Այսօր պոլիոմիելիտի դեմ պայքարի համաշխարհային օրն է.Արսեն Թորոսյան

ՀՀ ԱԺ պատգամավոր, Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր

էջում գրել է.

Պոլիոմիելիտը բարձր վարակելիությամբ վիրուսային հիվանդություն է: Այն ախտահարում է նյարդային համակարգը՝ առաջացնելով կայուն հաշմանդամություն, երբեմն՝ մահ:

Հիմնականում հիվանդանում են 2-ից 5 տարեկան երեխաները։ Ամբողջ աշխարհում տասնամյակներ շարունակ պոլիոմիելիտի դեմ իրականացվող պատվաստումների շնորհիվ հիվանդությունն աշխարհում գրեթե վերացել է. միայն Աֆղանստանում և Պակիստանում է դեռևս շարունակվում է վայրի պոլիովիրուսի շրջանառությունը:

1988թ.-ից վայրի պոլիովիրուսի դեպքերի թիվը իջել է 99%-ով` 350.000-ից իջնելով 175 դեպքի 2019թ.-ին:Հայաստանի Հանրապետությունում 1995թ.-ից չի արձանագրվել պոլիոմիելիտ հիվանդությունը, որը նախկինում տարեկան առնվազն 2-3 երեխայի կայուն հաշմանդամության պատճառ էր դառնում:

2002թ.-ին Հայաստանը, ի թիվս եվրոպական տարածաշրջանի երկրների, հռչակվել է «պոլիոմիելիտից ազատ» երկիր և առ այսօր, շնորհիվ պատվաստումների բարձր ցուցանիշի, հաջողությամբ պահպանում է այդ կարգավիճակը:

Պոլիոմիելիտի դեմ պայքարի գործում մեծ կարևորություն ունի կենդանի թուլացված վիրուսով բերանային պոլիոմիելիտի պատվաստանյութի (ստորև նկարում) փոխարինումը ինակտիվացված վիրուսով պատվաստանյութով և այս նպատակով 2019թ.-ի փետրվարից մեր երկիրը փոխարինել է կենդանի բերանային պոլիոմիելիտի պատվաստանյութը ինակտիվացված պատվաստանյութով ՝ վեցավալենտ պատվաստումների մեկ դեղաչափի ներդրմամբ, որը միանգամից պաշտպանում է հետևյալ հիվանդություններից` դիֆթերիա, փայտացում, կապույտ հազ, հեմոֆիլիա Բ, հեպատիտ Բ և պոլիոմիլեիտ: