Լեռնային Ղարաբաղի հայերը միայնակ չեն. իսպանացի գրողը բաց նամակ է հղել Արայիկ Հարությունյանին

Իսպանացի գրողԵՊՀ պատվավոր դոկտոր Գոնսալո Գուարչը բաց նամակ է հղել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ Գուարչն իր ուղերձում նշում է, որ Իսպանիայի բազմաթիվ քաղաքացիներ այս օրերին, երբ Ադրբեջանն Արցախի դեմ ագրեսիվ գործողություններ է սանձազերծում, արցախահայության կողքին են:

«Մեզ միավորում է քրիստոնեությունը: Նույնիսկ նրանք, որոնք չեն հետևում եկեղեցու բոլոր ծեսերին, գիտակցում են, որ մենք քրիստոնեական համընդհանուր մշակութային ժառանգության կրողներն ենք, որ մեզ միավորում է մի երկարատև պատմություն, որի ընթացքում երկու ժողովուրդները պայքարել են նույնանման արժեքների համար, մեզ միավորում են կյանքն ընկալելու արևմտյան մոտեցումը, նույն ընտանեկան արժեքները և համանման ինքնատիպ գծեր: Մեզ այնքան շատ բան է միավորում, որ նույնիսկ կարելի է ասել, թե հայերն ու իսպանացիները, որոնք միմյանց այդչափ նման ժողովուրդներ են, կարող են համարվել մեկ ընտանիքի անդամներ դեպի ապագան տանող ճանապարհին, որը մեր երկու ժողովուրդները պետք է անցնեն միասին»:

Գրողը խաբեություն է որակել այն հանգամանքը, որ Ղարաբաղի ժողովրդին այնտեղ հանդուրժել չկարողացողները փորձում են աշխարհին հավատացնել, թե իրբ հայ ժողովուրդը վտարել է ադրբեջանցիներին այդ լեռներից: Նա վստահորեն ընդգծել է, որ այդ ամենն ակնհայտ և ապացուցելի սուտ է:

«Բայց աշխարհը գիտակցում է, որ Լեռնային Ղարաբաղը միշտ հայկական հող է եղել, որովհետև քարերը համառ են, և այնտեղ շատ աճյուններ կան, որոնք ապացուցում են, որ այդ լեռները պատկանել են ժամանակակից հայերի նախնիներին դեռևս նեոլիթյան ժամանակաշրջանում: Ղարաբաղի հայ ժողովուրդը շարունակում է ապրել այդ նույն լեռներում, այդ նույն հովիտներում»,- նշել է Գոնսալո Գուարչը:

Իր նամակում նա Արցախի նախագահին հավաստիացրել է, որ Լեռնային Ղարաբաղի հայերը միայնակ չեն և Իսպանիան, Եվրոպան ու Արևմուտքը գիտեն իրադրությունը:

«Իսպանիան, Եվրոպան և Արևմուտքը գիտեն, թե ով է կանգնած այս դաժան հարձակման ետևում, ով է ուղարկել ինքնաթիռները, ծանր զինատեսակները, հրետանին, վերջին սերնդի անօդաչու սարքերը, ով է հազարավոր վարձկան ջիհադականների ուղարկել այդ տարածաշրջան, որոնցից շատերը նույնիսկ հարկադրված են եկել: Վարձկաններին ուղարկողները կարծես թե չգիտեն, որ մարդկությունը պատերազմ չի կամենում, այլ՝ ժողովուրդների միջև խաղաղություն, նաև չգիտեն, որ այս հակամարտությունից հայերը նորից դուրս կգան հաղթանակած, քանի որ նրանց թշնամիներին երբեք չի հաջողվի հաղթել հայ ժողովրդին, քանզի նրանցն է պատմության, բանականության և ճշմարտության ուժը:
Իսպանացի գրողն իր նամակի վերջում հայտնել է, որ հայերը երբեք մենակ չեն լինի, քանի որ միլիոնավոր տղամարդիկ ու կանայք արցախահայության հետ են:

«Դուք գտնվում եք բանականության, արդարության և ճշմարտության հովանու ներքո»,- եզրափակել է իր խոսքը Գուարչը: