Օդի ջերմաստիճանը կնվազի, կա՞ արդյոք ցրտահարության վտանգ. մասնագետի դիտարկումները

Հանրապետությունում հաստատված կայուն եղանակային ռեժիմին կփոխարինեն անձրևները։ Միջերկրական ծովի շրջաններից Հայաստանին մոտենում է հերթական ցիկլոնը, որի ազդեցությունն արդեն կզգացվի մարտի 5-ի երեկոյից սկսած։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը տեղեկացրեց, որ առաջիկա 5 օրերին Հայաստանը գտնվելու է այդ ցիկլոնի ազդեցության գոտում։

«Շրջանների մեծ մասում առաջիկա 5 օրերին ժամանակ առ ժամանակ սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ։ Այն բնակավայրերը, որոնք գտնվում են ծովի մակերևույթից մինչև 2000 մ բարձրության վրա, տեղումները հիմնականում կլինեն անձրևի, իսկ  2000 մ-ից բարձր գտնվող հատվածներում՝ ձյան տեսքով»,-ասաց Գագիկ Սուրենյանը։

Ինչ վերաբերում է հանրապետության ջերմային ֆոնին, ապա Գագիկ Սուրենյանը նշեց, որ վերջին 5 օրերին գերակշռում էին արաբական թերակղզուց ներթափանցած արևադարձային տաք օդային հոսանքները։ Դրա արդյունքում ապրիլի այս շրջանում գրանցվեց բարձր ջերմային ֆոն։

«Ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածում օդի օրական միջին ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում կլիմայական նորմայից բարձր է եղել 3-4 աստիճանով։ Ապրիլի 6-ից սկսած մեր երկիր կներթափանցեն համեմատաբար սառն օդային հոսանքներ և օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում, բայց միայն ցերեկային ժամերին, կնվազի 8-10 աստիճանով»,-ասաց Գագիկ Սուրենյանը։

Չնայած օդի ջերմաստիճանը կնվազի, առաջիկա 5 օրերին հանրապետության նախալեռներին և հովտային գոտիներում, որտեղ առկա է վեգետացիա, մասնագետները ցրտահարության վտանգ չեն տեսնում։ Նախնական կանխատեսումներով նշվում է, որ ապրիլին ցրտահարության վտանգը շատ փոքր է, նույնիսկ բացակայում է։