Փաշինյանը Հայաստանի գոյությունն ու խաղաղությունը պայմանավորում է իր գոյությամբ. պետք է ջարդել նրա նախընտրական այս թեզը. Անի Սամսոնյան

Լուսանկարը՝ Էմմա Գրիգորյանի (MediaLab.am)

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը

– Տիկի՛ն Սամսոնյան, Նիկոլ Փաշինյանը տեսաուղերձով ասել է պատճառը, թե ինչու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթեց Վաղարշապատ խոշորացված համայնքի ընտրություններում: Ըստ նրա՝ որովհետև իրենք առաջարկել են մարդկանց կյանք, իսկ ընդդիմությունը՝ ապոկալիպսիս: Ի՞նչ եք մտածում այս մասին: 

– Միանշանակ համակարծիք չեմ Էջմիածնի ընտրությունների մասով, բայց կարող եմ համակարծիք լինել համապետական մասշտաբի ընտրությունների դեպքում: Այս ընտրության նախընտրական քարոզարշավին ես հետևել եմ, ընդդիմությունը շատ նորմալ, դրական քարոզարշավ էր վարում, հետևաբար ապոկալիպտիկ մտքեր չեն հնչեցրել: 

Համապետականի մասով, այո՛, համակարծիք եմ Փաշինյանի հետ. ընդդիմությունը բացի իր մտահոգությունները հայտնելուց, պետք է նաև տա լուծման բանալին, որը նվիրված կլինի ապագային դրական իմաստով: Համապետական ընտրություններին մասնակցել միայն այն հայտարարություններով, որ ՔՊ-ն վերացնում է Հայաստանը կամ Փաշինյանի ասած ապոկալիպտիկ տրամադրություններով, միանշանակ համաձայն եմ, որ այդպիսի օրակարգն անընդունելի է ու մերժվելու է այդ օրակարգը: 

Ինչ վերաբերում է Էջմիածնի ընտրություններին, ես կարծում եմ, որ ՔՊ-ի հաղթանակը պայմանավորված էր գյուղերով, Էջմիածին քաղաքում ձայների թվով նրանք պարտվել են ընդդիմությանը, ու իրենց փրկել են գյուղերը, դրա համար էլ հապշտապ, ընտրություններից առաջ միացրեցին գյուղերը, լավ հասկանալով, որ իրենք քաղաքներում պարտվում են: 

Այս ընտրությունից կարելի է անել այն դրական եզրակացությունը, որ Նիկոլ Փաշինյանը քաղաքներում ձայն չունի, ու սա մեծ դռներ է բացում ընդդիմության աշխատանքի համար, բայց այդ աշխատանքը պետք է լինի շատ գրագետ ու դրական օրակարգի ներքո:

– Իսկ ինչո՞ւ է գյուղերում ՔՊ-ն ավելի շատ ձայներ ստանում, քան քաղաքներում:

– Տարիներ շարունակ մարդիկ գյուղերում չեն տեսել նորմալ ասֆալտ, ունեցել են անբարեկարգ դպրոցներ, մարդկանց համար չեն ապահովվել տարրական կենցաղային պայմաններ, իսկ այս իշխանությունը շատ լավ հասկանում է, թե որտեղ է իր ձայնը, դրա համար էլ գյուղերում ասֆալտ է անում, դպրոցներ է վերանորոգում, ինչն էլ, բնականաբար, ունենում է իր ազդեցությունը: Նախկին իշխանությունները թող մարդկանց չհասցնեին այդ օրվան, որ նրանց համար ասֆալտ ունենալը դառնար իշխանություն ընտրելու չափանիշ:

– Համապետական ընտրությունների մասով ասացիք արդեն, թե ինչ պետք է արվի, ընդդիմությունը կկարողանա՞ առաջարկել այդ լուծումները:

– Եթե նկատի ունենանք խորհրդարանական ընդդիմությանը, ապա նրանք չունեն լուծումներ, նրանք հանդես են գալիս այդ նեգատիվ օրակարգով, որը քաղաքական արժեք չունի: Նոր քաղաքական ուժերը, այո՛, ինչ-որ ծրագրեր ներկայացնում են, բայց միևնույն ժամանակ քաղաքական տեխնոլոգիայի առումով թույլ են տալիս սխալներ. նրանք մարդկանց ներկայացնում են շատ առաջարկներ բոլոր ոլորտներից, ինչը շատ լավ է, բայց միևնույն ժամանակ պետք է առանձնացնեն երեք կարևոր բան, որի մասին պետք է առավոտից երեկո խոսեն ու դրա վրա պետք է շեշտադրում անեն, որպեսզի դա հասանելի լինի մարդկանց: 

Այդ երեք կարևոր բանը, կլինի դա տնտեսության, պաշտպանության կամ իրավական ոլորտի վերաբերյալ, պետք է լինի այլընտրանք, որն անում է ՔՊ կուսակցությունը: Ակնհայտ է, չէ՞, որ եթե 26 թվականին այս իշխանությունը հաղթեց, փոխելու է Սահմանադրությունը, բայց դրա մեջ չի փոխվելու կարևորը՝ արդյոք խորհրդարանական համակարգը արդարացրե՞լ է իրեն, թե՞ ոչ, ու քաղաքական ուժերը կարող են հանդես գալ առաջարկով, որ փոխեն երկրի կառավարման ձևը, այսինքն՝ այն ինստիտուտները, որոնք թուլացրել են 2015-ի Սահմանադրությամբ, նորից փորձեն ուժեղացնել: 

Մյուսը վերաբերում է խաղաղության օրակարգին․ ի՛նչ այլընտրանք կարող են առաջարկել ՔՊ-ի այսօրվա առաջարկին ու շատ այլ հարցերի վերաբերյալ: Խնդիրն այստեղ է, որ պետք է լինի իրական այլընտրանքի առաջարկ, ու դա պետք է լինի շատ պարզ, և դրա համար կարևոր է երկու պայման՝ պետք է առանձնացնել հիմնականը ու դրա մասին խոսել առավոտից երեկո:

– Տիկի՛ն Սամսոնյան, իսկ ձեր գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանը ինչի՞ վրա է շեշտը դնելու նախընտրական քարոզարշավի ժամանակ:

– Արդեն դրել է. Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես չլինեմ, կլինի պատերազմ, այսինքն՝ ինքը Հայաստանի գոյությունն ու խաղաղությունը պայմանավորում է իր գոյությամբ, եթե չեղավ ինքը, չեն լինի Հայաստան, խաղաղություն, չի լինի ոչինչ: Այս վերջերս էլ մի արտահայտություն արեց, որ եթե չլիներ հեղափոխությունը, ապա Հայաստանը գոյություն չէր ունենա: Հասկանո՞ւմ եք, այդ մարդը մի ամբողջ պետության հազարամյա պատմությունը, գոյությունը զրոյացնելով, որոշել է, որ այդ պետության գոյությունը կախված է իրենից, ինքը չեղավ, չեն լինի պետությունը, խաղաղությունը: 

Այս թեզը պետք է ջարդել նախընտրական քարոզարշավին ու մարդկանց բացատրել, որ Հայաստանն ու Նիկոլ Փաշինյանը չեն կարող ու չպետք է նույնացվեն: Պետք է ապացուցել, որ եթե չեղավ Նիկոլ Փաշինյանը, Հայաստանը ունենալու է և՛ գոյություն, և՛ խաղաղություն: 

Հե՞շտ է լինելու այդ թեզի ջարդումը: Կասեմ՝ կախված է լինելու երկու հանգամանքից. ո՛վ է դա ասողը, որքանո՛վ է այդ ասողը կարողանում մարդկանց վստահությունը ձեռք բերել ու նրանց հույս ներշնչել իր ասածների իրականացման համար: Այս երկու բանը շատ կարևոր է, դրա համար պետք է վստահ լինել, որ դու կարող ես դա անել, ու այդ վստահությունը փոխանցել մարդկանց: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am