Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոսության տարածքում ընթանում են Դաշնային ժողովի Պետդումայի ընտրությունները

Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոսության տարածքում  գտնվող թիվ 8031 ընտրատեղամասում ընթանում են Ռուսաստանի Դաշնության  ութերորդ գումարման Դաշնային ժողովի Պետական դումայի ընտրությունները: Այս տեղամասում իրենց քաղաքացիական պարտքն  են կատարում Շիրակի ու Լոռու մարզերում ժամանակավոր գտնվող ՌԴ քաղաքացիները:

ՌԴ գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովն «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ  Հայաստանում գործող  6 ընտրատեղամասերից 4-ը գտնվում են Շիրակի մարզի տարածքում, որից մեկը՝ ՌԴ գլխավոր հյուպատոսարանում և երեքը՝ ռուսական 102-րդ ռազմական բազայում։

«Ամեն ինչ նորմալ  ընթանում է։ Գոհ եմ քաղաքացիների մասնակցությունից: Ուրախալի է ՌԴ քաղաքացիների նման վերաբերմունքը իրենց քաղաքացիական պարտականության հանդեպ: Վստահ եմ՝ ընտրություններին մասնակիցների  թիվը օրվա ընթացքում կավելանա»,- նշեց ՌԴ գլխավոր հյուպատոսը՝ տեղեկացնելով, որ տեղամասը բաց կլինի մինչև ժամը 20:00-ն, որից հետո հանձնաժողովը կանցնի հաշվարկին:

Պետդումայի ընտրություններում քվեարկությունն այս տարի անցկացվում է սեպտեմբերի 17-19-ը, միաժամանակ տեղի են ունենում տարածաշրջանային ու մունիցիպալ ընտրություններ: