«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ Վահրամ Բալայանը
– Պարո՛ն Բալայան, Արցախի անկախության 31-ամյակն է այսօր։ Օրվա խորհրդի հետ կապված՝ ձեր խոսքը, խնդրեմ։
– Իհարկե, թե՛ Հայաստանը, տվյալ պարագայում առավել շատ՝ Արցախը բավականին բարդ կացության մեջ են, բայց պետք է ասեմ, որ այս դժվարություններով հանդերձ, շարունակում ենք գործել։ Ըստ էության, այս օրը մեզ համար ձեռքբերում է, երբ 91 թվականին ժողովուրդը ինքնորոշվեց Խորհրդային Միության ժամանակահատվածում գործող օրենքների, միջազգային նորմերի շրջանակներում և շարունակում է այդ ճանապարհն անցնել։
Կարծում եմ, որ ճիշտ որոշումներ կայացնելու, ժողովրդի ուժերի համախմբման միջոցով կարելի է վերքերը բուժել ու առաջ շարժվել։
– Երկու հայկական պետության ղեկավարների կողմից այդ ճիշտ որոշումները կայացվո՞ւմ են այսօր։
– Ցավոք սրտի, այդ ամենը տեսանելի չէ, որովհետև պատերազմից հետո երկու տարի է անցել, իսկ շոշափելի քայլերի մենք ականատես չենք եղել թե՛ ժողովրդի միասնականությունը վերականգնելու տեսանկյունից, թե՛ բանակաշինության, երկրի հզորացման, այսինքն՝ հարցեր, որոնք անմիջապես առնչություն ունեն ժողովրդի անվտանգության ու երկրի ճակատագրի հետ։
– Համաձա՞յն եք հնչող այն կարծիքի հետ, ըստ որի Արցախն այսօր գրեթե նույն իրավիճակում է, ինչ 31 տարի առաջ, պարո՛ն Բալայան։
– Քաղաքական տեսանկյունից եթե նայենք հարցին՝ այդքան էլ այդպես չէ, որովհետև, ինչպես ասում են, մի քիչ շուտ ենք մոռանում այն ամենը, ինչի միջով անցել ենք։ Այն ժամանակ ընդհանրապես պետություն չունեինք, համակարգ չկար, բայց ժողովրդի միասնականությունը նպաստեց, որ հասնենք այդ գերնպատակին։ Այսօր մենք ավելի լավ վիճակում ենք, բայց վիճակը վատ է այն տեսանկյունից, որ չկա այն ոգևորությունը, ինչ 31 տարի առաջ, այսինքն՝ այն նվիրվածությունը, ոգևորվածությունը, որ ժողովուրդն ունեցել է, հիմա այդ եռանդը կոտրվել է ու ամենամեծ վտանգը դրանում է։
Չկա այդ նախաձեռնողականությունը, չկան մարդիկ, որոնք այն ժամանակ իրենց ուսերին վերցրեցին այդ բեռն ու ծանրությունը, կանգնեցին առաջին շարքերում ու մարդկանց տարան իրենց հետևից։ Մարդիկ հիմա ավելի շատ տարված են անձնական ու նյութական բարեկեցության ապահովմամբ ու ազգային-պետական շահը մի կողմ են դրել։
– Աշխարհաքաղաքական այսօրվա իրավիճակը որքանո՞վ է նպաստավոր Արցախի Հանրապետության անկախության ճանաչման համար։
– Այո՛, աշխարհաքաղաքական զարգացումներից շատ բան է կախված․ պետք է հաշվի առնել նաև այն, որ հիմա ընթանում է աշխարհի վերաձևում գերտերությունների կողմից, ու ամեն օր մի նոր բան է փոխվում, բայց պատասխանատուները պետք է կարողանան հնարավորություններն օգտագործել ի նպաստ մեզ։ Գերտերությունների տարակարծությունները կարող ես օգտագործել քո երկրի զարգացման, խնդիրներիդ լուծման համար, դրա համար համապատասխան աշխատանք է պետք տանել։
– Այսինքն՝ կարծում եք, որ հնարավորություններն Արցախի անկախության ճանաչման առումով սպառված չե՞ն։
– Անհնարին ոչինչ չկա։ Միշտ ասել եմ, հիմա էլ կրկնում եմ, որ բացի մեռած մարդուն վերակենդանացնելուց՝ անհնարին ոչինչ չկա։
– Պարո՛ն Բալայան, բրյուսելյան վերջին հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները նկատի ունենալով՝ ի՞նչ ակնկալիքներ ունեք հետագա գործընթացներից, որոնք ընթանալու են Հայաստանի ու Արցախի շուրջ։
– Տեսեք՝ Ադրբեջանն այդ աշխարհաքաղաքական զարգացումներից իր օգուտներն է քաղում, ամեն ինչ առավելագույնս է անում, որ իր նպատակներին հասնի։ Մեր դիվանագիտությունը ևս պետք է ամեն ինչ անի, որ մեր ունեցած անհաջողությունները հաջողությունների սկիզբ դարձնի, այսինքն՝ չտրվի այն ճնշումներին, չենթարկվի անընդհատ հնչող ադրբեջանական պահանջներին։
– Հայկական դիվանագիտությունը չի՞ անում այդ քայլերը, համակարծի՞ք եք այն տեսակետներին, որ Հայաստանի գործող իշխանությունը «ձեռքերը լվացել է Արցախից»։
– Այս պահին եղած գործողություններին հետևելով, ինֆորմացիային տիրապետելով՝ ես ևս այդ կարծիքին եմ։
– Իսկ այդ պարագայում ի՞նչ սպասել։
– Հանրության ճնշմամբ, ժողովրդի պահանջի, քաղաքական տարբեր ուժերի, Արցախ-Սփյուռք եղած ուժերի համատեղման միջոցով կարելի է նորից վերադառնալ այն իրավիճակին, երբ Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորն էր։ Այնպես չէ, որ Հայաստանն իրեն ամբողջությամբ սպառել է, նկատի ունեմ ուժի ու ֆիզիկական առումով։ Պետք է ուժ գտնել ընդամենը ու առանց իրար մեղադրելու փորձել մի բան անել, բայց, ցավոք սրտի, մինչ օրս նման բան չեմ տեսնում։
– Արցախի իշխանությունների գործելաոճն ինչպե՞ս եք գնահատում։
– Խնդիրն այն է, որ այսօր Ստեփանակերտում եղած հնարավորությունները շատ քիչ են Արցախի հարցի կարգավորման մասով։ Չճանաչված լինելու հանգամանքը, պատերազմից հետո ստեղծված իրավիճակը թույլ չեն տալիս, որպեսզի ունենանք հարաբերություններ այս կամ այն շահագրգիռ կողմերի հետ, որոնք կարող էին օգել մեզ։ Անկասկած է, որ Հայաստանի հնարավորություններն ավելի շատ են, քան Արցախի։ Հարցերի լուծման բանալին ավելի շատ Երևանում է, քան Ստեփանակերտում։
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am