Արամյանցի առանձնատան ճակատագիրը դեռ անհայտ է. փոխնախարարի խոստումների հետքերով.Fip.am

Fip.am-ը գրում է.

2019 թվականի դեկտեմբերին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի՝ այն ժամանակվա փոխնախարար Նարինե Խաչատուրյանն «Առաջին ալիքի» ռեպորտաժում հայտարարել էր, որ պետությունը մտադիր է գնել թիֆլիսահայ բարերար Միքայել Արամյանցի՝ Ախթալայում գտնվող առանձնատունը:

Ռեպորտաժում նշվում էր, որ Լոռվա մարզպետարանի նամակի հիման վրա կառավարությունը որոշում է կայացրել գումար հատկացնել Արամյանցի դղյակը գույքագրելու և գնահատելու համար:

2019 թվականին սեփականատիրոջ ներկայացուցիչները մշակույթի նախարարությանը հայտնել էին, որ հետաքրքրված են վաճառքով: «Զբոսաշրջային առումով սա մի բացառիկ հանգրվան կդառնա»,- հայտարարել էր փոխնախարարը:

«Փաստերի ստուգման հարթակը» որոշել է պարզել, թե ինչ փուլում է ներկայում Արամյանցի դղյակի գնման գործընթացը:

Արամյանցի դղյակի պատմությունը

Դղյակը 19-րդ դարում Ախթալայում կառուցել է մեծահարուստ Միքայել Արամյանցը: Այստեղ է 1918 թ. մայիսի 28-ին ստորագրվել Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման հռչակագիրը:

2005 թվականին առանձնատունը գնել է Սերոբ Տեր-Պողոսյանին պատկանող «Մեթըլ Փրինս Էլ Թի Դի» կորպորացիան:

Նշենք, որ Տեր-Պողոսյանը 2011 թվականին մանկապղծության մեղադրանքով դատապարտվել է 15 տարվա ազատազրկման և երեք տարի անց մահացել է բանտում: Դրանից հետո առանձնատունը պատկանում է «ԼՕԶԷ» ՍՊԸ-ին, որի սեփականատերը Սերոբ Տեր-Պողոսյանի կինն է:

2016 թվականի նոյեմբերին մի քանի տասնյակ մտավորականներ դիմել էին վարչապետ Կարեն Կարապետյանին՝ նշելով, որ վերջին 11 տարում որևէ էական ներդրում չի կատարվել դղյակում, և այն գտնվում է փլուզման եզրին:

Նամակի արդյունքում՝ նույն տարում կառավարության որոշմամբ դղյակն ընդգրկվել էր պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում և ստացել պատմամշակութային հուշարձանի կարգավիճակ:

2016 թ. դեկտեմբերի 22-ին այն կառավարության որոշմամբ ճանաչվել է բացառիկ գերակա շահ: 

2017 թվականին Կարեն Կարապետյանը Լոռի այցի ժամանակ եղել էր նաև Ախթալայում, այցելել Արամյանցի դղյակ և հայտարարել, որ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ղեկավար Վահե Կարապետյանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել Արամյանցի տունը վերանորոգելու շուրջ։

«Վահե Կարապետյանի հետ պայմանավորվել ենք սկսել Միքայել Արամյանցի տան վերականգնման ծրագիրը, որն ունի ճարտարապետական յուրահատուկ ոճ, հիանալի շինություն է: Վստահ եմ, որ այն կարող է դառնալ հետաքրքիր զբոսաշրջային կենտրոն և Ախթալայի այցեքարտ»,- ընդգծել էր Կարապետյանը:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում