Արցախի բնակչության կոմունալ ծառայությունների փոխհատուցման համար 12 մլրդ դրամի սուբսիդավորում է նախատեսվում

Փետրվարի 6-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովում տեղի է ունեցել արտադրության և արտադրական ենթակառուցվածքների և ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձանաժողվների համատեղ նիստը՝ Վլադիմիր Կասյանի և Արթուր Հարությունյանի գլխավորությամբ:

Հրավիրված էին կառավարության անդամներ՝ պետնախարար -ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանի գլխավորությամբ,ինչպես նաև «Արցախէներգո» և «Արցախգազ» ընկերության պատասխանատուները:

Քննարկման թեման բնակչության կոմունալ ծառայությունների փոխհատուցման աջակցության ծրագիրն էր:

Գրիգորի Մարտիրոսյանի տեղեկացմամբ՝ 2021 թվականի բյուջեի նախագծով 12 մլրդ դրամի սուբսիդավորում է նախատեսվում: Բնական գազի սպառման գծով ձմեռային ամիսներին նախատեսվում է մինչև 180 խմ ներառյալ, էլեկտրաէներգիայի սպառման գծով՝ մինչև 500 կվտ/ժ ներառյալ փոխհատուցում:

Չգազաֆիկացված բնակավայրերի և համայնքների չգազաֆիկացված թաղամասերի համար էլեկտրաէներգիայի փոխհատուցում է նախատեսվում մինչև 1500 կվտ/ժ ներառյալ: 2021 թվականի համար ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության վճարը կփոխհատուցվի ամբողջ չափով:

Հաղորդումներով հանդես եկան տարածքային կառավարման նախարարն ու «Արցախէներգո» ու «Արցախգազ» ընկերության պատասխանատուները:Նրանք ներկայացրին հնարավոր օպտիմալ տարբերակները:

Խորհրդարանականները հանդես եկան առաջարկություններով:Դրանք վերաբերվում էին էլեկտրաէներգիայի սակագնի սուբսիդավորման շեմը գործող 500 կվտ-ի փոխարեն մինչև 750 կվտ բարձրացնելուն,փոխհատուցման փոխարեն գազի ու էլեկտրաէներգիայի սակագները նվազեցնելուն,ամռան փոխհատուցումը ձմռան ամիսներին բաշխելուն :

Հարցը լրացուցիչ կքննարկվի՝ պատկան մարմինների կողմից համապատասխան ուսումնասիրության արդյունքները ներկայացանելուց հետո:

Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պաշտոնական կայքից։