Միշտ պատրաստ եմ իմ երկրի համար պայքարել. Արթուր Ալեքսանյան

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը շնորհակալություն է հայտնել բոլորին աջակցության համար:

«Շատ բան կա ասելու, բայց ոչ հիմա: Ունենք այն, ինչ ունենք: Վնասվածքով, թե առանց վնասվածքի միշտ պատրաստ եմ իմ երկրի համար պայքարել: Շնորհակալ եմ ձեզ շնորհավորանքների համար: 

Ամեն վայրկյան զգացել եմ ձեր աջակցությունը»,-  «Ինստագրամ»-ի իր էջում գրել է Ալեքսանյանը:

Ավելի վաղ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի մարզիչ Գևորգ Ալեքսանյանը դժգոհել էր Օլիմպիական խաղերում հայ մարզիկների 

գոտեմարտերը դատած մրցավարների աշխատանքից:

Տոկիոյում գտնվող հայ լրագրողների հետ զրույցում Ալեքսանյանը, մասնավորապես, շեշտել էր. «Հունահռոմեական ոճի ըմբշամարտի թիմի անդամներից մի քանիսին` երեքին, 

կողմնակալ մրցավարությամբ զրկեցին թե մեդալից, թե փոխեցին մեդալի գույնը: 

Թիմից երեք մարզիկ պատրաստ էր մեդալ նվաճելուն: 

Մեր թիմը քարուքանդ արեցին: Չեմ կարող ասել, թե սա իմ մտածածն է: 

Բայց այդ մասին կխոսեմ հետո: 

Ես շատ եմ վրդովված»:

Տոկիոյի Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի 97 կգ քաշային կարգի 

հաղթողների պարգևատրման ժամանակ Արթուր Ալեքսանյանը իր վզին չի կախել օլիմպիական մեդալը, 

իսկ հետո, ըստ ռուսական ԶԼՄ-ների, լրագրողական 

«խառը գոտի»-ում ասել է, որ պետք է ռուս լինել  հաղթելու համար: