«Հենց զգում ես, որ պիտի կոտրվես, չպետք ա քեզ թույլ տաս, եթե ջարդվես, ավելի վատ կլինի»․ Արփին ասում է՝ պատերազմը իրենց ժպիտները դարձրեց արհեստական

Պատերազմից հետո Շուշիից չորս երեխաների մայր Արփի Գասպարյանը փորձում է իր մեջ ամեն օր ուժ գտնել, ոտքի կանգնել ու ապրելու, առաջ շարժվելու հնար գտնել։ 

Շուշիից տեղահանումը, ապա եղբոր զոհվելու մասին լուրը և Հայաստանում առաջ եկած բազմաթիվ խնդիրները ընկճել են, հիասթափեցրել ու մեծ ցավ են պատճառել և՛ իրեն, և՛ ընտանիքի մյուս անդամներին, բայց Արփին հասկացել է․ «Եթե ջարդվես, ավելի վատ կլինի։ Երբ ես մի օր թուլանում եմ, բոլորը միանգամից կոտրվում են՝ մամաս, քույրս, եղբորս ընտանիքը, ուրիշ ճար ունե՞մ»։

Պատերազմի երրորդ օրը Արփին չորս երեխաների հետ տեղահանվել է Շուշիից ու տեղափոխվել Երևան։ Այդ ժամանակ առաջնագծում էր արդեն եղբայրը, որը Մարտունի 3-րդում կադրային սպա էր, ամուսինն էլ Արփիին ու երեխաներին Երևանում տեղավորելուց հետո, չնայած առողջական խնդիրներին, որոշում է կամավոր մեկնել առաջնագիծ։

Արփին ասում է, թեև ծանր էր այդ ժամանակահատվածը, բայց հույս կար, որ լավ է լինելու, որ շուտով հայրենիք են վերադառնալու։ Սակայն ոչ միայն այդ սպասումները չարդարացան, և հայրենիքը կորցրեցին, այլև ամենադաժանը՝ ստացան եղբոր զոհվելու մասին լուրը։

«Մեր կյանքը գլխի վրա շուռ եկավ: Ինձ անընդհատ թվում ա, որ եթե աչքերս պինդ փակեմ, նորից բացեմ, սեպտեմբերի 26-ը կլինի, կքնեմ, կարթնանամ, ու պատերազմ չի լինի։ Ես տեսել եմ ախպորս, բայց չէի հավատում։ Ես անընդհատ զանգում էի իրան, մինչև իրա համարը ցույց տվեց՝ գոյություն չունի։

Նոյեմբերի 9-ին եղբորս հուղարկավորությունն էր, այդ գիշերն էլ հայտարարեցին, որ պատերազմը վերջացավ։ Շուշին չկա, եղբայրս չկա։ Էսօր մենակ վիդեոներով ենք նայում՝ ոնց են մեր տները մտնում»,- հուզմունքը կոկորդում խեղդելով ասում է կինը։

Արփիի եղբայրը՝ 31-ամյա Գևորգ Գասպարյանը, զոհվել է նոյեմբերի 6-ին։ 

Քույրը պատմում է, որ եղբայրը մասնակցել է Մարտունու թեժ մարտերին։ Նոյեմբերի 3-ին առավոտյան վիրավորում է ստացել, ծնոտը կոտրված 2-3 ժամ շարունակել է կռվել է, մինչև ստացել է երկրորդ ծանր վիրավորումը՝ գլխից, որն արդեն կյանքի հետ անհամատեղելի է եղել: 

«Երբ առաջին վիրավորումը ստացել ա, ինքն իրան ձիգ ա պահել, շարունակել ա կռվել, ոտքից վիրավոր մի զինվոր էդ վիճակում մոտեցել ա, ժգուտ կապել, առաջին օգնություն ցույց տվել, ըտեղ էլ խփել են իրան գլխից։ 

Սկորիի վարորդը՝ 19 տարեկան տղեն, ասում ա՝ ես մտա էն պահին, որ իրա ուղեղը թափած էր ու խռխռացնում էր… Ես ամենաֆանտաստիկ կինոներում ըտենց բան չէի տեսել, որ ուղեղը կարա իրա կողքը թափած լինի, ու ինքը խոսա… ես ուղեղը բռիս մեջ հավաքելով՝ չգիտեմ ոնց եմ օգնություն ցույց տվել, որ հանեմ»,- պատմում է քույրը ու ասում, որ եղբորը սկզբում տեղափոխել են Արցախի հիվանդանոցներ, իսկ նոյեմբերի 4-ի լուսադեմին Երևան են բերել։

«Սկզբում ասին՝ թեթև վիրավորում ա, ես հասա էնտեղ ու տեսա՝ ի՜նչ վիճակում ա… Երեք օր սիրտը խփում էր, բայց օրգանները չէին աշխատում, ինքը կոմայի մեջ էր։ Նոյեմբերի 6-ին մահացավ»,- հուզվում է քույրը։

Արփին ասում է՝ այժմ իրենց տուն են առաջարկում Ասկերանում, Մարտունիում, բայց այս դեպքերից հետո այնտեղ վերադառնալու ոչ սիրտ ունի, ոչ էլ անվտանգ է համարում:

«Հենց հիմա ասում են՝ արի՛ Մարտունիում, Ասկերանում տուն կտանք, ապրի, բայց ես չեմ կարում, վախենում եմ գնամ։ Հեռվից որ նայեմ, էդ թուրքերի մեջ եղբորս սպանողին եմ տեսնելու, ես իրանց հետ ո՞նց ապրեմ։ Ճիշտ ա, եղբորս ընկերներն ասում են՝ իրան խփողին խփել են, բայց ես չեմ կարում գնամ»,- ասում է քույրը:

Արփին նշում է՝ պատերազմից հետո, եղբոր զոհվելուց հետո խնդիրները իրար հերթ չեն տալիս։ Եղբոր ընտանիքի համար փորձել է տարբեր տեղեր հետաքրքրվել՝ ինչպե՞ս կարող են տուն տրամադրել նրանց, սակայն պատասխանները հուսահատեցնող են եղել:

«Եղբայրս զինվորական էր, զոհվելուց հետո զանգեցի ՊՆ սոցապ բաժին, ասեցի՝ ինչքան գիտեմ, դուք պայմանագիր եք կնքել իմ եղբոր հետ, ոնց որ բոլոր պայմանագրային զինծառայողների հետ, որ որոշակի տարիներ ծառայելուց հետո իրեն ծառայողական տուն եք տալու, որը հետո մնալու է իրանց։ 

Եղբայրս ձեզ հետ պայմանագիրը չի խզել, մինչև վերջին շունչը կռվել ա։ Հիմա իրա ընտանիքը մնացել ա դրսում, էն ժամանակ հայրը կար, աշխատում էր, նորմալ էր, որ վարձով էին ապրում, հիմա պապան չկա, տան կերակրողը չկա, ո՞նց պիտի լինի երեխեքի վիճակը, ասեցին՝ որ էդպիսի կետ չկա, իրանք տուն չեն տալիս։

10 միլիոնն էլ որ տրամադրվելու ա, էդ փողով ո՞նց առնենք։ Ես էնքան եմ կենտրոնացել իրանց վրա, որ մոռացել եմ, որ ես էլ եմ վարձով ապրում, որ պիտի շուտով դուրս գանք, ու մեզ վարձով տուն չեն տալիս,- սրտնեղած ասում է Արփին։

Նշում է, որ դժվարությամբ են վարձով տուն գտել, բայց էլ չեն կարող այդտեղ ապրել ինչ-որ հանգամանքների պատճառով, իսկ կարճ ժամանակում տուն գտնելն էլ գրեթե անհնար է, հատկապես որ հատուկ վերաբերմունք կա արցախցիների նկատմամբ:

«Ասում են՝ ղարաբաղցու տուն չունենք տալու։ Էնքան եմ ափսոսում իմ ախպոր կյանքը, էսօր էդ մարդիկ որ մտածում են՝ ղարաբաղցու տունը վարձով տան, թե չտան, չնայած հնդիկի ու պարսիկի մեծ սիրով կտան, իրոք ափսոս ա: Մենք մեր տնից զրկվեցինք, բայց եթե իմ ախպերս ու իրա նմանները ողջ լինեին, էսօր մենք անտեր չէինք լինի»,- հուզվում է Արփին։

Ասում է, որ վարձով տուն գտնելու դժվարություններից է նաև այն, որ տանտերերը խուսափում են տուն տրամադրել մի քանի երեխա ունեցողների և նաև կենդանի պահողներին:

«Արեշում սեփական տուն էինք գտել, ասում են՝ կենդանիների հետ չենք տալիս, ասում եմ՝ բուն էլ ունի։ Ես էնտեղից փրկել, բերել եմ, ո՞նց դուրս գցեմ: Ես իրանց փողոցից գտել, 2 տարի պահել եմ մեր տանը Շուշիում։ Երբ պատերազմը սկսվեց, տնից դուրս էինք գալիս, ես չէի մտածում, որ հետ չենք գա, բայց ասեցի՝ հո իրենց մենակ չեմ թողնի… Ես եկել եմ՝ չիմանալով՝ ո՛ւր եմ գալու»,- պատմում է Արփին։

Արփին նշում է, որ կյանքը հիմնիվեր փոխող դեպքերից հետո քիչ էր մնում խենթանար, բայց հասկացել է, որ եթե այդպես շարունակվի, միայն վատ է լինելու, ուրիշ ճար չկա, քան փորձել ուժերը հավաքել ու նոր ուղիներ փնտրել։ 

«Ես եղբորս մահից հետո շատ սթրես եմ տարել, էն Արփին, որ շատ ուժեղ ա եղել, կոտրվել էր։ Զգացի, որ եթե սենց շարունակվի, նախ՝ ես կխենթանամ, հետո՝ երեխեքս էին կոտրվում։ 

Որոշեցի ինձ հավաքեմ, ոչ թե հոգեբանների դիմեմ, այլ գնամ մի նոր բան սովորեմ, էդ պահին որոշեցի կոսմետոլոգիա սովորեմ։ Եռամսյա ծրագիր կար արցախցիների համար, դիմեցի, իրենք 100 հազար աշխատավարձ են տալիս պրակտիկայի համար, ինձ մնացել ա մեկ ամիս։ 

Երևանից բացի ուրիշ տեղ տուն չվարձելու խնդիրն էլ էդ ա, որ չեմ կարող հեռու գնալ, որ էդ 100 հազարից չզրկվեմ։ Երեխեքն էլ ամեն տեղափոխություն ծանր են տանում»,- բացատրում է կինը:

Ասում է՝ օրեր են լինում, շատ է հիասթափվում, բայց հասկանում է նաև՝ գնալու տեղ չունի, միակ ելքը նոր հմտություններ ձեռք բերելն է ու առաջ նայելը:

«Պատերազմը միանգամից մեր ժպիտները դարձրեց արհեստական, պատերազմը շատ բան փոխեց, բայց նաև սովորեցրեց, որ հենց զգում ես, որ պիտի կոտրվես, չպետք է քեզ թույլ տաս, պետք է ուժեղանաս, որ ջարդվես, ավելի վատ կլինի։

Ես նաև փորձում եմ ինքս ինձ համոզեմ, որ լավ կարգավիճակում եմ։ Կան մարդիկ, որոնց հարազատների գերեզմանները մնացել են Շուշիում, ինձ հարազատ մարդու գերեզման ա մնացել Շուշիում, գիտեմ, որ իրա գերեզմանի քարը ջարդել են, իրա մաման չի կարա գնա, իրա գերեզմանին լացի, ինձ մի պահ հավաքում եմ, ասում եմ՝ խոսալու տեղ չունես, դու գիտես, որտեղ կարաս գնաս, լացես, բա էն մեկն ինչ անի»,- հուզմունքով ասում է Արփին։

Արփինե Արզումանյան

MediaLab.am