ՀՀ-ում ԵՄ դեսպանը խորհրդակցությունների շարք է սկսել Հայաստանին տրամադրվելիք ԵՄ աջակցության առաջնահերթությունները սահմանող բազմամյա ինդիկատիվ ծրագրի շուրջ

Փետրվարի 12-ին ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը մեկնարկեց 2021-2027 թվականներին Հայաստանին տրամադրվելիք ԵՄ աջակցության առաջնահերթությունները սահմանող բազմամյա ինդիկատիվ ծրագրի շուրջ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ խորհրդակցությունների շարքը։

Կայացավ նախատեսված երեք հանդիպումներից առաջինը։ Խորհրդակցությունների նպատակն է հնարավորություն տալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններին իրենց տեսակետը ներկայացնելու այն առաջնահերթ ոլորտների և խնդիրների վերաբերյալ, որոնք պետք է կարևորվեն և աջակցություն ստանան ապագայում ԵՄ կողմից:

«ԵՄ-ն տրամադրում է էական աջակցություն Հայաստանի մի շարք ոլորտների և բնագավառների զարգացման ուղղությամբ, մենք կշարունակենք տրամադրել ֆինանսական և փորձագիտական աջակցություն և ծավալել երկխոսություն, որը կաջակցի Հայաստանին՝ զարգացնելու այս գեղեցիկ և տաղանդաշատ երկիրը։ Ակնկալում եմ լսել ձեր մտքերն ու առաջարկները և շնորհակալ եմ մեզ հետ այս գործընթացում ներգրավվելու հետաքրքրություն ցուցաբերելու համար», – բացման ելույթում նշեց դեսպան Վիկտորինը։

European Union in Armenia