«Գոհա´ր տոտա, խոստացի, որ ինձ մանկատուն չեն տանի». մի ընտանիքի պատմություն

«Գոհա´ր տոտա, խոստացի, որ ինձ մանկատուն չեն տանի». մի ընտանիքի պատմություն
«Գոհա´ր տոտա, խոստացի, որ ինձ մանկատուն չեն տանի». մի ընտանիքի պատմություն
Հեղինակ MediaLab

57-ամյա Լուսինե Աբելյանը փորձում է հիշողությամբ հետ գնալ. «ոնց որ օդի մեջ քայլեի, ուժեղ գլխացավ ունեի»: Պատմում է,  որ շատ վատ էր զգում այդ օրը, մի կերպ հասավ Արեշի պոլիկլինիկա, սակայն միջոցներ չունենալու պատճառով չկարողացավ հետազոտություններ անցնել, իսկ բուժում նշանակելուց հետո էլ` դեղեր: 

«Գիշերը քնի մեջ էի, զգացի՝ ձեռքերս ու ոտքերս չեն աշխատում…»-  պատմում է անկողնուն գամված տիկին Լուսինեն, որը հունվարին պատահածից հետո չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, խոսքն էլ դանդաղ է, դժվարացած:

Բազմոցի մոտ, ուր կինն է պառկած, միակ դուստրն է` Թամարան: Ասում է, որ Թամարային մեծ դժվարությամբ է ունեցել առաջացած տարիքում`43 տարեկանում` վեց անգամ վիժելուց հետո: Աղջկան յոթ տարեկանից միայնակ է պահում` քաղցկեղից ամուսնու մահանալուց հետո:

Միայնակ դժվարությունները հաղթահարելը, աղքատությունը, կուտակված պարտքերն ու վաղվա օրվա հանդեպ անորոշությունն էլ, ըստ նրա, քայքայել են առողջությունը, հանգեցրել ծանր հիվանդության:

 Հիվանդությունը փոքր ընտանիքին դրել է անելանելի դրության մեջ: Եթե ամուսնու մահից հետո Լուսինեն ծայրը ծայրին էր հասցնում էր «Հայփոստ» ՓԲԸ-ի 32 հազար դրամ աշխատավարձով, ապա հիվանդանալուց և անկողնուն գամվելուց հետո զրկվել է նաև այդ աշխատանքից, իսկ հարազատների կողմից որևէ աջակցություն ու օգնություն երբևէ չի ստացել:

Ստեղծված իրավիճակում` մայրը անշարժ, խոսելու ունակությունից գրեթե զրկված, 13-ամյա Թամարան հուսահատության շեմին սկսել է բոլոր ուղղություններով` պետական ու ոչ պետական կառույցների ու հասարակական կազմակերպությունների մոտ 40 հասցեներով դիմում-խնդրանքներ ուղարկել` աջակցություն խնդրելով: Առաջինը նամակ է գրել ՀՀ նախագահի գրասենյակ ու կաթողիկոսին:

«Դուք պետք է տեսնեիք Թամարայի ծանր հոգեվիճակը, երբ դեպքը տեղի ունեցավ. մենակ լացում էր, լրիվ խանգարվել էր, հանկարծ վեր թռավ տեղից, չոքերս գրկեց ու ասեց. «Գոհա´ր տոտա, որ մամայիս էլ չկարողանանք փրկել, խոստացի, որ ինձ մանկատուն չեն տանի»: Էդ պահին Թամարիկը հեծկլտում էր, ու ոնց որ ինքն ինձ սթափեցրեց, ես էլ` իրեն: Ցնցեցի Թամարիկին, ասեցի՝ գրի´, կօգնեն: Ու սկսեց գրել»,- «Մեդիալաբին» պատմում է հարևանուհին՝ Գոհար Աթոյանը:

Հենց նա է օգնել կաթված ստացած կնոջը:

«Շտապօգնություն զանգեցի, պետք է հիվանդանոց տեղափոխեին, բայց ասեցին՝ մեզ ներքին կարգով զգուշացրել են, որ անվճարունակներին չպառկեցնենք, ասենք, որ տեղ չկա: Աղքատի առաջ բոլոր դռնեը փակ են, անգամ բուժհաստատության»,- պատմում է տիկին Գոհարը: Նրա խոսքով` այդ խառնաշփոթ իրավիճակում առանց երկար-բարակ մտածելու ստորագրել է, որ հրաժարվում են շտապօգնության մեքենայով հիվանդանոց տեղափոխելուց: Նոր է հասկանում` եթե դա արած չլիներ, կարող էր պատասխանատվության կանչել: Սեփական ուժերով Լուսինե Աբելյանին հարևանուհին տեղափոխել է Աբովյանի հիվանդանոց, ասում է՝ այնտեղ էժան է՝ 60 հազար դրամ: Տասներկու օր հիվանդանոցում մնալուց հետո Լուսինեին անշարժ վիճակում դուրս են գրել:

Տիկին Գոհարն ասում է, որ ամեն մի մերժված նամակի հետ երեխայի հոգեվիճակն ավելի էր ծանրանում, հուսահատությունը՝ մեծանում:

«Մի օր նստած էինք, Թամարիկն ասեց` ես գիտեմ, թե ով կօգնի: Գրեց բոլոր խոշոր սուպերմարքեթներին, անգամ գրել էր` օգնեք գոնե ժամկետանց սննդով, պատկերացնո՞ւմ եք, ոչ մի արձագանք չեղավ»,- հիշում է տիկին Գոհարը:

Նրա խոսքով` «վերին օղակներից» առաջին տիկնոջ` Ռիտա Սարգսյանի արձագանքն է եղել, ում միջնորդությունից հետո միայն առողջապահության և սոցիալական հարցերի նախարարությունները հետաքրքրվել են խնդրով, սակայն դա էլ մեծ հաշվով բան չի փոխել:

«Եկավ սոցապնախարարության տարեցների սպասարկման կենտրոնի խմբավարը, Լուսինեին ընդգրկեցին իրենց ծրագրում, եռամսյակը մեկ սնունդ են տալիս՝ ձեթ, նպարեղեն, բայց առողջապահության նախարարությունը ոչինչ չարեց՝ ասացին, որ միայն կարգ ունեցողներին ենք անվճար դեղեր տալիս: Հիմա հաշմանդամության խմբի համար թղթերն եմ պատրաստում»,- «Մեդիալաբին» ասում է հարևանուհին:

 Չեն արձագանքել նաև այն քաղաքական գործիչները, որոնք, ըստ հարևանուհու, «իրենց բարերար են համարում», բայց տիկին Գոհարը զարմացած է մի բանից, որ կաթողիկոսին ուղղված խնդրանքն է անպատասխան մնացել: Նրա խոսքով` վերջին և փրկության դիմումը Երեխաների իրավունքների պաշտպանության հիմնադրամին էր ուղղված:

Հիմնադրամի նախագահ Կարինե Անտոնյանն արձագանքեց, ու հենց նրա միջնորդությամբ փոքրիկ ընտանիքի դժվարին կյանքի պատմությունը հայտնվեց հեռուստաեթերում` բազում արձագանքներ ստանալով:

«Եթե պետական հիմնարկները մի բան անեին, էրեխեն եթեր չէր հասնի»,- «Մեդիալաբին» ասում է տիկին Գոհարը: Նրա խոսքով` հաղորդումից հետո տարբեր ՀԿ-ներ ու անհատներ օգնեցին Թամարիկին:

«Հասարակ ժողովրդի խիղճը դեռ չի մահացել: Օգնեցին՝ ով ինչով կարող էր, Թամարիկին սառնարան, լվացքի մեքենա ու հեռուստացույց նվիրեցին, սննդով օգնեցին: Հիմա Թամարիկի դեմքին ժպիտ է հայտնվել»,- շարունակում է նա:

Լուսինե Աբելյանին երկարատև բուժում է հարկավոր, ամսական մոտ 25 հազար դրամի դեղեր պետք է գնել: Ընտանիքի միակ եկամուտն այս պահին Թամարայի նպաստն է. որպես միակողմանի ծնողազուրկ երեխայի` պետությունը նրան 21 հազար դրամ է հատկացրել: Աղջնակը պայքարում է մոր առողջության համար:

«Երկու-երեք ամիս առաջ ինձ թվում էր, թե կյանքը վերջացավ, հիմա գիտեմ, որ իմ կողքին մարդիկ կան: Դպրոցում լավ եմ սովորում, բայց ավագ դպրոց չեմ գնա, ուզում եմ այս տարի ավարտելուց հետո թեթև արդյունաբերության քոլեջ ընդունվել: Ավագ դպրոցի տարիները քոլեջում դիզայներություն կսովորեմ, որ կարողանամ աշխատել»,- «Մեդիալաբին» ասում է Թամարա Խաչատրյանը:

«Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը Թամարայի անունով հաշվեհամար է բացել, նրան ու մորն օգնել ցանկացողները կարող են փոխանցումներ կատարել Թամարա Խաչատրյանի բանկային հաշվին. ՀՀ դրամով` «HSBC բանկ Հայաստան», 004-113353-001, ԱՄՆ դոլարով՝ 004-113353-101:

© Medialab.am