«Պատկերացրի, որ զանգ ստանամ, հարցնեն՝ որտե՞ղ ես, ասեմ՝ «Շուշիում»․ Հակոբյանները՝ Շուշիից Աբովյան՝ վերադառնալու հույսով

Արցախյան 44-օրյա պատերազմում Շուշիի իրենց տունը, այգին և ամենը կորցնելուց հետո Հակոբյաններն իրենց «Շուշին» են հիմնել հարյուրավոր կիլոմետրեր հեռու՝ Աբովյան քաղաքում։ Արփի Գասպարյանն ասում է՝ մի գերնպատակ ունի՝ Շուշիում «Շուշի» ունենալ և ապրեցնել։ 

«Սկզբում մտածում էի մեր գեղեցկության սրահի անունը դնեմ՝ «Եկ ղիշինգյաց» («Արի գեղեցկացի»), հետո մտածեցի, որ կոպիտ ա ստացվելու։ Դրանից հետո մտքովս անցավ՝ «Նախշուն բաջի», բայց դա էլ չհավանեցի։ Մեկ էլ ամուսինս կողքից առաջարկեց՝ «Շուշի»։ 

Սկզբում ասեցի՝ չէ, «Շուշին» շատ պատասխանատու ա, ո՞նց դնենք։ Բայց հետո հասկացա, որ հենց «Շուշի» պիտի լինի սրահի անունը: Պատկերացրի, որ զանգ ստանամ, հարցնեն՝ որտե՞ղ ես, ասեմ՝ «Շուշիում», կամ ասեն՝ ուր ես գնում, ասեմ՝ «Շուշի», էդ ժամանակ Շուշին կսկսի ապրել։ Էդպես միանգամից ասեցի՝ վե՛րջ, «Շուշի» ենք դնում»,- պատմում է ընտանիքի մայրը՝ 35-ամյա Արփի Գասպարյանն ու հավելում՝ «Շուշիի» հիմնումը շատ պատահաբար ստացվեց։

Աբովյանում Արփին կարողացել է «Շուշի» հիմնել՝ մասնակցելով Հայաստանում գործունեություն ծավալող միջազգային կազմակերպություններից մեկի կանանց ձեռներեցության ծրագրին: Նրա ներկայացրած բիզնես գաղափարը հաղթել է՝ արժանանալով 1 միլիոն 525․000 դրամ դրամաշնորհի, որով եւ բացել է գեղեցկության սրահը:

Արփին ասում է՝ իր բիզնես գաղափարի հիմքում գեղեցկության սրահի հիմնումն էր, որ նախատեսված էր «իր նման մարդկանց համար»: 

«Գեղեցկության սրահում պետք է աշխատեին պատերազմից տուժած մարդիկ՝ տեղահանված, զոհվածի հարազատ կամ էլ սկսնակ մասնագետներ, որոնք մասնագիտությունը սովորել, սակայն հնարավորություն չեն ունեցել աշխատելու»,- «Մեդիալաբին» պատմում է նա և հավելում՝ սրահը բացել են 2022 թվականի մայիսի 9-ին՝ Աբովյանի 3-րդ միկրոշրջանում։ 

Այսօր սրահում իրենց առաջին քայլերն անող մասնագետները մատուցում են մատնահարդարման, դիմահարդարման և նմանատիպ այլ ծառայություններ։ 

«Հիմա սրահը դժվարությամբ եմ կարողանում պահել, որովհետև մարդիկ դեռ այնքան էլ չեն վստահում սկսնակ մասնագետներին ու նախընտրում են գնալ այլ, ավելի մեծ անուն ունեցող կենտրոններ։ 

Ինձ էս պահին ֆինանսավորում ա անհրաժեշտ սրահը պահելու համար, որովհետև ուզում եմ Աբովյանում «Շուշին» ծաղկեցնել։ Երբեք որևէ մեկին չեմ դիմել օգնության համար, բայց հիմա զգում եմ, որ սարքերի ու թեկուզ վարձի հարցում օգնության կարիք ունեմ՝ գոնե սկզբնական շրջանում»։

Ու թեև եղած դժվարություններին, սրահը փակելու բազմաթիվ հորդորներին, Արփին ասում է՝ մի գերնպատակ ունի՝ Շուշիում «Շուշի» ունենալ։ Չի հանձնվելու և սրահն ամեն կերպ պահելու է։ 

Բազմաթիվ դժվարություններ հաղթահարած Հակոբյանների լավատեսությունը վարակիչ է: Շուշիում սեփական տուն ու տնտեսություն, սեփական բիզնես ունեցող Հակոբյանների վեց անդամից բաղկացած ընտանիքը հազարավոր ընտանիքների նման ամեն ինչ կորցրել է պատերազմի հետևանքով: 

Այսօր Հակոբյանների տան լռությունն ու ներդաշնակությունը խախտվում են միայն «պատերազմ» բառից։

«Երբեք չենք մոռանա էդ օրը, երբ արթնացանք պայթյունի ու ցնցումների ձայներից։ Սկզբում մտածեցինք, թե երկրաշարժ ա, բայց հետո մտանք ու կարդացինք, որ Ստեփանակերտը խփել են, ու տենց հասկացանք, որ պատերազմ ա»,- 2020-ի սեպտեմբերի 27-ի առավոտն է հիշում ընտանիքի մայրը՝ Արփին, որի հարազատ եղբայրը ևս պատերազմի դաշտից չի վերադարձել։ 

Սեպտեմբերի 27-ը անվերադարձ փոխեց Հակոբյանների ճակատագիրը: Այդ օրն ընտանիքը գիշերեց նկուղում, քնեցին սեղաններին ու աթոռներին, իսկ մեկ օր անց ճանապարհ բռնեցին դեպի Երևան՝ վերցնելով շանը՝ Արջուկին, ու կատվին՝ Ռիժիկին՝ չպատկերացնելով անգամ, որ վերադարձի կամուրջներն այլևս այրված են լինելու: 

«Շանը փամփերսով տեղավորել էինք բագաժնիկում, Ռիժիկը իմ գիրկն էր, Նարեն՝ Տիկոյի, Սամոն ընդեղ էր մի ձև տեղավորվել, մաման՝ աջից, պապային էլ ճամփից վերցրինք։ Տենց հասանք Երևան»,- ծիծաղով հիշում է 15-ամյա Մարիա Հակոբյանը:

Երևան հասնելով՝ ընտանիքն օթևանում է հյուրանոցներից մեկում, որն այդ պահին արցախցիներին ծածկ էր տրամադրում, սակայն նոյեմբերի 9-ին ամենը գլխիվայր շրջվում է, երբ Շուշին անցնում է Ադրբեջանի տիրապետության տակ։

«Նոյեմբերի 9-ի գիշերը իմացանք, որ էլ հետ գնալու տեղ չունենք, էդ ամենացավոտն էր։ Հյուրանոցի տնօրենը երկու ամիս իր հաշվին պահել էր մեզ, բայց այլևս չէր կարող, ու էդպես մենք սկսեցինք տուն փնտել»,- ասում է Արփի Գասպարյանը։

Հայաստանում Հակոբյանները ստիպված էին զրոյից սկսել իրենց կյանքը: Ընտանիքը նախ բնակություն է հաստատում Երևանում, իսկ ամիսներ անց տեղափոխվում Աբովյան քաղաք, որտեղ էլ ապրում է մինչ օրս։ Տան հարցը լուծելուց հետո ամեն ինչ կորցրած ընտանիքի ավագները փորձում են դիմակայել և լուծել հաջորդ հարցը՝ աշխատանք գտնել: 

Արփին որպես վաճառող աշխատանք է գտնում Աբովյանի տնտեսական խանութներից մեկում, իսկ ամուսինը՝ Մանվել Հակոբյանը, որը ուշուի և քունգֆուի մարզիչ էր, ինչպես նաև 12 տարի որպես դպիր է ծառայել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում, սկսում է տաքսի վարել: 

Երևան-Արցախ-Երևան երթուղում տաքսու վարորդ աշխատելը սակայն երկար չի տևում, մի դեպքում՝ Արցախի շրջափակումը, մյուս դեպքում՝ մեքենայի վթարվելը զրկում են ընտանիքին նաև եկամտի այս աղբյուրից:

«Ամենադժվարը հենց Մանվելի համար էր։ Որ իմացավ Ղազանչեցոցին խփել են, փոքր երեխու պես լացում էր, որովհետև եկեղեցու ամեն անկյունը գիտեր։ Երբեք չէի տեսել, որ տղամարդն էդպես լաց լիներ։ Գիտեք՝ Ղազանչեցոցում նույնիսկ խնկի հոտն էր ուրիշ, ամեն ինչ էր ուրիշ, դրա համար մենք էլ ենք շատ կարոտում»,- հիշում է Արփին ու հավելում՝ ամուսնու համար հատկապես դժվար էր, որովհետև իր տունն էլ երկրորդ անգամ էր կորցնում։ 

Մանվելի ընտանիքը 1988 թվականի Սումգայիթի ջարդերի ժամանակ էր հաստատվել Արցախում:

Այսօր Հակոբյանները հաճախ են հիշում Շուշիի իրենց երկհարկանի տունն ու դրա դիմաց գտնվող փոքրիկ բակը, որտեղի թթի ծառի շվաքում կարող էին հավաքվել օրվա բոլոր ժամերին։ Ափսոսանքով են մտաբերում հատկապես բակին կից մրգատու այգին՝ բալի, ընկույզի, պնդուկի ու կեռասի ծառերով, իսկ ելակն էլ, որ դեռ նոր էին տնկել ու խնամում, այդպես էլ չհասցրին վայելել։ 

«Մենք ամեն ինչ ենք ունեցել, ոչ մի բանի կարիք չունեինք մինչև պատերազմը, բայց էդ ամեն ինչից ոչ մի բան չի մնացել, ամբողջը քանդել են։ Տնից դուրս գալուց մենակ մեր կատվին՝ Ռիժիկին ու շանը՝ Արջուկին ենք հանել, բայց իրան ավելի ուշ ստիպված եղանք հանձնել որդեգրության Ամերիկայում»,- ասում է Արփին:

Այն հարցին, թե ինչ կբերեր այսօր իրենց տնից, 9-ամյակը վերջերս բոլորած Նարեն ասում է՝ տան դիմացի բալի ծառը։ Ու թեև ընտանիքը տեսել է, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները տակնուվրա անում իրենց տունը, բայց, միևնույն է, դեռ երազում են այնտեղ վերադառնալու և այն կարգի բերելու մասին։ 

«Ես միշտ պատկերացնում եմ՝ ոնց եմ Շուշիի մեր տունը հավաքելու, որովհետև մենք վիդեոյում տեսել ենք՝ ոնց են մեր տունը ավերել»,- նշում է Արփին ու հավելում՝ ամեն ինչ իր ձեռքով է հավաքելու։ 

Կրած և ոչ մի դժվարություն ընտանիքի անդամներին չի հուսահատեցրել։ Ընտանիքի ավագ որդին՝ 18-ամյա Տիգրան Հակոբյանը, այսօր ծառայում է հայոց բանակում, 15-ամյա Մարիան սովորում է քոլեջում, իսկ 12-ամյա Սամվելն ու 9-ամյա Նարեն սովորում են տեղի դպրոցներից մեկում։ 

«Գիտեք՝ ինձ փոքրուց ասել են, որ ուժեղ եմ, բայց ես երբեք չէի զգում էդ ուժը, իսկ հիմա, որ հետհայացք եմ գցում, հասկանում եմ, որ, հա՛, ես իրոք ուժեղ եմ, որ էդքան բանն արել եմ։

Հիմա ամենակարևորն էն ա, որ էս պահին մեր ընտանիքը լիարժեք ա, ու բոլորս միասին ենք, ոչ թե իրարից հեռու, իսկ էն, որ մենք գնալու ենք Շուշի, էդ հաստատ ա, երբ ու ոնց՝ դա էլ ժամանակը ցույց կտա»,- ասում է Արփի Գասպարյանը։

Անի Մարտիրոսյան

Լուսանկարները՝ Սոֆի Խաչատրյան

MediaLab.am