Խամենեիի մահից հետո Թեհրանը հայտարարում է իշխանության անցումային մոդելի մասին

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մահից հետո երկրի կառավարումը ժամանակավորապես կստանձնեն երեք բարձրաստիճան պաշտոնյաներ։ Այս մասին հայտնել է Իրանի պետական հեռուստատեսությունը՝ հղում անելով Խամենեիի խորհրդականներից մեկին՝ Մոհամմադ Մոխբերին։

Ըստ հաղորդման՝ ժամանակավոր ղեկավարությունը կձևավորվի նախագահ Մասուդ Փեզեշքիանի, դատական իշխանության ղեկավար Ղոլամ Հոսեյն Մոհսենի-Էջեյիի և Սահմանադրության պահապանների խորհրդից մեկ այլ պաշտոնյայի մասնակցությամբ։

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Իսլամական Հանրապետության իշխանությունները «կշարունակեն ընթանալ Խամենեիի ճանապարհով» և նախապես պատրաստվել էին տարբեր սցենարների, այդ թվում՝ նման զարգացումների։

Ավելի վաղ Իրանի պետական IRNA լրատվական գործակալությունը տեղեկացրել էր գեներալ-մայոր Մոհամմադ Փաքփուրի մահվան մասին։ Նա զբաղեցնում էր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարի պաշտոնը՝ այն բանից հետո, երբ 2025 թվականի հունիսին Իսրայելը 12-օրյա պատերազմի ընթացքում վերացրել էր կառույցի նախկին ղեկավարին։

IRNA-ն նաև հայտնել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի նոր հարվածների հետևանքով զոհվել է Պաշտպանության խորհրդի քարտուղար, ծովակալ Ալի Շամխանին, որը երկար տարիներ կարևոր դերակատարում ուներ Իրանի ուժային կառույցներում։

CBS News-ի աղբյուրների նախնական տվյալներով՝ փետրվարի 28-ի հարձակումների արդյունքում զոհվել է շուրջ 40 իրանցի բարձրաստիճան պաշտոնյա։

Իրանի պետական լրատվամիջոցները կիրակի վաղ առավոտյան հաստատել են, որ երկրի Գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին սպանվել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված հրթիռային և օդային հարվածների հետևանքով։

Խամենեին Իրանի Գերագույն առաջնորդի պաշտոնը զբաղեցնում էր 1989 թվականից