Միրզոյանը ցավակցել է Չավուշօղլուին Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ցավակցել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուին Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի  կապակցությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արարատ Միրզոյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է.

«Իմ անկեղծ ցավակցություններն եմ հայտնում Ստամբուլում տեղի ունեցած մահաբեր պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- գրել է Միրզոյանը՝ գրառման մեջ նշելով Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուին:

Ստամբուլի զբոսաշրջային Իսթիքլալ փողոցում նոյեմբերի 13-ին պայթյուն է որոտացել, որի հետևանքով զոհվել է 6, տուժել 81 մարդ: Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան հայտնել է, որ 81 տուժածներից 39-ը դուրս են գրվել հիվանդանոցներից: Հոսպիտալացվածներից 5-ը վերակենդանացման բաժանմունքում են, նրանցից երկուսի վիճակը ծանր է:

Թուրքիայի ոստիկանությունն արդեն ձերբակալել է անձին, ով թողել է ռումբը Իսթիքլալ փողոցում: Բացի այդ, պայթյունից հետո ոստիկանությունը ձերբակալել է ևս 21 մարդու, որոնք կասկածվում են պայթյունի հետ կապ ունենալու մեջ: Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ հետաքննությունը տվյալներ ունի, որ պայթյունի հետքերը տանում են Սիրիա: