Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է ՀՀ ՊԵԿ աշխատակցի կողմից կաշառք պահանջելու և ստանալու դեպք:
Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ ՊԵԿ հարկային օպերատիվ վարչության Գորիսի տարածքային հարկային տեսչության գլխավոր տեսուչը, տեղյակ լինելով, որ «Կապույտ բազալտ» ՍՊԸ-ն առանց համապատասխան թույլտվության իրականացրել է քարի արդյունահանում և վաճառք, ինչպես նաև չի գրանցել աշխատակիցների գերակշիռ մասին, նշված հանգամանքը չարձանագրելու և օրինական ընթացք չտալու համար պահանջել և որպես կաշառք ստացել է բազալտ քար (ընդհանուր առմամբ՝ շուրջ 600.000 ՀՀ դրամի արժեքի չափով): Փաստացի ընկերությունը 2017-18թթ. արդյունահանել և առանց հարկերը վճարելու իրացրել է 17.500.000 դրամ արժողությամբ շուրջ 700 խորանարդ մետր քար՝ պետությանը պատճառելով էական վնաս:
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Մեղադրանք է առաջադրվել 2 անձի: ՊԵԿ պաշտոնյան կալանավորվել է։
Կատարվում է նախաքննություն, տեղեկացնում է ԱԱԾ մամուլի կենտրոնը