Երեխայի գլխին եռման ջուր լցնել, բամբակ վառել, մոմ թափել, բարձի տակ դանակ-մկրատ դնել, դիակի մոտ տանել. «Ալամեզոն» Բլոգ

Երեխայի գլխին եռման ջուր լցնել, բամբակ վառել, մոմ թափել, բարձի տակ դանակ-մկրատ դնել, դիակի մոտ տանել. «Ալամեզոն» Բլոգ
Երեխայի գլխին եռման ջուր լցնել, բամբակ վառել, մոմ թափել, բարձի տակ դանակ-մկրատ դնել, դիակի մոտ տանել. «Ալամեզոն» Բլոգ

Ե՞րբ պիտի պատժի արժանանան մարդիկ, ովքեր սնահավատության զոհ են դարձնում իրենց երեխաներին:

«Ռոզա՛ ջան, բարև ձեզ, մի բան հարցնեմ, էլի. գիտեմ, որ բժիշկ չեք, բայց փորձառու մայր եք, ինչ կլինի` մի խորհուրդ տվեք…,- արդեն վախենալու է, մտածում եմ ես, բայց, դե, ատամներս պնդում եմ ու հարցնում,- ի՞նչ խորհուրդ»:

«Բալիկս մեկ տարեկան է, ատամ այդպես էլ չի կարողանում ծակել, չնայած սկեսուրս մշտապես գլխին եռման ջուր է լցնում…»

«Ի՞նչ, ինչո՞ւ»,- սարսափած գրում եմ ես: 

«Դե, հո շատ չի լցնում, մի կաթիլ, որ ատամը ծակի, հիմա ուզում եմ իմանալ` էլ ի՞նչ անեմ, որ օգնի…»

«Ձեր սկեսուրը… ախր, չի կարելի նման բաներ, ախր, ձեր բալիկն է, ի՞նչ տանջանքի եք հասցնում»,- զայրացա ես:

Եվ ի պատասխան` անփորձ մայրիկն ինձ արգելափակեց…

Ձեզ համար սարսափելի է, ինձ համար, ցավոք, սովորական… գլխին եռման ջուր լցնել, բամբակ վառել, մոմ թափել, աչքի ուլունք կախել, ոսկեղենով լի ջրում լողացնել, բարձի տակ դանակ-մկրատ դնել, երեխային դիակի մոտ տանել, բա յուխո՞ւն… Հիշեցնեմ` մենք XXI դարում ենք ապրում և քրիստոնյա ազգ ենք ի վերջո:

Դեռ տարօրինակ սովորությունները մի կողմ, երբ դա զուտ ծես է, ավելի վտանգավոր է, երբ այն անմիջական կապ ունի երեխայի առողջության հետ: 

Մեկ այլ մայրիկ վերջերս կրկին դիմեց.

«Ռոզա՛ ջան, կողքից ստիպում են, ասում, թե ամեն օր 3%-անոց պերեկիս լցնեմ ջրի մեջ և տամ երեխաներիս, որ ներսից ախտահանվեն, կարելի՞ է»:

«Ո՛չ, չի կարելի, ո՛չ, դա սարսափելի է, ո՛չ, դա վտանգավոր է, ո՞վ է ցանկանում ձեր երեխաներին սպանել»: 

Եվ այսպես, երեք տարի շարունակ ստանում եմ նման տարօրինակ նամակներ, իսկ ի՞նչ կապ ունեմ այս ամենի հետ: Ընդամենը առողջ սննդի խումբ ունենք, որտեղ կիսվում ենք նոր սերնդի հոդվածներով և բաղադրատոմսերով… Խոհարար-մայրիկի «տիտղոսից» տարեցտարի իջա հեքիմի կարգավիճակի, և դա ինձ բացարձակ դուր չի գալիս: Եթե այսքանն ինձ են գրում, գոնե փորձում եմ համոզել, որ չանեն, բա մնացածն ի՞նչ են անում իրենց երեխաների հետ:

Խնդիրը մի քանի ճյուղ ունի իհարկե.

. երիտասարդ հարսներ, ովքեր ճնշված են սկեսրոջ կողմից, և, ըստ էության, սկեսուրն է ամեն ինչ որոշում և անում այնպես, ինչպես ինքը գիտի, 

. երիտասարդ զույգերի ստվար զանգվածի կիսագրագիտությունը,

. բժիշկների հանդեպ վախը կամ հարգանք կորցրած մարդիկ,

. նույն այդ բժիշկների անտարբերությունը: 

Ասել, որ Եվրոպայում տարօրինակ մայրեր կամ ծնողներ չկան, սուտ կլինի իհարկե: Բայց ցանկացած զարգացած երկիր ունի երեխաներին պաշտպանող համակարգ, որը հնարավորություն է տալիս նման դեպքերը նվազագույնի հասցնելու: 

Երբ հղի էի, պաշտոնական նամակ ստացա նահանգից. «Տիկի՛ն Ֆենդեր, շնորհավորում ենք և ցանկանում ենք տեղեկացնել, որ մանկաբարձը կայցելի ձեզ, կարող եք տալ ցանկացած ձեզ հուզող հարց»: 

Եկավ, մնաց մի քանի ժամ, խոսեցինք տարբեր թեմաներից, հազար խելոք ու հիմար հարցեր տվեցի…

Երբ աղջկաս հետ հիվանդանոցից դուրս գրվեցինք, երեք օր շարունակ կրկին մանկաբարձ այցելեց, կրկին ամեն ինչ սովորեցրեց, բացատրեց , մեկ ամիսը լրացավ, կրկին զանգեցին, հարցնեն` ինչպե՛ս է ընթանում և այլն: 

Ինչո՞ւ նման բան չկա մեր երկրում, մի՞թե մեր փոքրիկ քաղաքացին կարևոր չէ մեզ համար, և մի՞թե դժվար է հետևել երեխայի առողջությանը գոնե տեղամասային բժիշկների միջոցով: Ե՞րբ պիտի համընդհանուր քննադատության և պատժի արժանանան մարդիկ, ովքեր սնահավատության զոհ են դարձնում իրենց երեխաներին 

Այսքանից հետո բացում եմ ֆեյսբուքյան էջս և կրկին նամակ. «Ռոզա՛ ջան, երեխաս 40 աստիճան ջերմություն ունի, փսխում է, ի՞նչ անեմ, կօգնե՞ք»:

– Ինչո՞վ օգնեմ, ախր, ինձ գրելու փոխարեն շտապօգնություն զանգահարե՛ք, տիկի՛ն: Բժշկի տարեք անմիջապե՛ս…

Ձեր՝ Ռոզա Սարգսյան Ֆենդեր

MediaLab Blog