«Ֆեյքերի և մանիպուլյացիաների դեմ ռեպրեսիվ մեթոդներով աշխատելը դժվար թե կարող է արդյունավետ լինել». Փորձագետներ

«Ֆեյքերի և մանիպուլյացիաների դեմ ռեպրեսիվ մեթոդներով աշխատելը դժվար թե կարող է արդյունավետ լինել». Փորձագետներ
«Ֆեյքերի և մանիպուլյացիաների դեմ ռեպրեսիվ մեթոդներով աշխատելը դժվար թե կարող է արդյունավետ լինել». Փորձագետներ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ԱԱԾ-ին տրված հանձնարարականը՝ ֆեյքերի և մանիպուլյացիաների դեմ պայքարելու մասին, կարող է վնասել խոսքի ազատությանը: «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

«Իհարկե վիճակը բավական լուրջ է, ինչի մասին բարձրաձայնել են և՛ քաղաքական ուժերի ներկայացուցիչները, և՛ հասարակական գործիչները: Բայց այն հանձնարարությունը, որը վարչապետը տվեց ԱԱԾ ղեկավարին, կարծում եմ, շատ բարդ է և անիրականանալի է, քանի որ ֆեյքերի և առհասարակ մանիպուլյացիաների դեմ ռեպրեսիվ մեթոդներով աշխատելը դժվար թե կարող է արդյունավետ լինել: Էլ չեմ ասում, որ դա իսկապես կարող է վնասել խոսքի ազատությանը և բացասաբար ազդել նաև մեր միջազգային վարկանիշի վրա»,- ասում է Աշոտ Մելիքյանը:

Հիշեցնենք, կառավարության ապրիլի 4-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին հանձնարարեց քայլեր ձեռնարկել սոցցանցերում ու լրատվամիջոցներում մանիպուլյացիոն տեղեկատվության դեմ:

«Այո՛, մեր երկրում խոսքի և տեղեկատվության ազատությունը երաշխավորված է, բայց եթե որոշ հանցավոր շրջանակներ միլիոններ են ծախսելու սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում՝ հասարակական կարծիքի մանիպուլյացիաներ անելու համար, դա ազգային անվտանգության խնդիր է: Եվ ես հույս ունեմ, որ ձեր ծառայությունը կկարողանա այս հարցում ապահովել կոնկրետ արդյունքներ: Այս տիպի մանիպուլյացիաները պետք է շատ կոշտ հակահարված ստանան, և ՀՀ օրենսդրությունը նման հնարավորություն տալիս է՝ որևէ կերպ կասկածի տակ չդնելով Հայաստանում խոսքի ազատության իրավունքը»,- ասել էր վարչապետը:

Աշոտ Մելիքյանի խոսքով՝ երբ վարչապետն ասում է, որ գործող օրենսդրությունը բավարար է այդպիսի կոշտ պայքարի համար, դա այնքան էլ այդպես չէ:

Օրենսդրությունը նախատեսում է, օրինակ՝ ռասայական, կրոնական և այլ տիպի խտրականության, պատերազմ քարոզելու, այլ տեսակի անհանդուրժողականություն տարածելու, բռնությունների կոչերի դեմ պայքար: Այս դեպքերի համար օրենսդրությունը պատիժ նախատեսում է, բայց մանիպուլյացիաների, ֆեյք լուրերի առումով օրենսդրությունը գրեթե ոչինչ չի ասում: Հետևաբար, ըստ Մելիքյանի, ամենևին էլ հիմնավորված չէ օրենքին հղում կատարելը:

«Եթե մենք որոշումը թողնենք ուժային կառույցների վրա, թե ո՛ր մանիպուլյացիայի համար պետք է պատասխանատվություն կրի այս կամ այն անձը, որի համար՝ ոչ, դա շատ սուբյեկտիվ մոտեցում է և իսկապես լուրջ սպառնալիք կարող է հանդիսանալ խոսքի ազատության համար: Եվ այս առումով վարչապետի տարանջատումը, որ խոսքի և տեղեկատվության ազատությունը մեզ համար բացարձակ արժեք է, բայց մանիպուլյացիաների դեմ ուժային միջոցներով կոշտ պայքար ենք վարելու, սա իրար հակասող մոտեցում է»,- ասում է նա:

Հարցին, թե ի՛նչ մեթոդներով պետք է պայքարել այս երևույթների դեմ, Աշոտ Մելիքյանը պատասխանեց, թե նախ պետք է այնպիսի մշակույթ մշակվի Հայաստանում, որ խոսքի պատասխանը խոսքը լինի: Այս առումով և՛ իշխանությունները, և՛ այլ քաղաքական ուժեր կարող են նախաձեռնող կլինել: Պետությունն ամբողջ հնարավորությունը պետք է կիրառի պատասխանի և հերքման իրավունքի, պարզաբանումներ տրամադրելու հնարավորություններն օգտագործելու համար:

«Կառավարությունը բավական մեծ հնարավորություններ ունի այդ առումով, օրինակ՝ ունի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի շատ մեծ ՊՈԱԿ, որը կարող է բավական մեծ քանակի տեղեկատվություն տարածել և պարզաբանումներ տալ՝ ինչը ապատեղեկատվություն է, հերքել՝ որտեղ պատասխաններ պետք է տրվեն»,- ասում է նա:

Բացի դա, ըստ մասնագետի, պետք է պրոֆեսիոնալ աշխատեն գերատեսչությունների մամուլի ծառայությունները: Իհարկե, ըստ նրա, անհրաժեշտ են նաև օրենսդրական փոփոխություններ, որպեսզի դաշտը համապատասխանեցվի այսօրվա իրավիճակին: Բայց այդ ամենը, ըստ Մելիքյանի, չպետք է շփոթել ռեպրեսիվ մեթոդների հետ:

Նրա խոսքով՝ մանիպուլյացիայով շատ հաճախ զբաղվում են ոչ միայն անհայտ մարդիկ, այլ նաև հայտնիներ, ովքեր «կեղտոտ մեթոդներով» ապատեղեկատվություն են տարածում: Բայց դա ամենևին չի նշանակում, որ այդ մարդիկ պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն: Այդ ամենը պետք է հերքվի, անարգանքի սյունին պետք է գամել նման մարդկանց, ամեն ինչ անել, որպեսզի նրանց գործունեությունն արհամարհվի հասարակության կողմից:

«Քաղաքակիրթ երկրում մոտեցումներն այսպիսին պետք է լինեն, բայց ԱԱԾ-ին հանձնարարել, որ զբաղվի իրեն ոչ բնորոշ գործունեությամբ, դա այլ հարց է»,- հավելում է նա:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր նախագահ Շուշան Դոյդոյանը շատ վտանգավոր որակեց վարչապետի այդ հանձնարարականը: «Ես կարծում եմ, որ դա ավելի շատ եղել է պահի տակ կայացված որոշում, ոչ թե հանգամանալից քննարկված: Եվ դրա պատճառներն էլ եմ հասկանում: Այն ամբողջ ապատեղեկատվությունը, աղբը, որ այսօր շատ է, ողողել է համացանցը: Եվ իսկապես դժվար է թացը չորից տարբերելը, որն է ճիշտ, որը՝ կեղծ: Բայց դա չի նշանակում, որ պետք է պահի տակ նման վտանգավոր և չհիմնավորված բանավոր հանձնարարականներ տրվեն՝ առանց դրա տակ ունենալու իրավական հիմքեր, օրենսդրական կարգավորումներ և լուծումներ»,- «Մեդիալաբին» ասաց Շուշան Դոյդոյանը:

Նրա խոսքով՝ այս խնդիրը միայն Հայաստանին հատուկ չէ: Ամբողջ աշխարհն այսօր այդ մարտահրավերի առաջ է: Եվ աշխարհում այսօր փորձում են լուծումներ գտնել՝ ինչպես անել, որ սոցիալական ցանցերը հեղեղած ապատեղեկատվությունը, որը հաճախ տարածվում է հենց անանուն օգտատերերի կողմից, որոշակիորեն կանխվի կամ ինչ-որ իրավական հետևանքներ ունենա տարածողների համար: Եվ դրա լավագույն լուծումները, ըստ մասնագետի, դեռ գտնված չեն, արվել են որոշակի փորձեր որոշ երկրների կառավարությունների կողմից, որոշ երկրներ, այդ թվում՝ Ֆրանսիան, ձախողել են:

«Այնպես որ, պահի տակ որոշել ու փորձել նման հանձնարարականով այսքան խորքային խնդիրը լուծել, սա ես կարծում եմ՝ շատ կարճաժամկետ է և առանց ամբողջ խնդիրը պատկերացնելու քայլ է, որը, այո՛, հղի է վտանգներով: Առաջին հերթին սա հարվածելու է կառավարության հասցեին առողջ քննադատություն հնչեցնող մամուլին: Իրականում նրանք, ովքեր կեղծ տեղեկատվություն ու աղբ էին տարածում, էլի շարունակելու են դա անել: Անհնար է որոշել՝ ո՛րն է մանիպուլյացիան, ի՛նչ նկատի ունեն՝ մանիպուլյացիա ասելով: Նման իրավական սահմանում գոյություն չունի, թե ինչ է մանիպուլյացիան, որպեսզի ըստ այդմ իրավապահ մարմինները գնահատական տան»,- նշում է նա:

Հաջորդ խնդիրը, ըստ Շուշան Դոյդոյանի, այն է, որ հասցեատերը սխալ է ընտրված, ԱԱԾ-ն այստեղ որևէ անելիք չունի: ԱԱԾ-ի լիազորությունները սահմանված են օրենսդրությամբ, որտեղ ընդհանրապես այդ մասին ոչինչ չկա:

Այս գործելաոճը, Դոյդոյանի խոսքով, կարող է բերել լուրջ գրաքննության ճիշտ աշխատող մամուլի պարագայում: Լրագրողներն արդեն նախքան գրելը մի քանի անգամ կմտածեն՝ արժի արդյոք այս ամենի մասին բարձրաձայնենք, հրապարակենք, բա որ խնդիրներ ունենանք ԱԱԾ-ի հետ: «Սա ուղղակիորեն բերում է կանխավարկածի, որ տեղի է ունենալու խոսքի ազատության սահմանափակում արդեն իսկ խմբագրությունների կողմից: Էլ չեմ ասում, որ ԱԱԾ-ն կարող է չհիմնավորված միջամտություն կատարել»,- ասում է նա:

Մյուս կարևոր հարցը, Շուշան Դոյդոյանի խոսքով, այն է, որ անանուն կամ կեղծանունով հանդես գալը մարդու իրավունքն է: Դա ազատ խոսքի և արտահայտվելու ազատության, մյուս կողմից՝ մարդու կյանքի գաղտնիության իրավունքների բաղկացուցիչ մասն է: Մարդն ուզում է գաղտնի մնալով՝ ազատ արտահայտվել: Եվ պետությունը պետք է երաշխավորի նաև այս իրավունքի երաշխավորումը:

«Հիմա ասում են՝ բա որ կեղծ անունով ապատեղեկատվություն են տարածում: Ապատեղեկատվություն չի կարելի տարածել ինչպես անունով, այնպես էլ կեղծանունով: Բայցարձակապես այս հանգամանքը նշանակություն չունի, էական նշանակություն ունի տեղեկատվության բովանդակությունը՝ արդյոք դա կեղծ է, վիրավորանք, թե զրպարտություն կամ պետական անվտանգությանն է վնաս հասցնում: Եկեք չմոռանանք, որ մեր ամենահայտնի գրողները 19-րդ դարում կեղծանուններով էին հանդես գալիս: Հիմա մենք ո՞ւր ենք ուզում գնալ, առաջ, թե՞ ավելի հետ, քան 19-րդ դարն է»,- ասում է նա:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am