Մեր ազգի անիվը հետ է գնում, հիմնական պատճառը անիշխանությունն է, եթե այսպես շարունակվի, ես շատ վատ բաներ եմ տեսնում. Վահան Բադասյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Մարտական խաչի» ասպետ, Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը

– Վիտալի Բալասանյանն իր վերջին հարցազրույցում հայտարարել է, որ փակագծեր չի բացելու, բայց կտեսնեք, թե ինչ վիճակի մեջ է հայտնվելու Ադրբեջանը, խոսել է Հադրութի, Ասկերանի վերադարձի հնարավորության մասին: Դուք այդպիսի ռեալ շանսեր տեսնո՞ւմ եք, և ի՞նչ է ձեզ հայտնի այդ մասով:

– Ես կարող եմ դա համարել հայտարարություն լավատեսության շարքից: Ամեն մարդ իրավունք ունի լինել լավատես կամ հոռետես: Ես ռեալ տեսնում եմ այն, ինչ որ այսօր ունենք: 

Պետք է վերլուծելով գանք ու տեսնենք՝ ապագայում դա հնարավո՞ր է, թե՞ ոչ: Սթափ վերլուծելու դեպքում տեսնում ենք, որ հիմա մեր ազգի անիվը հետ է գնում, որի հիմնական պատճառն անիշխանությունն է: 

Ստորագրված եռակողմ համաձայնագիրը, ավելի ճիշտ երկկողմ համաձայնագիրը՝ Ադրբեջան և Հայաստան, ընդ որում՝ Հայաստանն այդտեղ պարտվող և կապիտուլյացիայի երթարկված կողմն էր, դրանից հետո չերևաց, թե ՀՀ իշխանություններն ինչով են զբաղված: 

Պարտվող կողմը ևս իրավունքներ ունի, բայց ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անմեղսունակ մարդը զբաղվում է ոչ թե Հայաստանի իրավունքների պաշտպանությամբ, այլ անգործունեությամբ: Առավոտից երեկո զբաղված է մանիպուլյացիաներով, խաբեություններով, ստերով: Նա միայն դա է կարողանում: 

Փաշինյանը չի հասկանում ռազմական գործից, ասում են՝ պարտադիր չէ, որ վարչապետը ռազմական գործիչ լինի: Նա չի հասկանում ֆինանսներից, ասում են՝ պարտադիր չէ, որ վարչապետը ֆինանսիստ լինի: Նա չի հասկանում մշակույթից, կրթությունից, ասում են՝ պարտադիր չէ, որ հասկանա կրթությունից, մշակույթից, ինքը նախարարներ ունի: 

Իսկ ինքն ինչի՞ց է հասկանում: Գոնե պատկերացում պե՞տք է ունենա, որ այդ ոլորտները ղեկավարի: Հասուն մարդուն հասկանալի է, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնողը պետք է բազմակողմանի զարգացած մարդ լինի: 

Նույնիսկ փորձը պարտադիր չէ, որ վարչապետն ունենա, փորձը նա պետք է ձեռք բերի վարչապետի պաշտոնի ընթացքում: Իսկ մոտավոր պատկերացումներ ունենալը պարտադիր է, հո դպրոց չի՞, որ գա առաջին դասարան սովորի: 

Նորմալ մարդը 1-2 տարվա մեջ մասնագիտություն է սովորում, իսկ ինքն այս ընթացքում միայն մանիպուլյացիայով է զբաղվում՝ ստելով և ուտելով:

– Այդուհանդերձ, Բալասանյանի հայտարարությունը որքանո՞վ է ռեալ: Նա ասել է նաև, որ լինելու են սահմանների ճշտում, Արցախի կարգավիճակի հարցի հստակեցում:

– Այսօր դա ռեալ չէ, քանի որ Հայաստանի իշխանությունները՝ հանձին վարչապետի, այդ հարցերով չեն զբաղվում: Ես էլ հակառակն եմ ասում, ես տեսնում եմ Արցախի շատ վատ օրեր, եթե այսպես շարունակվի: Ես տեսնում եմ Հայաստանի շատ վատ օրեր և ես էլ փակագծերը չեմ բացում: Եթե այսպես շարունակվի, ես շատ վատ բաներ եմ տեսնում: Իսկ ես համոզված եմ, որ այսպես չի շարունակվի, վերջիվերջո մենք ազգային ուժերով կհավաքվենք, դուրս շպրտենք հրապարակից այդ 17 կուսակցություններին, և արդեն ոստիկանությունը չի պաշտպանի այս անմեղսունակ խեղկատակին, նրան էլ դուրս կշպրտենք և մենք ոչ թե աթոռ կզբաղեցնենք, այլ պարտականություն կվերցնենք: 

Մեր երկիրը ծանր վիճակում է գտնվում, միայն խելագար մարդը կարող է այս պարագայում հանուն աթոռի վերցնել այդ պաշտոնը: Պետք է գա մեկը, որը պատրաստ է ամեն ինչ ներդնելու հայրենիքի փրկության համար: Հիմա հարցն այն է, թե ինչպես մենք կարող ենք դա կազմակերպել, որպեսզի ազգին հանենք այս իրավիճակից: 

Մենք օրերս կհայտարարենք այդ մասին, որ կազմակերպում ենք դա, ես անձամբ մասնակից եմ այդ գործընթացին: Պետք է ոչ թե լավ բաներ ասել հանրությանը, այլ իրականությունն ասել, որքան էլ այն դառը լինի: Իսկ իրականությունն այն է, որ մեր դաշնակից Ռուսաստանը մեզ վաճառեց: 

– Կարծում եք՝ Փաշինյանի հեռանալով ռեալ փոփոխություննե՞ր կլինեն:

– Եթե ազգային ուժերը գան, ապա, այո՛, ռեալ փոփոխություններ կլինեն: 

– Հիմա վարչապետը հայտարարել է արտահերթ ընտրությունների շուրջ քաղաքական ուժերի հետ հանդիպումներ սկսելու մասին: Հուսադրող չէ՞:

Կարևորն այն է, որ ինքը չպետք է մասնակցի հաջորդ ընտրություններին: Բայց ինքը փաստորեն մասնակցելու է: Այսօր ազգը գտնում է, որ Նիկոլ Փաշինյան վարչապետ մեզ պետք չէ, նա այլևս պարտության սիմվոլ է, նա հեղինակ է Եռաբլուրում բազմաթիվ զոհերի սպանության, նա ազգին այլևս պետք չէ: 

– Հաջորդ իշխանությունը ի՞նչ կարող է անել այս իրողություն դարձած հայտարարության հետ:

Այս Ընտրական օրենսգքով, այս «Կուսակցությունների մասին» օրենքով ուղղակի անհնար է, որ որևէ ազգային ուժ գա իշխանության, որովհետև որևէ ազգային ուժ չունի ռեսուրսներ, իսկ ընտրություններին մասնակցելու համար այդ ռեսուրսները պարտադիր են: 

Մեկ օրինակ բերեմ՝ մարզերում ռեյտինգային ընտրակարգով առաջարկվող թեկնածուների թիվը կարող է ապահովել այն ուժը, որն ունի իշխանական կամ ֆինանսական ռեսուրս, իսկ Նիկոլ Փաշինյանը լիքը ֆինանսական և թե իշխանական ռեսուրսներ ունի, իսկ ազգային ուժերը ո՛չ այս ունեն, ո՛չ այն:

Մանե Հարությունյան

MediaLab.am