Հաջիևը շարունակում է պնդել, թե Արցախի շրջափակում չկա. «Ազատություն»

Լեռնային Ղարաբաղ սննդամթերքի, դեղորայքի ու այլ անհրաժեշտ ապրանքների մատակարարումների դադարեցման վերաբերյալ այդ թվում միջազգային հանրության հայտարարությունները Բաքուն անհիմն է որակում։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Սաուդյան Արաբիայում հրատարակվող Arab News-ին տված հարցազրույցում պնդել է, թե Ղարաբաղի հայ բնակիչների նկատմամբ «խեղդամահություն կամ շրջափակում չկա»։Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը։

«Ադրբեջանն առաջարկում է բազմաթիվ ճանապարհներ ունենալ։ Իսկ կարևոր ճանապարհներից է Աղդամ-Խանքենդի [խմբ. – Ստեփանակերտ] ճանապարհը։ Այն շատ ավելի արդյունավետ է և ունի ավելի շատ նյութատեխնիկական հնարավորություններ՝ հասնելու ղարաբաղյան տարածաշրջան, քանի որ Ադրբեջանն ամբողջությամբ վերակառուցել է այն», – ասել է Հաջիևը:

Աղդամի ճանապարհը, ըստ Ալիևի օգնականի, «կապահովի ինտեգրումը, ուստի Ադրբեջանը կունենա ուղիղ մուտք դեպի Խանքենդի և անմիջական կապ Ղարաբաղի հայերի հետ, որոնք իրենց հերթին հնարավորություն կունենան օգտագործել Ադրբեջանի հիմնական ճանապարհային համակարգը՝ հասնելու Ադրբեջանի այլ շրջաններ»: