«Ո՞ւր է դիզելը, ինչո՞ւ է օգտագործվել ավտոբենզին, շատ ավելի վտանգավոր, էժան ու հասանելի վառելիք». Արմեն Հովհաննիսյան

«Մեդիալաբի» զրուցակիցն է քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը

– Պարո՛ն Հովհաննիսյան, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զինվորական կացարանում հրդեհի հետևանքով 15 զինծառայող է մահացել: Կառավարության նիստում պաշտոնապես հայտարարվեց, որ նախնական տվյալներով, կատարվածը հակահրդեհային կանոնները չպահպանելու հետևանք է: Ի՞նչ եք կարծում, իրականում ինչի հետևանք է այդ ողբերգական դեպքը:

– Նախ՝ դեպքի մասին: Գաղտնիք չէ, որ զորամասերի մեծ մասը, որոնք հատկապես Երևանից դուրս են, չունեն ջեռուցման համակարգ, տաքացվում են վառարաններով: Ընդ որում՝ պարզ է, որ ամենացուրտ ժամանակը գիշերն է, և որպեսզի զինվորները քնած ժամանակ չմրսեն, այդ վառարանը պետք է մշտապես վառվի: Պաշտպանության նախարարն ասում է՝ ավտոբենզին է օգտագործվել, ինչն էլ հանգեցրել է հրդեհի: Խայտառակություն է, որ չկա ջեռուցման ընդհանուր ստանդարտ: Կանոնադրության մեջ իհարկե կան պահանջներ, բայց պետք է արդյունավետ ու անվտանգ ջեռուցման ստանդարտ լիներ:

Ինչ վերաբերում է բեզինին. կտրականապես չի կարելի բենզին օգտագործել, որովհետև դյուրավառ է, բենզինի այրման ջերմաստիճանը բարձր է, բարակ թիթեղյա վառարանները պարզապես չեն դիմանում այդ ջերմաստիճանին: Դրա համար խորհուրդ է տրվում կամ պահանջվում է օգտագործել դիզելային վառելիք, որն այսօր ավելի թանկ է, քան բենզինը: Ո՞ւր է դիզելը, ինչո՞ւ չկար այդ պահին դիզել, ինչո՞ւ է օգտագործվել շատ ավելի վտանգավոր, էժան ու հասանելի վառելիք:

Այս բանակը բարեփոխման ենթակա չէ, մեզ պետք է բանակ, որը կձևավորվի ժամանակակից լավագույն ստանդարտների հիման վրա, իսկ լավագույնը ՆԱՏՕ-ի ստանդարտներն են: Չեմ ասում՝ գնանք, մտնենք ՆԱՏՕ: Ո՛չ: Խոսքը այդ ստանդարտներն օգտագործելու ու դրանց հիման վրա բանակ ձևավորելու մասին է: Այնտեղ ամեն մանրուք հաշվի է առնվում՝ անվտանգություն, արդյունավետություն, կազմակերպվածություն, համակարգվածություն:

Մինչև նոր տիպի բանակ ձևավորելը չդառնա պետական քաղաքականություն, դիզելն էլ բենզին կդառնա, սպաներն էլ անգրագետ կլինեն:

Մարդիկ իրենց որդիներին, որոնք իրենց ամենաթանկ բանն են, այսօր տալիս են երկիրը պաշտպանելու համար, վստահ չեն, որ ինչ-որ տխմարության կամ սրիկայության պատճառով նման դաժանագույն կորուստներ չեն ունենա:

– Զորանոց կոչվող կառույցը փոքր գյուղական տուն է եղել, առանց անվտանգային համակարգերի կահավորման…

– Այո՛, այդ կացարանը, թեկուզ՝ ժամանակավոր, պետք էր կահավորել, համապատասխանեցնել սահմանվող պահանջներին մինչև վերջին մանրուքը, հետո միայն այդ դեպքում կտրվեր իրավունք այդտեղ տեղակայել զինծառայողներին:

– Հանրային դժգոհության ալիքը զսպելու համար հայտարարվեց նաև 8 բարձրաստիճան զինվորականների պաշտոնից ազատելու մասին: Արդյոք սա բավարա՞ր էր, արդյոք չպե՞տք է պաշտպանության նախարարը ևս հրաժարական տար:

– Կառավարությունն է, չէ՞, կարգավորում անվտանգության հետ կապված հարցերը, դա իր սահմանադրական գործառույթն է: Կուզեի կառավարությանը հարց տայիք՝ ինչպիսի՞ բանակ են իրենք տեսնում մեկ տարի հետո, երկու տարի հետո: Նրանց պատասխանի մեջ դուք անպայման կկարդաք ենթատեքստ, որ չի բացառվում՝ մեկ տարի հետո էլ, երկու տարի հետո էլ էսպիսի զոհեր կունենանք: Որովհետև բանակի վերաբերյալ իրենց տեսլականը մեր իրական պահանջներից կիլոմետրերով հեռու է:

Մենք պետք է ունենանք կառավարություն, որը պետք է նպատակադրվի Հայաստանի անվտանգությունն ապահովել, այդ թվում՝ ունենալ ժամանակակից չափորոշիչներին համապատասխան բանակ:

– Այդուհանդերձ, ինչո՞ւ Պապիկյանը հրաժարական չի տալիս կամ չպե՞տք է տա:

– Այո՛, բոլորը պետք է հրաժարական տան, իսկ թե ինչու չի տալիս, որովհետև «քայլիստներից» (նկատի ունի գործող իշխանության ներկայացուիչներին.- հեղ.) ո՞ր մեկի համար պաշտոնը թանկ չի: Նրանք բոլորն այդ որակի են, այնպիսի մարդիկ են, որոնց համար պաշտոնը թանկ է: Չորս տարվա մեջ կարելի էր բոլորին լավ ճանաչել:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am