ԵՄ երկրների ղեկավարները կոչ են անելու երրորդ երկրներին չխառնվել ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակին

Եվրամիության անդամ երկրների ղեկավարները հոկտեմբերի 1-2-ին կայանալիք գագաթնաժողովում երրորդ երկրներին կոչ են անելու չխառնվել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բրյուսելում լրագրողներին այս մասին ասաց ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը:

 «Այո, կլինեն», – ասաց նա ՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք համապատասխան հայտարարություն կլինի ԵՄ գագաթնաժողովից հետո:

Դիվանագետը նաև ասել է, որ ԵՄ առաջնորդները կոչ են անելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները: «Գագաթնաժողովում կոչ կանեն անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, քանի որ իրավիճակը ծայրաստիճան մտահոգիչ է», – ասաց նա:

Նրա խոսքով`  Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը բանակցություններ է վարում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ ԵՄ գագաթնաժողովի նախօրեին:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, դպրոցները, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախում ընդհանուր առմամբ զոհվել է 7 քաղաքացի: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայկական Զինուժն ունի 80 զոհ և շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ ՀՀ-ում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 790 կորուստ և 1900 վիրավոր: Հակառակորդը կորցրել է 75 անօդաչու թռչող սարք, 7 ուղղաթիռ, 137 տանկ և զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 3 ինժեներատեխնիկական ծանր զրահատեխնիկա, 4 զրահափոխադրիչ: Ոչնչացվել են հակառակորդի մեծ թվով կենդանի ուժ, սպառազինություն և ռազմական տեխնիկա, այդ թվում՝ «ՏՕՍ-1Ա» ծանր հրետանային համակարգ: