Քաղաքացու հետ շփվելու, էթիկայի իսպառ բացակայությունն ակնհայտ է, բա ու՞ր մնաց Հայաստանի հպարտ քաղաքացին․ Զարուհի Հովհաննիսյանը՝ ոստիկանների մասին

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Երեկ, մի խումբ ակտիվիստների բերման ենթարկելու ակնհայտ անօրինական գործողությունները ինձ հնարավորություն տվեցին նաև ինստիտուցիոնալ թեսթ անցկացնել։ Իրականում, շատ տխուր է ոստիկանության վիճակը, թե՛ ոստիկանների բռնի գործողությունների, թե՛ նրանց քաղաքացու հետ վարվելու և խոսելու էթիկայի ու կրթվածության, և թե՛, ինչը շատ կարևոր է, աշխատանքային պայմանների առումով։

Սկսեմ բռնության հանդեպ անթաքույց սիրուց։
Լավ, բերման ենթարկելու անօրինականությունը եթե իրենք չեն որոշում, ուղղակի արդարանում են, թե հրաման են կատարում, ապա բերման մեթոդների ու այդ գործընթացից հաճույք ու բավարարում ստանալու զգացումը շատ անհատական է։ Մեզ բերման ենթարկեցին գազելով, առաջինն ինձ ճանկռելով ու հրելով շպրտեցին կիսակոտրած նստատեղին, ինչպես մեկ պարկ կարտոֆիլ, դեռ մեքենան դատարկ էր, սակայն երբ տղաներին էին փորձում ներս հրել, նույնիսկ չէին նայում, թե մարդ կա ներսում, չկա, շպրտում էին ուր պատահի, ոնց պատահի, վնասելով, կոտերլով ակնոցներ ու այլ իրեր։ Ու սա դեռ մի 10 հոգանոց փոքրիկ խաղարկային ակտի դեպքում նման հարձակում, պատկերացնում եմ, երբ գործ ունենան մասսայական ակցիաների հետ, ինչ մսաղաց են սարքելու։ Բերման ենթարկելիս որևէ ոստիկան չներկայացավ, չներկայացրեց բերման ենթարկելու հիմքերն ու մեր իրավունքները։ Փոխարենը բղավում ու տղաներին վրա էին տալիս, ինձ էլ մի երիտասարդ ոստիկան ասեց մայրիկ ջան։ Էն որ հասկացա, լավ ծերացել եմ, մի կողմ, բայց քաղաքացու հետ շփվելու, էթիկայի իսպառ բացակայությունն ակնհայտ է։ Բա ու՞ր մնաց Հայաստանի հպարտ քաղաքացին։

Ոստիկանության բաժնում ևս որևէ հոդաբաշխ բաացատրություն չտրվեց, թե ինչու են բերման ենթարկել։ Ոստիկաններից մեկը մտավ բաժին, ու հարցրեց, էդ առանց դիա՞կ եք գնդակ խաղացել, որ բերել են։

Բայց նաև նրանցից առավել բարձ կոչումով մեկը, որը նաև ավելի թիկնավետ էր, բաժնում ձայնը գցել էր գլուխն ու գոռում էր, թե դուք վարչական ձերբակալված եք ու ձեր իրավունքները սահմանափակված են, որ հարցնում էիր, թե որ հոդվածով, պատասխան չկար։ Արանքում նաև բորբոքվեց ու հասցրեց տղաների թևերից բռնել ու դուրս շպրտել սենյակից։

Հա, ինձ համար տխուր էր տեսնել նաև ոստիկանների աշխատանքային պայմանները։ Խիստ անմխիթար վիճակում գտնվող սենյակներ, անչափ մաշված գույք ու փականները կոտրած դռներ։ Էլ չասեմ գետնի վրա նստած փոշին ու կեղտը։ Ախր սա պետական կառույց է, ու առաջինը, որ մարդ մտնում է ոստիկանություն, պետության մասին պատկերացում է կազմում։

Ու որ նայում ես ոստիկանների աշխատանքային պայմանների, նրանց վարձատրության ու սոցիալական ապահովության, հանգստի իրավունքի հարցերը, լրիվ հասկանալի է, թե ինչ տրամաբանություն է գործում։ Ու նաև երբ համադրում ես առավել բարձր պաշտոնյաների, ԱԺ պատգամավորների աշխատավարձերը, նրանց ծանրաբեռնվածությունն ու գույքային, շենքային պայմանները, էլի հստակ է տարբերությունը՝ պետական ռեսուրսի անարդար բաշխման առումով։
Շատ տխուր է ՀՀ ոստիկանության վիճակը, մտածում եմ, թե այսքան ծրագրեր, որ միջազգայինները իրականացնում են, ինչու՞ արդյունք չեն տալիս, էլ վերապատրաստումներ, էլ աջակցության տարբեր ծրագրեր։

Էլ չասեմ, հարց է, թե ինչ կրթություն են ստանում ոստիկանության ակադեմիայում։
Իհարակե, կային եզակիներ, օրինակ, երեկ ոստիկանությունում հաճելիորեն զարմացել էի մի իրավաբան-ոստիկանի հետ զրույցի արդյունքում։ Նա բանական լավ միջազգային իրավունք գիտեր, նաև կողմ էր այսօր որոշ խմբերի կողմից մանիպուլացվող միջազգային կոնվենցիաների վավերացմանը։

Իսկ ընդհանրապես, ես երեկ 3 ժամ նստեցի ոստիկանությունում, չներկայացա, որն իմ իրավունքն է, ու իմ վերաբերյալ որևէ փաստաթղթավորում չի արվել։ Փորձեցին ճնշել, ասել, որ իրավունք չունեմ չներկայաանալու, բայց ես իմ իրավունքները լավ գիտեմ, և հակադարձեցի, որ իրենք են պարտավոր, որպես պետական կառույցի ներկայացուցիչներ ներկայանալ, ես որևէ պարտավորություն չունեմ, հատկապես, որ բոլոր իրենց գործողություններն անօրինական են։

Իհարկե, անհամբեր սպասում էի, որ տուն հասնեմ ու վնասվածքներս մշակեմ, քանի որ արյուն էր գալիս ու բացի ալկոգելից որևէ միջոց չկար ձեռքիս տակ»։

Երեկ, մի խումբ ակտիվիստների բերման ենթարկելու ակնհայտ անօրինական գործողությունները ինձ հնարավորություն տվեցին նաև…

Posted by Zara Hovhannisyan on Tuesday, August 11, 2020