Ճապոնիայի կառավարությունը ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցություն կտրամադրի

Ճապոնիայի կառավարությունը    Լեռնային Ղարաբաղից տեղահանված  հայերին  աջակցություն կտրամադրի: Պաշտոնական աջակցության ծրագրի մասին կհայտարարեն հոկտեմբերի 5-ին:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասի հայտնել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության Եվրոպական հարցերով բյուրոյի  գլխավոր տնօրենի տեղակալ Իկեգամի Մասակին Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի հետ հանդիպման ընթացքում:

«Այժմ մենք կոորդինացման գործընթացում ենք, բայց   հոկտեմբերի 5-ին Ճապոնիայի կառավարությունը կհայտարարի ԼՂ-ից տեղահանված  հայերին պաշտոնական աջակցության ծրագրի մասին, որն անհրաժեշտության դեպքում կլինի շարունակական:

Այսօր երեկոյան ես վերադառնալու եմ Տոկիո և անմիջապես զեկուցելու եմ ստեղծված իրավիճակի մասին»,-նշել է նա:Իկեգամի Մասակին  ընդգծեց, որ Լեռնային Ղարաբաղում երկու շաբաթ առաջ տեղի ունեցածն իրենց  համար նույնպես մեծ ցնցում էր:

«Այս տեսանկյունից Ճապոնիայի ԱԳ նախարարն անմիջապես արձագանքեց և իր ուղերձում ընդգծեց, որ Ադրբեջանը դադարեցնի ագրեսիան  Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: Նա երկու կողմերին էլ կոչ արեց՝  բոլոր խնդիրները լուծեն խաղաղ ճանապարհով: Այժմ, քանի որ ռազմական գործողություններն ավարտվել են, մենք պետք է կենտրոնանանք և օգնենք այն մարդկանց, ովքեր փրկվել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակից»,- ընդգծեց Մասակին:

Ըստ Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցչի՝ ստեղծված իրավիճակը իրենց համար  ոչ միայն կովկասյան տարածաշրջանում, այլ նաև գլոբալ  խնդիր է:  Մասակին ընդգծեց, որ Ճապոնիան  և Հայաստանը ընդհանուր արժեքներ ունեն, որտեղ  ամենակարևորը մարդու իրավունքներն ու միջազգային արժեքներն են, որոնց պահպանման ուղղությամբ  նպատակ ունեն միասին աշխատելու:Հանդիպման ավարտին Իկեգամի Մասակին հետաքրքրվեց ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիների կարիքներով, որպեսզի օգնությունը լինի ավելի թիրախային, ինչին ի պատասխան՝ մարզպետ Սեդրակ Թևոնյանը ներկայացրեց իրականացված աշխատանքները, ներկայիս իրավիճակը և անհրաժեշտությունները:

Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության Եվրոպական հարցերով բյուրոյի  գլխավոր տնօրենի տեղակալ Իկեգամի Մասակի հետ հանդիպման ընթացքում Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն  ընդգծեց, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների հոսքը մինչ այսօր դեռ շարունակվում է:«Մինչ այս պահը մեր պետական մարմինների կողմից բոլոր քայլերն արվել են, որպեսզի մեր հայրենակիցներին կարողանանք պատշաճ ընդունել:

Այս պահի դրությամբ Արարատի մարզում  Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների թիվը կազմում է 15 հազար 569 անձ: Նշեմ, որ  դպրոց հաճախող  երեխաների թիվն այս պահին անցել է 1000-ը և փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի երեխաներն ինտեգրվեն և ուսումնական պրոցեսը պատշաճ  իրականցվի»,-նշեց մարզպետը: