«Ադրբեջանի բանակը հազարներով զոհ ունի, փրթում ենք՝ նորից են գալիս, փրթում ենք՝ նորից են գալիս, վերջում Ալիևը փախչելու է Անկարա կամ Ստամբուլ». Ռուդիկ Հյուսնունց

«Մեդիալաբի» զրուցակիցն է Արցախի Հանրապետության նախագահի գլխավոր խորհրդական – հատուկ հանձնարարություններով դեսպան Ռուդիկ Հյուսնունցը

– Պարոն Հյուսնունց, այս պահին ռազմաճակատում իրավիճակն ինչպե՞ս եք գնահատում:

– Այսօր հիմնական լարվածությունը հյուսիսային թևում է, թեև ամբողջ սահմանի երկայնքով լարվածություն կա, տեղ-տեղ լոկալ հարձակումներ են լինում: 

Բանակն իր վրա դրված պարտականությունները կատարում է, պատասխան հարվածներ է հասցնում, և ես չգիտեմ, թե իրենք դրա տակից ոնց են դուրս գալու: 

Հարյուրավոր զոհեր են տալիս, փրթում ենք՝ նորից են գալիս, փրթում ենք՝ նորից են գալիս: Վերջում Ալիևը փախչելու է Անկարա կամ Ստամբուլ: Էս մարգարեությունս հիշեք: 

Նրանք տարածում են ապատեղեկատվություն իրենց ժողովրդի ու աշխարհի համար: Այսօր նրանց զոհերը հարյուրներով, հազարներով են, նրանք թաքցնում են: Վարձկաններին չհաշված, այսօր Ադրբեջանի բանակը հազարներով զոհ ունի: Նրանք վարձկաններին չեն հաշվում: 

– Մարտակերտն այսօր ռմբակոծել են, երեք քաղաքացիական զոհ ունենք: 

– Այո, նրանք անօդաչու թռչող սարքերով թիրախավորում են քաղաքացիական անձանց, բայց մասսայական ռմբակոծում չկա: 

– Ստեփանակերտն ի՞նչ վիճակում է:

– Ստեփանակերտում գիշերը անօդաչու սարքով փոքրիկ արկ են գցել, որևէ վիրավոր չունենք:

– Մեր կողմից շա՞տ են կորուստները: 

– Պաշտպանության նախարարությունը տրամադրում է տեղեկություններ, դրանով բավարարվենք: Ես չեմ ուզում ավելորդ բաներ ասել ու խուճապ առաջացնել:

Մենք գործ ունենք թուրք-ադրբեջանական ալյանսով հարձակման հետ և, բնականաբար, դիմակայելիս, ցավոք, ունենում ենք կորուստներ: Թող Աստված մեր նահատակների արյունով հաղթանակը բերի մեր դեմը: 

– Նշվում է, որ առաջին օրը կորցրած դիրքերի մեծ մասը հաջողվել է հետ վերցնել: Այսօր ևս խոսվեց արձանագրված հաջողությունների մասին, նաև այլ տարածքների մասին են խոսում: 

– Մենք մեր դիրքային կորուստները 95 տոկոսով վերականգնել ենք, բայց սա լայնամասշտաբ պատերազմ է, և այսօր դիրքերի մասին խոսելը վաղաժամ է, քանի որ ինչ-որ պահի մենք ենք առաջ անցնում, մեկ այլ պահի՝ նրանք:

Հիմա մենք մեր սահմաններին կանգնած ենք և դիմակայում ենք թշնամու լայնածավալ ագրեսիային: Մենք վերականգնել ենք մեր դիրքերը և պաշտպանում ենք հող հայրենին: Առայժմ այսքանը:

– Հայաստանում ու Սփյուռքում բազմաթիվ կամավորներ են պատրաստակամություն հայտնել գալ ու պայքարել Արցախի համար: Ինչպիսի՞ն է վիճակը հիմա:

– Հարյուրներով, հազարներով գալիս են և համալրում բանակը: Միայն Ռուսաստանից այսօր 20 հազար կամավորներ ունենք, որ ուզում են գալ: Նաև շատ երկրներում մեր քույր-եղբայրները հայտարարություններով են հանդես գալիս, որ պատրաստ են կանգնելու Արցախի համար:

Այսօր 1 միլիոն հայ պատրաստ է կանգնելու Արցախի պաշտպանության դիրքերում: Այստեղ վճռվում է հայի լինել-չլինելու հարցը: Այս պայմաններում պարտություն չի կարող լինել:

– Շատերը նշում են, որ այս պատերազմը նախորդներից տարբերվում է նրանով, որ ակտիվորեն ներգրավված է Թուրքիան: Սա ի՞նչ է փոխում մեր վարքագծում:

– 105 տարի առաջվա ցեղասպանության շարունակությունն է այսօր: Նրանք ուզում են հայի արյունը երկնակամարից վերացնել: Սա մեսիջ է ամբողջ քաղաքակիրթ աշխարհին. ցեղասպանությունը շարունակվում է թուրք-ադրբեջանական ուժերի միջոցով: 

– Սրանով ավելի չի՞ բարդանում պատերազմի ելքը:

– Բարդանում է թե չի բարդանում՝ մենք կանգնած ենք մեր լեռների պես: Երեկ մի շատ հետաքրքիր բան տեղի ունեցավ. Արցախի Հանրապետության նախագահը նախկին բոլոր պաշտպանության հրամանատարներին, գեներալներին հրավիրեց, միավորեց և ցույց տվեց, որ հայրենիքը պատրաստ է նրանց փորձառությունը, ռազմական ունակությունները մեկտեղել ու դիմակայել թշնամուն: 

– Ըստ էության, քաղաքական բոլոր տարաձայնությունները մի կո՞ղմ են դրված:

– Այո, որովհետև նպատակը մեկն է, և բոլորը համախմբված են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի շուրջը: Մեկ բռունցք դարձած՝ մենք պատերազմ ենք մղում դարավոր ոսոխի դեմ:

Մանե Հարությունյան

MediaLab.am