«Շատ նեղ վիճակում ենք, հրաժարվել եմ և՛ առաքիչից, և՛ խանութի աշխատակցից»․ Terracotta արվեստանոցները՝ համավարակին

«Երբ մարտին հայտարարվեց վիրուսի մասին, կարանտին մտցվեց, մեզ վրա՝ որպես դպրոցի, դա միանգամից անդրադարձավ, մարդիկ գոնե ապրիլից փակեցին ինչ-որ բան, մենք մարտից արդեն փակ էինք, մերը միկրոբիզնես է, այդպիսի բաները շատ կործանիչ են բիզնեսի համար»,- ասում է Terracotta արվեստանոցների ցանցի հիմնադիր-տնօրեն Նանա Մանուչարյանը։

Terracotta studio-ն զբաղվում է դեկորատիվ-կիրառական արվեստով՝ ստեղծելով երեխաների ստեղծագործական մտքի զարգացման համար միջավայր։ Այն գործում է շուրջ 10 տարի, մասնաճյուղեր կան նաև մարզերում։

Համավարակի տարածումը և արտակարգ դրությունը խրթին իրավիճակ են ստեղծել բիզնեսի համար, սակայն հիմնադիրը նոր ելքեր է փնտրել այս իրավիճակում բիզնեսի գործունեությունը չդադարեցնելու համար, որը չնայած ֆինանսական առումով եկամտաբեր չէ, բայց ապահովում է որոշակի շարժ։

«Ես մտածեցի, թե ինչ անենք. մենք մարտին ունեինք հաճախորդներ, որոնք վճարել էին դասերի համար, գարնանը մեր ամենամեծ եռանդով աշխատելու ժամանակն է, որ շատ բան ենք հասցնում անել, ու ես որոշեցի՝ պետք է մի բան անել, գոնե եթե ոչ բիզնեսային, ապա փորձենք վերադարձնել այն, ինչ պետք է մարտին արած լինեինք, ու սկսեցինք»,- պատմում է նա։

Պատրաստի'ր կեվե խաղալիք

Մեր առցանց դասերը շարունակվում են։Դասերի պայմաններին ծանոթանալու համար՝ գրեք մեզ 🙂

Gepostet von Terracotta Studio am Donnerstag, 16. April 2020

Terracotta արվեստանոցների ցանցի աշխատանքը սկսեց տեղափոխվել առցանց հարթակ, ինչը նոր փորձ էր ստուդիայի համար, բայց միևնույն ժամանակ ստուդիայի գործունեությունը շարունակելու միակ եղանակը։ 

«Իմ օգնականը դարձավ օպերատոր, ես դարձա հաղորդավար-մոնտաժող, և սկսեցինք նկարահանել առցանց դասեր հաճախորդների համար։ Մենք ունեինք կամերաներ, որոնցով ես անում էի մեր լուսանկարները, հետո հասկացանք՝ ձև չկա, էս կարանտինը երկար է տևելու, ես ուղղակի նստեցի ու սկսեցի ծրագիր սովորել»,- ասում է Նանա Մանուչարյանը, որն ինքնուրույն մոնտաժի ծրագիր է սովորել, որպեսզի տեսագրված դասերը մոնտաժի, և ստուդիայի աշխատանքը կանգ չառնի։

Ստեղծված իրավիճակում հիմնադիրը նաև առաքիչ է։ Դասերին մասնակցելու համար հաճախորդներին  անձամբ է ապրանքներ առաքում: «Քանի որ շատ նեղ վիճակում ենք, հրաժարվել եմ և՛ առաքիչից, և՛ խանութի աշխատակցից, որովհետև դա հնարավոր չէր փոքր բիզնեսի դեպքում այսքան ամիս պահել»,- ասում նա։

«Իրականում չարչարանքը սարսափելի է, մենք ունենք մեկ մեքենա, ու ամբողջ բեռն է ընկել այդ մեքենայի վրա, որովհետև տրանսպորտը չի աշխատում, ես մեր աշխատակիցներին, ով կարողանում է աշխատել, վերցնում եմ ու հետո տանում եմ տուն»։ 

Հիմնադիրը նշում է, որ այժմ աշխատանքի եկամուտը քիչ է, աշխատողները շատ չնչին են վարձատրվում, թեպետ պատրաստակամորեն աշխատում են, ինչ հնարավոր է՝ անում են։

Ասում է, որ այսօր բավականին հաճախորդ են կորցրել, բայց կան նաև նոր հաճախորդներ, որոնք մինչ այդ ժամանակի սղության պատճառով չեն կարողացել դասերի հաճախել:

«Արդեն մեծ բազա ենք հավաքել դասերի, մոտ 30 դաս արդեն արել ենք, կավից իրեր ենք պատրաստում, ունենք դասեր, որ երեխաները խաղալիք են պատրաստում և դասից հետո կարող են զբաղվել։ Ուրախ եմ, որ դասերը հաջող են անցնում։ Իմ գաղափարն այն էր, որ երեխան դասը նայի, ոգևորվի, տեխնիկան սովորի ու ինքը նստի իր համար բզբզա, էկրանից մի կողմ գնա ու բզբզա»։

Նշում է, որ այս դժվարին շրջանում մեկ այլ նոր ստարտափ ծրագրի մտահղացում է ունեցել, որը սկսել է գործարկել։ Թխվածքի տեսակ են պատրաստում՝ շոկոլադ ու ընկույզ, շոկոլադի սիրահարների համար, սա նոր փորձ է, որը, հույս ունի՝ կհաջողի։

Նանա Մանուչարյանը նշում է, որ այս իրավիճակը հաղթահարելուց հետո մտադիր է շարունակել նաև առցանց դասերը, քանի որ հետաքրքրություն կա և դասերի մեծ բազա։

Նրա խոսքով՝  չնայած իրավիճակը դժվար է, գումար են վճարում տարածքների համար, թիմը փոքր է, և վաստակում են անհամեմատ քիչ, քան նախկինում, բայց Մանուչարյանը վստահ է, որ չեն կարող ոչինչ չձեռնարկել և փակված մնալ։

Արփինե Արզումանյան

MediaLab.am