Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման պատճառով երկրում ստեղծված հումանիտար իրավիճակով պայմանավորված՝ մի շարք խոչընդոտներ են առաջացել բնակչության բնականոն կյանքի կազմակերպման համար, այդ թվում՝ տարբեր ապրանքների ձեռքբերման համար մարդկանց մասսայական հերթերի առաջացումը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:
«Համացանցում շրջանառվող այս և Արցախի հումանիտար ճգնաժամը բնութագրող տարբեր նյութերում հաճախ են պատահում մարդկանց բաց դեմքերով նկարահանած լուսանկարներ ու տեսանյութեր և դրանց, ըստ երևույթին, առանց համաձայնության տարածումը:
Ելնելով վերոնշյալի հետ կապված՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին ներկայացված բազմաթիվ դժգոհություններից՝ Պաշտպանը կրկին կոչ է անում հանրությանը՝ հարգել մարդկանց անձնական կյանքի և արժանապատվության իրավունքը և զերծ մնալ նման լուսանկարներ հրապարակելուց՝ մարդկանց ավելորդ անհարմարություններ չպատճառելու համար ստեղծված՝ առանց այն էլ բարդ իրավիճակում»,- գրել է Ստեփանյանը: