Եվրոպացի բիզնես հրեշտակները՝ Հայաստանում

Եվրոպացի բիզնես հրեշտակները՝ Հայաստանում
Եվրոպացի բիզնես հրեշտակները՝ Հայաստանում

Սեպտեմբերի 17-ին Երեւանում ելույթ կունենան Եվրոպայի ամենաթոփ հրեշտակ ներդրողները՝ իտալացի Լուիջի Ամատին եւ ֆրանսիացի Բրիջիթ Բոումենը:

BANA-ն՝ Business Angel Network of Armenia-ն, կազմակերպում է ամենամյա ներդրումային կոնֆերանս, որի խոսնակներն են Business Angels Europe/BAE/ նախագահ, խոշորագույն “МЕТА” վենչուրային ընկերության գործադիր տնօրեն, իտալական հրեշտակ ներդրողների ցանցի հիմնադիր Լուիջի Ամատին, ինչպես նաեւ Եվրոպայի բիզնես ներդրող հրեշտակների ցանցի /EBAN/ պատվավոր նախագահ Բրիջիթ Բոումենը։    

Սեպտեմբերի 17-ին 2-րդ անգամ իրականացվող ներդրումային կոնֆերանսին ներկա կլինեն շուրջ 90 գործարար-ներդրողներ Հայաստանից եւ արտերկրից, ՀՀ Կառավարության ներկայացուցիչներ, ՏՏ ոլորտի բիզնես ղեկավարներ եւ այլք: 

Առավոտյան Լուիջի Ամատին, Բրիջիթ Բոումենը եւ BANA-ի տնօրեն Գրիգոր Հովհաննիսյանը կհանդիպեն ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի հետ՝ քննարկելու հայկական ստարտափ թիմերում ներդրումային հնարավորությունների մասին։

Իտալացի գործարար, հրեշտակ ներդրող Լուիջի Ամատիի ղեկավարած վենչուրային ընկերությունը շուրջ 40 միլիոն եվրո ներդրել է տարբեր երկրների ստարտափ թիմերում։ Լուիջի Ամատին Երեւանում կհանդիպի հայ ներդրողների հետ, նաեւ հետաքրքրված է հայկական ստարտափ թիմերում ներդրումներ անելու հեռանկարով։ 

Բրիջիթ Բոումենը 2015-ին ճանաչվել է եվրոպացի լավագույն ներդրող։ Նա Եվրոպայի վենչուրային եւ ստարտափ էկոհամակարգի ամենաազդեցիկ 50 կանանցից մեկն է, հիմնադրել է Go Beyond Early Stage Investing ներդրումային ընկերությունը, որը գործում է Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում եւ Շվեյցարիայում։ Բրիջիթ Բոումենը խորհրդատվություն է տրամադրում գործարարներին եւ տարբեր երկրների կառավարությունների ներկայացուցիչներին։

Եվրոպացի հատուկ հյուրերը կոնֆերանսին կմասնակցեն Հայաստանի Բիզնես հրեշտակների ցանցի (BANA) ղեկավար Գրիգոր Հովհաննիսյանի հրավերով: Նա Հայաստանի բիզնես Հրեշտակների ցանցի ղեկավարն է: Շուրջ 15 տարի ապրելով Միացյալ Նահանգներում՝ նա 4 տարի առաջ վերադարձել է հայրենիք: Գրիգորն իր գործընկերների հետ հիմնադրել է Հայաստանում առաջին Բիզնես հրեշտակների ցանցը:

ՏՏ ոլորտում ներդրումային հնարավորություններին ուղղած համաժողովն իրականացվում է Եվրոպական միության «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի եւ եվրոպական ESIL ծրագրի աջակցությամբ։

Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը: