Քովիդի ժամանակ հղիները ենթարկվում են դեղորայքային, հոգեբանական մեծ սթրեսի. արդեն 11 հղի է մահացել. Էդուարդ Համբարձումյան

Այս տարի Հայաստանում կորոնավիրուսից արդեն 5 հղի է մահացել, իսկ վարակի տարածման սկզբից՝ 11: Քովիդից հղի կնոջ մահվան դեպքի մասին այսօր հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Ցավով պետք է նշեմ, որ գիշերը հղիի մահ ենք ունեցել՝ քովիդով պայմանավորված: Դելտա շտամը, ի տարբերություն նախորդ տարվա ընթացքում շրջանառվող շտամների, դրսևորվում է բավականին ագրեսիվ ընթացքով: Հղիներն առավել վտանգի են ենթարկվում, եթե այս շտամով են վարակվում»,- հայտարարել է նախարարը:

Պաշտոնյան նկատել է, որ հղիների շրջանում պատվաստման ցուցանիշը ցածր է, և այդ հարցում մեղադրել որոշ «ֆեյք մասնագետների», որոնք ապատեղեկատվություն են տարածել՝ հայտարարելով, թե պատվաստումը վտանգավոր է հղիների համար:

Վերարտադրողական կենտրոնի տնօրեն, գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Էդուարդ Համբարձումյանն ասում է՝ հղիությունն արդեն իսկ սթրես է կնոջ բոլոր օրգանների համար: «Մի քանի ամիսների ընթացքում կնոջ օրգանիզմը փոփոխությունների է ենթարկվում հղիության ժամանակ, և հղիությունն արդեն իսկ սթրես է նրա բոլոր օրգանների համար, հետևաբար հիվանդությունների բարդություններն ավելի են սրվում: Դե պատկերացրեք՝ այդ վիճակում կինը հիվանդանում է քովիդով, այն էլ՝ դելտա շտամով: Այս շտամը առավել է բարդացնում հղիների վիճակը»,- «Մեդիալաբին» ներկայացնում է Համբարձումյանը:

Մասնագետի խոսքով՝ Հայաստանում 100 հազար ծննդի դիմաց սովորաբար տարբեր խնդիրներից շուրջ 14 հղի է մահանում հղիության հետ կապված տարբեր բարդություններից: Այդ խնդիրներին, սակայն, վերջին տարվա ընթացքում ավելացել է քովիդը, ինչի հետևանքով Հայաստանում արդեն իսկ 11 հղի է մահացել. «Դուք պատկերացրեք՝ մայրական մահացության այս թիվը 40 հազար ծննդի դիմաց է գրանցվել, մեկ տարվա ընթացքում: Մեր երկիրը «պլանը գերակատարել է», էլ ի՞նչ ասեմ»:

Նա ասում է՝ վերջին շրջանում մի քանի ամիս շարունակ իրենք փորձում են մասնագիտորեն ներկայացնել քովիդի վտանգավորությունը հղի կնոջ առողջության վրա ու հորդորում պատվաստվել, ինչպես քաղաքակիրթ երկրներում են անում:

«Հայաստանում ստեղծված իրավիճակը այն անգրագետ մարդկանց, այն վայ- մասնագետների խղճին է, որոնք բացահայտ հակաքարոզչություն են անում ու չհիմնավորված հայտարարություններով հակառակվում պրոֆեսիոնալների ասածներին: Ես ապշում եմ մարդկանց տգիտության աստիճանի վրա. ինչ-որ մեկն ինձ վերջերս գրեց, թե թողեք մենք մեր մահով մահանանք: Ես էլ ասում եմ՝ դու գնա քո մահով մահացիր, բայց ինչո՞ւ ես մեր հղիներին ու ապագա սերնդին վտանգի տակ դնում»,- ասում է Համբարձումյանը:

Նախորդ տարի, երբ պատվաստանյութ չկար, ըստ գիտնականի, մասնագետները մարդկանց հորդորում էին դիմակներ կրել, հիմա, երբ պատվաստանյութ կա, որը կարող է կանխել ծանր ու ծայրահեղ դեպքերը, ինչո՞ւ չգնալ չպատվաստվել, հատկապես երբ հղիության դեպքում հակացուցված չէ:

«Կինը պետք է հասկանա, որ առաջին հերթին վարակի երկար շղթա է կտրում ու առաջին հերթին իրեն և իր երեխային է փրկում: Հիմա մի քանի տասնյակ հղի կանայք են գտնվում հիվանդանոցներում, որոնք քովիդով հիվանդ են: Չէ՞ որ հիվանդանոցում պառկելը արդեն իսկ սթրես է նրա ու իր ծնվող երեխայի համար, որը թթվածնային քաղց կարող է տանել վիրուսների բուժման ընթացքում, դեղորայքի փունջ են ստանում, որոնց օգտագործումը հղիության ընթացքում երբևէ չի ուսումնասիրվել»,-ներկայացնում է ռեպրոդուկտոլոգը: Ավելին, եթե նրանք նույնիսկ բուժված դուրս գրվեն հիվանդանոցից, միևնույն է՝ հնարավոր չէ նրանց համարել ամբողջությամբ բուժված, որովհետև գիտությունը դեռ չի ներկայացրել տվյալներ՝ ինչ է կատարվում այդ անձանց հետ հիվանդության ընթացքում:

Հղիների առողջության և կյանքի հետ կապված հնարավոր խնդիրներն ու բարդությունները հաշվի առնելով՝ Էդուարդ Համբարձումյանն ասում է՝ իր ղեկավարած կենտրոնում ներքին հրահանգ է իջեցրել, որպեսզի ընդունեն ու սպասարկեն պատվաստված կանանց:

«Վերջերս պատերազմում զոհված մեր զինվորի մոր, որը հղի էր, մահը շատ ծանր է ազդել մեզ վրա: Նա մեր կենտրոնում էր արտամարմնային բեղմնավորում իրականացրել, սակայն քովիդից մահացավ: Մի կին, որը մեզ մոտ դարձյալ արտամարմնային բեղմնավորման համար բուժման բոլոր պրոցեդուրաներն անցել էր,  ու պատրաստվում էինք վաղը բուն պրոցեսն սկսել, երեկ զանգել, ասել է, որ քովիդ է, չի կարող գալ: Հասկանո՞ւմ եք իրավիճակի լրջությունը: Այդ պատճառով ես դիմել եմ այդ քայլին»,- նշում է Վերարտադրողական կենտրոնի տնօրենը:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am