ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետը հանդիպել է ԵՄ անդամ երկրների՝ Արևելյան գործընկերության հարցերով դեսպանների և հատուկ բանագնացների հետ

Ապրիլի 21-ին ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանն առցանց հանդիպում ունեցավ ԵՄ անդամ տասնինը երկրների՝ Արևելյան գործընկերության հարցերով դեսպանների և հատուկ բանագնացների հետ: 

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց ս.թ. մարտի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին, որը  հանդիսանում է ՀՀ բարեփոխումների օրակարգի առանցքային հիմքերից մեկը, ինչպես նաև Արևելյան գործընկերությանը՝ որպես ընդհանուր արժեքների և նախանշված նպատակների հիման վրա ձևավորված հարթակի: 

Կողմերն անդրադարձան նաև տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող մի շարք հարցերի: Տիգրան Սամվելյանն իր գործընկերներին ներկայացրեց Արցախում հումանիտար իրադրությունը և վերջինիս կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։ ԱԳՆ Եվրոպայի վարչությանը պետը գործընկերների ուշադրությունը հրավիրեց նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Ադրբեջանի նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցների չկատարման հանգամանքի վրա։

Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ-ից։