Իրանը Հայաստանի և տարածաշրջանի անվտանգությունը համարում է իր անվտանգությունը. ԻԻՀ արտգործնախարար

Իրանը Հայաստանի և տարածաշրջանի անվտանգությունը համարում է իր անվտանգությունը, և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսություն հիմնելու Իրանի կառավարության որոշումն այն կարևորության դրսևորումն է, որ ԻԻՀ-ն տալիս է հայ ժողովրդի հետ հազարամյա հարաբերություններին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հոկտեմբերի 21-ին Կապանում գլխավոր հյուպատոսության բացման արարողությանն իր ելույթում:

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը նախ նշեց, որ Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը պրոֆեսիոնալ դիվանագետներից է: Նա վստահություն հայտնեց, որ Կապանում հյուպատոսության աշխատակիցներն իրենց պարտականությունները կատարելու ընթացքում կունենան Իրանի կառավարության, Երևանում ԻԻՀ  դեսպանության, ՀՀ կառավարության, Սյունիքի մարզի և Կապան քաղաքի ղեկավարության աջակցությունը և, իհարկե, տեղի բնակչության բարեհաճ վերաբերմունքը:

«Կապանում գլխավոր հյուպատոսություն հիմնելու Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության որոշումն այն կարևորության դրսևորումն է, որ Իրանի կառավարությունն ու ժողովուրդը տալիս են Իրանի և հայ ժողովրդի հազարամյա հարաբերություններին: Ես ուզում եմ Կապանի հարգարժան և հյուրընկալ քաղաքացիների ներկայությամբ հայտնել, որ Իրանը Հայաստանի և տարածաշրջանի անվտանգությունը համարում է իր անվտանգությունը: Մեր քաղաքականությունն է՝ հարգել տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև միջազգայնորեն ճանաչված սահմանները»,-ասաց Իրանի ԱԳ նախարարը:

Նախարարը հույս հայտնեց, որ թե Երևանում դեսպանության, թե Կապանում հյուպատոսության գործընկերների  ջանքերի շնորհիվ կաշխատեն երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերություններն ավելի զարգացնել:

Աբդոլլահիանն ընդգծեց, որ Սյունիքի մարզը հանդիսանում է  հյուսիս-հարավ միջանցքի կարևորագույն հատվածներից մեկը: «Մենք Հայաստանը համարում ենք հյուսիս-հարավ մայրուղու վրա գտնվող կարևորագույն երկրներից մեկը: Եվ մենք մեր առավելագույն ջանքերը կգործադրենք, որ այս տարանցիկ ուղին, ինչպես նաև ապրանքափոխադրումները, ուղևորափոխադրումներն այս ուղով ավելի զարգանան»,-ասաց Իրանի ԱԳ նախարարը:

Վերջում նա փոխանցեց Իրանի կառավարության և ժողովրդի ջերմ ողջույնները: