Դատախազությունը հերքում է ԱԺ փոխնախագահին․ ադրբեջանցիները կիլոմետրով առաջ են եկել Սյունիքում․ FIP.am

Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը նոյեմբերի 15-ին Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման ժամանակ, անդրադառնալով Հայաստանի արևելյան սահմանին ստեղծված իրավիճակին, ասել էր, որ ադրբեջանական զինված ուժերը Հայաստանի տարածքում կիլոմետրային առաջխաղացում չեն ունեցել։

Ռուբինյանը, մասնավորապես, ասել էր․ «Այստեղ խոսքը մի հատվածի մասին է, որտեղ ներխուժում տեղի էր ունեցել նաև մայիսի 12-ին, այսինքն՝ նույն համատեքստում, ինչ Սև լիճն էր, Վերին Շորժան և այսպես շարունակ, դրա արդյունքում 4 հենակետեր հայտնվել էին շրջափակման ներքո։ Բանակցությունների արդյունքում երեկ ներխուժած ադրբեջանցիներն ու իրենց տեխնիկան դուրս են եկել այդ սահմանից, և հայկական զորամիավորումները վերոնշյալ 4 կետերից են դուրս եկել»,- ասել էր Ռուբեն Ռուբինյանը։

Պետրոս Ղազարյանի հարցին՝ կա արդյո՞ք նոր առաջխաղացում ադրբեջանական զինված ուժերի կողմից, ԱԺ փոխխոսնակը բացասական պատասխան էր տվել՝ ընդգծելով, որ ադրբեջանցիներն առաջ չեն գնացել։

Սակայն հարցազրույցից ժամեր առաջ Հայաստանի պետական սահմանն ապօրինի հատելու և տարածքային ամբողջականությունը խախտելու դեպքի առթիվ Դատախազությունում քրեական գործ էր հարուցվել։ Այդ մասին դատախազության հաղորդագրությունում նշվում էր, որ նոյեմբերի 14-ին ադրբեջանական զինված ուժերի մի խումբ հատել էր Սյունիքի մարզի Սիսիան համայնքի վարչական տարածքին հարող Հայաստանի պետական սահմանը և 1-ից մինչև 2 կմ առաջացել։ Փաստացի, դատախազությունը հաստատում էր, որ ադրբեջանական զորքերը առաջխաղացում են ունեցել։

Այսպիսով, Ռուբեն Ռուբինյանի հայտարարությունն այն մասին, որ ադրբեջանական զորքերը նոր առաջխաղացում չեն ունեցել, տարակուսելի է, քանի որ դատախազության կողմից հարուցված քրեական գործը, հակառակն է փաստում։

Փաստերի ստուգման հարթակ