ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը կալանավորվել է

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանին կալանավորելու միջնորդությունը:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:

Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում արձանագրվել են ենթադրյալ հանցագործությունների կատարման բազմաթիվ դեպքեր, որոնցում ներգրավված են արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը, վերջինիս խորհրդականը, ինչպես նաև ԱԻ նախարարության 10-ից ավելի աշխատակիցներ, այդ թվում` տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ:

Մասնավորապես, նախաքննությամբ պարզվել է, որ ԱԻ նախարար Ա. Փիլոյանը նախարարության հետ համագործակցող ՍՊ ընկերության օգտին իր լիազորությունների շրջանակում գործողությունների կատարման համար իր խորհրդական Ա. Հ.-ի օժանդակությամբ 2022թ.-ին ստացել է խոշոր չափերով կաշառք:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ա. Փիլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով /3 դրվագ/: Քննիչի որոշմամբ վերջինս 30.03.2022թ.-ին ձերբակալվել է: Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: