակիցների բաժանում, և երբ ինչ-որ կուսակցություններ փորձում են այսպիսի լայն քաղաքացիական շարժում ստեղծել, ապա անպայման առաջանում է մի իրավիճակ, որ այդ կուսակցությունների համախոհները միանում են շարժմանը, բայց մյուս քաղաքացիները չեն միանում:

Հաջողության են հասնում այն շարժումները, որոնք ղեկավարվում են բացառապես ոչ կուսակցական ներկայացուցիչներով: Հետևաբար, այդ երրորդ կետով մենք համարում ենք, որ մեր դաշինքը կարող է իր բոլոր հնարավորությունները ընձեռել այն քաղաքացիական շարժմանը, որը կնախաձեռնեն ազնիվ ու մաքուր կերպարներ:

Վազգեն Մանուկյանը, ըստ էության, մտավախություն է հայտնում, որ արտահերթ ընտրությունները լինելու են ոչ արդար ու թափանցիկ: Նման մտավախություն դուք և՞ս ունեք:

– Նիկոլ Փաշինյանն անցյալում հանդես էր գալիս բացահայտումներով, որ մեր երկրում ստեղծված է ընտրակեղծարարության մեքենա, որը գլխավորում է Տիգրան Մուկուչյանը:

Այսօր այդ մեքենան ապամոնտաժված չէ, և, իհարկե, կա այդ վտանգը, որ այդ մեքենան գործի կդրվի: «Քաղաքացիական պայմանագիրը» պնդում է, որ հանրությունը կուռ հավատքով պետք է վստահի իրեն, իրենք ողջամիտ բացատրություն չունեն, թե ինչու այդ մեքենան առ այսօր չեն ապամոնտաժել:

Երկրորդ խնդիրը վարչական ռեսուրսի կիրառումն է, որն արդեն կա, բազմաթիվ ահազանգեր կան, որ իշխող կուսակցությունն այդ գործիքներն օգտագործում է:

Երրորդ մտահոգիչ հանգամանքն էլ այն է, որ բազմաթիվ տեղեկություններ կան այն մասին, որ քաղաքացիներին նյութական առաջարկներ են արվում, ինչն օրենքով արգելված է, սակայն տեսնում ենք, որ որոշ քաղաքական ուժերի մոտ այդ հարցում ազատություն կա, և հանրության մեջ համատարած է այն պատկերացումը, որ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը լայն խոստումներ է տալիս և գումարային առաջարկներ անում:

Սա վկայում է, որ, այո՛, այս ընտրությունների ազատ, թափանցիկ, արդար լինելու համար արդեն լուրջ կասկածներ կան:

 – Պարո՛ն Ղուկասյան, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի լարվածությանը, վարչապետի պաշտոնակատարը հայտարարեց, որ Ադրբեջանին ինչ-որ մեկը ստիպում է սադրանքների գնալ: Ոմանք նշեցին, որ խոսքը Ռուսաստանի Դաշնության մասին էր: Ձեզ համար պա՞րզ է, թե ո՛ւմ էր ակնարկում Նիկոլ Փաշինյանը:

– Չգիտեմ՝ ում նկատի ուներ, բայց ակնհայտ է, որ այս լարվածությունն առաջացավ Լավրովի՝ Երևան և Բաքու կատարած այցերից հետո: Պարզ է, որ Մոսկվան առաջ է քաշում եռակողմ ձևաչափ՝ սահմանները հաստատելու հարցում:

Այստեղ ես գաղտնիքներով խոսելու իմաստը չեմ տեսնում, եթե Նիկոլ Փաշինյանը համարձակություն չունի իրերն իրենց անունով կոչել, դա վկայում է, որ ինքը գտնվում է համապատասխան ազդեցությունների ներքո, իսկ ցանկացած դիտորդի համար, որը վերլուծում է իրադարձությունների շղթան, պարզ է, որ Ադրբեջանի գործողություններն ունեն Ռուսաստանի հովանավորչությունը:

Թուրքիայի և նրանց նպատակն է ստիպել Հայաստանին համակերպվել նրա հետ, որ արցախահայությունը պետք է ապրի Ադրբեջանի կազմում՝ ազգային փոքրամասնության կարգավիճակով, Ռուսաստանի զորքերի պաշտպանության ներքո:

Քրիստինե Աղաբեկյան

Medialab.am