Պետությունը տնտեսավարողներին է վերադարձրել 146 մլրդ դրամի ԱԱՀ-ի գումար

Կառավարությունը 2021 թվականի ընթացքում տնտեսավարողներին է վերադարձրել 146 մլրդ դրամի ավելացված արժեքի հարկի գումար՝ 2017-ի 60 մլրդ դրամի համեմատ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ  մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ներկայացմանը:

«Մենք հարկեր-ՀՆԱ առումով ունեցել ենք աննախադեպ ցուցանիշ, երբ ՀՆԱ-ի 22.7 տոկոսն արձանագրել ենք հարկային եկամուտների ձևով: Մենք միջնաժամկետում ունենք խնդիր՝ այդ ցուցանիշը հասցնել 25 տոկոսի: Դա, իհարկե, հեշտ չի լինելու նաև հարկային դրույթները նվազեցնելու ֆոնին, բայց մենք այդ խնդիրը դրել ենք և պետք է փորձենք լուծել»,-ասաց Փաշինյանը:

2021-ի ընթացքում 146 մլրդ դրամի ավելացված արժեքի հարկի գումարի է վերադարձվել տնտեսավարողներին: Վարչապետը պարզաբանեց՝ արտահանման պարագայում ԱԱՀ-ն վերադարձվում է տնտեսավարողներին:

«ԱԱՀ-ի առանձնահատկություններից ելնելով՝ ներքին շրջանառության ընթացքում նաև գոյանում են դեբետային գումարներ: Եվ 2021-ի ընթացքում 146 մլրդ դրամ մենք վերադարձրել ենք տնտեսավարողին: 2017-ին ԱԱՀ-ի վերադարձը կազմել է 60 մլրդ դրամ, 2017-ի նկատմամբ 140 տոկոսով ավելացրել ենք ԱԱՀ-ի վերադարձը»,-ասաց վարչապետը:

Նա հավելեց, որ 2021-ի ավարտին չի եղել դեբետային գումարների վերադարձի գծով հարկ վճարողներից ստացված որևէ դիմում, որի դիմաց գումարը փաստացի վերադարձված չլինի: Փաշինյան ընդգծեց՝ սա նշանակում է, որ ԱԱՀ-ի գծով պարտքի խնդիրն ընդհանրապես լուծել են:

2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ կառավարությունը 125 մլրդ դրամի ԱԱՀ-ի դեբետի գումար է  պարտք եղել տնտեսավարողներին: Այդ գումարից մոտ 50 մլրդ դրամը հուսահատ գումար էր: «Երբ 2017-ին ընդունվել էր հարկային նոր օրենսգիրքը, կառավարությունն ասել էլ էր, որ նախկինում ունեցած պարտքերը դնում են մի կողմ և դրան չեն անդրադառնալու: 2019-ին, երբ մենք արդեն բյուջեի եկամուտները գերակատարում էինք, որոշեցինք վերադարձնել ԱԱՀ-ի ժամկետանց դեբետները, որոնք կուտակվել էին անկախության առաջին օրերից սկսած: Այսինքն՝ դա, ըստ էության, հուսահատ պարտք էր, որ վերադարձրեցինք տնտեսավարողին»,-ասաց վարչապետը:

Փաշինյանն անկեղծացավ՝ դա կարող էին չանել, բայց համարեցին, որ պետության հեղինակությունը ամենակարևորն է, չի կարող այնպես լինել, որ պետությունը գումար վերցնի ինչ-որ մեկից և չվերադարձնի: Այդ ժամանակ պետությունը նախատեսել էր 56 մլրդ դրամ պետք  վերադարձնել, բայց փաստացի վերադարձրել է 42 մլրդ դրամ, որովհետև շատ ընկերություններ լուծարվել են: Նա նշեց, որ հիմա գործնականում ՀՀ-ում 30 տարի գոյություն ունեցած խնդիրը չկա: Իսկ եթե կա ԱԱՀ-ի դեբետի պարտք, նշանակում է, որ տնտեսավարողը դեռ չի հասցրել դիմում տալ, որ 1 ամսվա ընթացքում ստանա: