Հյուրանոցի սենյակից գողացել էր տղամարդու դրամապանակն ու հեռախոսը

Փետրվարի 9-ին, ժամը 01.50-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին դիմած տղամարդը հաղորդում էր տվել, որ Մարի ներկայացած անձը հյուրանոցի սենյակում, օգտվելով իր բացակայությունից, վերարկուի գրպանից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է 527.000 դրամ։ Կինը գողացել էր նաև սեղանին դրված բջջային հեռախոսն ու լիցքավորիչ սարքը։

Քանաքեռ-Զեյթունի բաժնի ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է Մարի ներկայացած կնոջ ինքնությունը։ Նա հայտնաբերվել և Սայաթ-Նովայի պողոտայից բերման է ենթարկվել բաժին։ 32-ամյա կինը տվել է խոստովանական բացատրություն և ներկայացրել բջջային հեռախոսն ու լիցքավորիչը:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դրամապանակն ու փողը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն, տեղեկացնում է ոստիկանությունը։