«Ոչ մի մութ բան չկա». Բանկերի միության նախագահը՝ Ամերիաբանկի հնարավոր վաճառքի մասին. Factor

Ամերիաբանկի և HSBC-ի հետ գործարքները հնարավորինս թափանցիկ են և անհանգստանալու տեղ չեն թողնում: Այսօր հրավիրված ասուլիսում այս մասին ասաց Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը։ Այս մասին հայտնում է Factor.am-ը:

Հիշեցնենք՝ օրերս հայտնի դարձավ, որ Bank of Georgia Group-ն պատրաստվում է գնել Ամերիաբանկը։ «Bank of Georgia Group-ը Լոնդոնի ֆինանսական բորսայում ցուցակված ընկերություն է, որի բաժնետերերը ֆինանսական շուկայում հայտնի կազմակերպություններ են։ Ցուցակված ընկերությունները պարտավոր են բոլոր կարևոր իրադարձությունները հրապարակել, և իրենք շատ հրապարակային ու բաց են։ Ոչ մի մութ բան չկա։ Մենք ուղղակի պետք է սպասենք ոլորտի պատասխանատուների և պրոֆեսիոնալների որոշմանը»,- նշեց Ազատյանը։

Ինչ վերաբերում է բանկի հայ հաճախորդների անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ մտահոգտություններին, Ազատյանն արձագանքեց․ «Բանկային գործունեության կարգավորումն էնպիսին է, որ բանկային գաղտնիքի, տեղեկատվության պահպանումը շատ հստակ սահմանված է, և որևէ բանկի դեպքում, անկախ նրանից՝ մեկ բաժնետերով բանկ է, թե բաց բաժնետիրական ընկերություն, ցուցակվա՞ծ է, արդյոք, այս կամ այն բորսայում, բաժնետերերի իրավունքները շատ հստակ են։ Յուրաքանչյուր կառավարման մարմին ունի իր լիազորությունները և խստիվ պետք է հետևի այդ լիազորությունների կատարմանը, հակառակ դեպքում, խնդիրներ կառաջանան»,- նշեց Բանկերի միության ղեկավարը։

Նրա խոսքով՝ բանկերի միավորումը, կանոնադրական կապիտալի փոփոխությունը արտառոց երևույթ չեն, վերջին տարիներին բաժնետերերի փոփոխություն ենք տեսնում նույնիսկ խոշոր բանկերում։ «2017 թվականից 10 բանկեր միացել են իրար՝ կազմելով բանկերի խումբ: 2010 թվականին «Ամերիաբանկը» ձեռք բերեց «Կասկադ բանկը», վերջին տարիներին «Ինեկոբանկը» ձեռք բերեց գերմանական ProCredit-ի դուստր բանկը, ղազախստանյան BTA-ն Հայաստանում իր բանկը վաճառեց «Հայէկոնոմբանկին», իսկ Զարգացման հայկական բանկը մտավ «Արարատբանկի» կազմի մեջ։ Սա նորմալ, բնական երևույթ է»,- շեշտեց նա։ Ըստ Ազատյանի՝ բոլոր այս փոփոխությունները պետք է ստանան կարգավորող մարմնի վերջնական համաձայնությունը։ «Այո, բանկերը կարող են բանակցել, բանակցության արդյունքում արված հայտարարությունից հետո ֆորմալ առումով դեռ պետք է 2 բանկերում բոլոր բաժնետերերի ժողովները հաստատեն այդ գործարքը, այնուհետև ամբողջ փաստաթղթերը հանձնեն Կենտրոնական բանկին, որը պետք է գրանցի։ Եթե Կենտրոնական բանկի կողմից խնդիրներ չեն արձանագրվում, գործարքները գրանցվում են։ Եղել են նաև դեպքեր, որ գործարքները չեն գրանցվել։ Սա կարևոր իրադարձություն է բանկային համակարգի համար, պետք է հարգանքով մոտենան։ Բանկային համակարգում փոփոխություններին դրական ենք վերաբերվում, դա նոր շունչ, նոր էներգիա է հաղորդում։ ԿԲ-ն է լիազորված այդ որոշումը կայացնել, այնուամենայնիվ, կարծում եմ, որ միջազգային բրենդ ունեցող բանկերի առկայությունը մեր բանկային համակարգի համար մնում է կարևոր»,- ասաց Ազատյանը։ Ինչ վերաբերում է HSBC բանկի՝ Հայաստանից հեռանալուն, նրա խոսքով՝ վերջին տարիներին HSBC խումբը որդեգրել է իր կապիտալն ավելի խոշոր կենտրոններ տեղափոխելու և նախապատվությունն այլ շուկաներին տալու քաղաքականություն։ «Մասնավորապես, 2021 թվականից հետո HSBC-ն 7 երկրներից դուրս է գալիս՝ Ֆրանսիայի մանրածախ բիզնեսից, Միացյալ Նահանգների, Հունաստանի շուկայից է դուրս եկել։ Եթե մի քիչ ավելի հետ գնանք՝ ԱՊՀ երկրներից է դուրս եկել, միայն Հայաստանն էր մնացել։

Ամենակարևորն այն է, որ նման գործարքները չեն լինում 1 շաբաթում կամ 10 օրում։ Դրանք շատ երկար ժամանակ քննարկվում, բանակցվում են, անցնում միջազգային չափանիշների կանոններով, տևական ու դժվար աշխատանք է»,- մանրամասնեց Բանկերի միության նախագահը։