«Մարտի 1-ի գործի թելերը Երևանից էլ հեռու են գնում, կարծում եմ՝ նոր բացահայտումներ ու ցնցումներ կլինեն». Հայկ Ա. Մարտիրոսյան

«Մարտի 1-ի գործի թելերը Երևանից էլ հեռու են գնում, կարծում եմ՝ նոր բացահայտումներ ու ցնցումներ կլինեն». Հայկ Ա. Մարտիրոսյան
«Մարտի 1-ի գործի թելերը Երևանից էլ հեռու են գնում, կարծում եմ՝ նոր բացահայտումներ ու ցնցումներ կլինեն». Հայկ Ա. Մարտիրոսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյանը:

– Պարո՛ն Մարտիրոսյան, լրանում է կառավարության գործունեության 100 օրը, որը կամփոփվի հանրահավաքով։ Ինչպե՞ս եք գնահատում կառավարության 100 օրվա տնտեսական և կադրային քաղաքականությունը։

– Նախ՝ այդ հանրահավաքը միայն հարյուր օրով ես չէի պայմանավորի: Հայտնի չէ, թե ի՛նչ է ասելու Փաշինյանը, բայց կարծում եմ, որ հնչեցնելու է կարևոր մտքեր: Եթե այդպես չլիներ, չէր հրավիրի նման հանրահավաք: Դա լուրջ կոչ է ժողովրդին, որին ժողովուրդը պետք է ականջալուր լինի: Հարյուր օրը կարող է միայն առիթներից մեկը լինել: Ինչ վերաբերում է հենց այդ հարյուր օրերին, ապա չի կարելի դրանք միանշանակ գնահատել: Կատարվել է հսկայական աշխատանք, բայց և վրիպակներ նույնպես թույլ են տրվել: Ամեն դեպքում չպետք է դրանց վրա կենտրոնանալ: Ընդհանուր կուրսն առայժմ ճիշտ է վերցված, և կուտակված ահռելի խնդիրները լուծելու ուղղությամբ քաղաքական կամքի առկայությունն այլևս անվիճելի է:

– Հաճախ քննադատության թիրախ է դառնում տնտեսական քաղաքականության բացակայությունը և կադրային ոչ ճիշտ քաղաքականությունը։ Ի՞նչ եք կարծում, այս կառավարությունը ո՞ր մասով է թույլ։

– Իհարկե, կարելի է թափանցող հայացք գցելով՝ խորքային որոշ խնդիրներ տեսնել, բայց դրանց անդրադառնալու համար, կարծում եմ, պետք է նախ սպասել ընտրությունների ավարտին: Եվ եթե դրանց նախաշեմին կամ դրանցից հետո իշխող ուժը որևէ քաղաքական-գաղափարախոսական պլատֆորմ չներկայացրեց, ապա այդ դեպքում արդեն կարելի կլինի քննարկել համակարգային արժեքների և մոտեցումների դաշտում: Առայժմ այս իշխանությունը մեծ հույսեր է ներշնչում, իսկ վարչապետի անձնական վստահությունը հսկայական ռեսուրս է այդ հույսերը ռեալիզացնելու առումով: Միակ վտանգը, որ տեսնում եմ, այն է, որ ոչ միշտ հաջող կադրերը կարող են և տանել դեպի այդ շատ կարևոր ռեսուրսի աստիճանական մաշում: Հուսանք, որ վարչապետին կհաջողի հետընտրական շրջանում կադրային դաշտը համապատասխանեցնել հենց իր կողմից դրված բարձր նշաձողին: Եվ հենց այդ առումով է, որ այս հարյուր օրերը պակաս կարևորություն ունեն: Ամեն դեպքում, եթե մի եզրակացություն կարելի է անել անցյալ երեք և կես ամիսներից, ապա դա այն է, որ նոր իշխանությունը Հայաստանում նոր իրականություն է սկսել հաստատել:

– Ի՞նչն է հիասթափեցնող և հուսադրող այս կառավարության գործունեության մեջ։

– Հուսադրող են աշխատելու և վիճակը շտկելու կամքը, նաև արդեն կատարվող աշխատանքների ծավալն ու որակը: Հիասթափեցնող կարող է լինել որոշ առանցքային կադրերի՝ մի փոքրաթիվ խմբի թվացյալ, բայց ոչ իրական պրոֆեսիոնալիզմը և չհասունացածությունը: Բայց ուզում եմ հավատալ, որ հատկապես ընտրություններից հետո դա նույնպես կշտկվի, և իշխանության ամենատարբեր, ներառյալ՝ բարձր օղակներում նոր, լուրջ փոփոխություններ կլինեն: Վստահ եմ, որ վարչապետը դա շատ լավ գիտակցում է, և վստահ եմ, որ շտկման քայլեր անպայմանորեն կլինեն:

– Ո՞ւր կհասնի Մարտի 1-ի բացահայտումը, ներառյալ Ռոբերտ Քոչարյանի և մյուս պաշտոնյաների մասով։ Արդյոք նրանք սպասո՞ւմ էին այսպիսի զարգացումների, թե՞ սա նրանց համար անակնկալ էր։

– Չէին սպասում, որովհետև իրենք Հայաստանում ավտորիտարիզմ էին հաստատել և այնքան էին սեղմել օղակը, որ կարծում էին, թե այդ տոտալ վերահսկողությունն անվերջ է լինելու: Եվ դա նրանից էր, որ այդ մարդիկ անգրագետ էին, չգիտեին պատմություն ու քաղաքականության պատմություն և կարծում էին, թե շախմատի տախտակին տիրապետելը նրանց շախմատիստ է դարձրել: Իսկ Մարտի 1-ի գործը դեռ շատ ջուր կվերցնի: Դրա թելերը Երևանից էլ հեռու են գնում, և այդ առումով, կարծում եմ՝ նոր բացահայտումներ ու ցնցումներ կլինեն։

– Իհարկե, նախաքննությունը շարունակվում է, նոր անձինք են ձերբակալվում, այդ թվում՝ նախկին վարչապետի մերձավորները։ Ինչպե՞ս եք գնահատում այս գործընթացը, և ինչո՞ւ դրանց մեջ չկա Սերժ Սարգսյանի անունը։

– Կարծում եմ՝ Սերժ Սարգսյանին առայժմ թողնելով ազատության մեջ՝ նոր իշխանությունը ևս մեկ անգամ ցուցադրում է ժողովրդավարության և ազատությունների հարցերում առավել լիբերալություն, քան կարող է լինել անգամ լիբերալ Արևմուտքում: Իշխանության սեփական և ժողովրդի շահերի առումով դա ոչ միանշանակ մոտեցում է և կարող է իր մեջ վտանգներ պարունակել: Ընդհանրապես, անհրաժեշտ է ձերբակալել երեք նախկին նախագահներին էլ և երեքին էլ ներկայացնել ոչ թե մեկ, այլ բազում մեղադրանքներ: Այդպիսի մեղադրանքներ ժողովուրդը նրանց վաղուց է ներկայացրել, իսկ փաստեր գտնելը, թերևս, ամենևին էլ դժվար չի լինի:

Ինչ վերաբերում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի մերձավորների ձերբակալմանը, ապա դա, անշուշտ, տեղավորվում է քննության տրամաբանության շրջանակում, սակայն, ինչպես Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, այնպես էլ Հովիկ Աբրահամյանը իրեն ենթակա, իր շահերը սպասարկող լրատվամիջոցների ցանցի է տիրապետում, և որքան ժամանակ անցնի, այնքան նախկին վարչապետի նվիրյալներն ու հատկապես նվիրյալուհիները, ներառյալ այդ լրատվամիջոցները՝ իրենց ֆեյքերով հանդերձ, հակագրոհ են կատարելու կառավարության և ոչ միայն կառավարության դեմ: Այս առումով իշխանության քայլերն առավել հեռահար պետք է լինեն: Կարծում եմ՝ այս հարցում նույնպես հետաքրքիր նոր զարգացումներ կլինեն:

Մանե Հարությունյան

MediaLab.am