«Հայ գերիների հարցով պետք էր դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, չէ՞ որ պատերազմական հանցագործություններ են կատարվել». Սիրանուշ Սահակյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան, ՄԻԵԴ-ում հայ գերիների հարցերով ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը

– Տիկի՛ն Սահակյան, նախընտրական քարոզարշավի ժամանակ իշխանական թեկնածուն հայտարարեց՝ մեկ-երկու ամիսն ինչ է, որ մեր գերի եղբայրները չսպասեն: Սակայն ընտրություներից գրեթե երկու ամիս է անցել, բայց գերիների վերադարձման մասին որևէ խոսք չկա: Գերիների հարազատներն էլ վերջերս ակցիա էին անում կառավարության շենքի դիմաց: Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ փուլում է գործընթացը:

– Միգուցե պաշտոնական կամ ներկուսակցական տրամադրություններին տեղյակ չլինեմ, բայց վստահաբար՝ գործընթացի վրա ազդող գործոններին տիրապետում եմ, և գործընթացի վրա ներազդող կառույցների, անձանց հետ գտնվում ենք կապի մեջ, հետևաբար, շատ լավ պատկերացումներ ունենք, թե որ դեպքում կարող են տեղաշարժեր ու հետընթացներ լինել:

Հասկանալի է, որ այդ հարցի լուծումը չի գտնվում մեր երկրի վարչապետի հնարավորության սահմաններում: Այլ հարց է, որ արտաքին հարաբերություններում ճիշտ տեղակայվելով՝ հնարավոր է գործընկեր պետությունների կամ կառույցների ներուժը օգտագործել ի շահ մարդասիրական խնդիրների լուծման:

Եվ ահա այստեղ է, որ եթե ճիշտ պրոցեսներ տարվեն բանակցություններում, առաջընթաց կարձանագրվի:

Կա մի հանգամանք, և դա այն է, որ ռազմագերիների խնդիրը կապվել է որոշակի պահանջների կատարման հետ, և իրականում ռազմագերիները ընդամենը պատանդներ են, որոնց Ադրբեջանը պահում է, որ հասնի Հայաստանին ուղղված պահանջների լիարժեք կատարման: Այդ պահանջները, ընդ որում, տարաբնույթ են, ներառում են ինչպես, օրինակ՝ քարտեզների տրամադրում, տարածքների զիջում, զորքերի դուրսբերում և այլն: Այս գործիքը կիրառվում է Հայաստանից որոշակի օգուտներ քաղելու համար:

Քանի դեռ բանակցություններում տարակարծությունենր կան, Ադրբեջանը շտապողականություն չի ցուցաբերում վերադարձի հարցում և թատերականացված դատավարություններով ուղերձներ է հղում Հայաստանի իշխանություններին:

Օրինակ՝ ինձ համար տարօրինակ չէր, որ նույն Խծաբերդի տղաների մի մասին պատիժ սահմանվեց 6 ամսվա ազատազրկում, մյուսներին՝ 6 տարի: Երբ բանակցությունները հարթ էին ընթանում, 6 ամիս դատապարտելով ու ազատ արձակելով ցույց տվեց բարիդրացիական հարաբերություններ, բայց երբ սահմանային միջադեպեր եղան, ու սրվեցին հարաբերությունները, ավելի խիստ պատիժներ սահմանվեցին՝ դրանով ցույց տալով, որ հնարավորությունները Ադրբեջանի ձեռքին են և, ըստ անհրաժեշտության, կարող են գործընթացը ձգձգել:

– Ճիշտ է՝ ասում եք, որ Հայաստանի իշխանությունների ձեռքին չէ հարցի լուծումը, բայց, այդուհանդերձ, ի՞նչ հնարավորություն են բաց թողնում իշխանությունները, որ կարելի էր գործի դնել՝ ազդելու վերադարձման գործընթացի վրա:

– Ես ասում եմ, որ Հայաստանի իշխանությունների հնարավորությունները սահմանափակ են, բայց երբեք չեմ կիսում այն տեսակետը, որ իշխանությունների որոշումներն ու դիրքորոշումը գործընթացի վրա ազդեցություն չունեն:

Հակառակը՝ դրանք վճռորոշ գործոններ են՝ կախված նրանից, թե ինչպես կփոխհարաբերվեն ազդեցիկ գործընկեր երկրների հետ, դրանից մեծապես կախված է, թե արդյոք այդ երկրները կօգնեն ու ճնշում կբանեցնե՞ն Ադրբեջանի վրա մեր խնդիրները լուծելու տեսանկյունից: Դրա համար իշխանությունների աշխատանքը կենտրոնական է այդ խնդրում առաջընթացի հասնելու համար:

Երբ որոշակի առումով ձեռք բերված պայմանավորվածությունները խախտվում են, և ռազմագերիների խնդիրը դառնում է սակարկությունների առարկա, Հայաստանի իշխանությունները դիմում են ոչ թե կոշտ միջոցների, ոչ թե ապալեգիտիմացնում են բանակցային հարթակը՝ դիմելով բարձր միջազգային ատյաններ, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, այլ սկսում են համագործակցող կեցվածք դրսևորել: Եվ սա է, որ անընկալելի է:

– Այսինքն՝ դուք կարծում եք, որ հայ գերիների հարցով անհրաժեշտ էր դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ:

– Միանշանակ: Նախ ոչ միայն՝ ՄԱԿ, այլ նաև այլ կառույցներ: Ռազմագերիներին չհայրենադարձնելը պատերազմական հանցագործություն է: Բացի այդ, կատարվել են նաև պատերազմական այլ հանցագործություներ՝ սկսած գերիների խոշտանգումներից, միտումնավոր, կամայական նրանց կյանքից զրկելուց՝ վերջացրած քաղաքացիական բնակչությանը սեփական բնակարաններում կոտորելով:

Այս արարքների առնչությամբ միջազգային գործընկերները կարող են սանկցիաներ կիրառել ինչպես պետության, այնպես էլ պետության բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ:

Նույն Բելառուսի օրինակով տեսնում ենք, որ անգամ մեկ լրագրողի իրավունքների խախտման պարագայում կարող են տնտեսապես ազդեցիկ տարրերին ճնշել, բնակչությանը նեղել, քաղաքական էլիտային անհարմարություններ ստեղծել, որը խարխլելու է նրանց իշխանությունը և ստիպելու է գործել ըստ պահանջների:

Հնարավոր էր Ալիևների ընտանիքին ճնշել, ինչպես նաև գործարար տարրերին որոշակի սանկցիաների ենթարկել: Պարզապես այս պարագայում հայկական կողմը պետք է ճիշտ աշխատեր, ճիշտ դիվանագիտական աշխատանքի միջոցով դիվանագիտական սանկցիաներ կիրառեին:

– Դուք հայ գերիների հարցով դիմել էիք Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ), կա՞ որևէ առաջընթաց այդ հարցում:

– Պատերազմի ընթացքում 19 հայ գերիների խոշտանգումների գործերը ՄԻԵԴ ուղարկվել են, և գերիների մի մասի հարցով հասել ենք առաջնահերթության խնդրանքների բավարարման: 19 հայեր խոշտանգվել ու սպանվել են ադրբեջանցի զինծառայողների կողմից: Այս գործերով վերադարձի ակնկալիք չունենք, և մեր նպատակը կյանքի իրավունքի խախտման, խոշտանգումների փաստերի արձանագրումն է, ինչպես նաև հակահայկական քաղաքականության վերահաստատումը:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am