Առողջապահության նախարարը «Փարոս» հիմնադրամի գործադիր տնօրենի հետ քննարկել է հետագա համագործակցության ուղղությունները

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է «Փարոս» հիմնադրամի գործադիր տնօրեն Փիթր Աբաջյանի և հիմնադրամի ծրագրերի ղեկավար Գեղամ Մինասյանի հետ: Այդ մասին տեղեկացնում են ԱՆ լրատվական ծառայությունից:

Կողմերն անդրադարձել են արցախյան պատերազմի և համավարակի լարված պայմաններում Հայաստանին ցուցաբերած լայնածավալ աջակցությանը` կարևորելով հիմնադրամի միջոցով Հայաստանին տրամադրած մեծաքանակ բժշկական սարքերը, դրանց արդյունավետությունը: Քննարկվել են հետագա համագործակցության ուղղությունները` շեշտը դնելով սահմանամերձ մարզերում բժշկական ոլորտների զարգացմանն առնչվող մի շարք հարցերի վրա:

Գեղամ Մինասյանը ներկայացրել է հիմնադրամի կողմից Հայաստանում իրականացվող բժշկական ոլորտին վերաբերող ծրագրերը` խնդրելով Անահիտ Ավանեսյանին տրամադրել բժշկական այն սարքերի ցանկը, որոնք կբաշխվեն մարզերին` ըստ անհրաժեշտության:

Նախարարը շնորհակալություն է հայտնել հիմնադրամի ներկայացուցիչներին աջակցության համար և հույս հայտնել, որ առաջիկայում գործակցությունը կշարունակվի բոլոր հնարավոր ուղղություններով:

Հանդիպման ավարտին կողմերն անդրադարձել են երկրում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված իրավիճակին, խոսել պատվաստանյութերի ձեռքբերման գործընթացի մասին: