Փաշինյանը հանդիպել է ՌԴ փոխվարչապետի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի տեղակալ՝ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին: Այդ մասին տեղեկացնում են կառավարությունից:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների գլխավորությամբ ստեղծված աշխատանքային խմբի գործունեությանը, տարածաշրջանային կոմունիկացիոն ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորություններին և այս ուղղությամբ տարվող աշխատանքներին վերաբերող հարցեր։

Առանձնակի ընդգծվել է հումանիտար պայմանավորվածությունների կատարման կարևորությունն ու տարածաշրջանում կայունության ամրապնդման անհրաժեշտությունը։ Մտքեր են փոխանակվել նաև հայ-ռուսական տնտեսական համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։