Ժամանակավոր պաշտպանության տակ վերցված ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք օրենքի ուժով դառնում են փախստական. Արդարադատության նախարար

Կառավարությունը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց  ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթղթի նկարագիրը և դրա տրամադրման կարգը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համապատասխան նախագիծ Կառավարության հոկտեմբերի 26-ի նիստում ներկայացրեց Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։

Նախագծով առաջարկվում է կառավարության որոշմամբ ժամանակավոր պաշտպանության տակ վերցնել հետևյալ անձանց.

1) Լեռնային Ղարաբաղի բնակչության ռեգիստրի հաշվառումներով անցնող անձանց,

 2) Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող այն անձանց, որոնց վերջին հաշվառման հասցեն եղել է Լեռնային Ղարաբաղում,

3) այն անձանց, որոնք չեն ունեցել հաշվառում Լեռնային Ղարաբաղի բնակչության ռեգիստրում, սակայն բնակվել են ԼՂ-ում և 2023 թվականի սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի կողմից ԼՂ-ի դեմ սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանվելուց հետո հաշվառվել են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից։

«Բոլորիս հայտնի է, որ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունների, այդ թվում՝ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման, 2023 թվականի սեպտեմբերի 19-ի Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով ԼՂ-ի ողջ բնակչությունն իրենց կամքին հակառակ բռնի տեղահանվել են իրենց մշտական բնակության երկրից՝ հայտնվելով Հայաստանի Հանրապետության տարածքում։ Միայն 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվել է ավելի քան 100 հազար բնակիչ։ Բռնի տեղահանվել են իրենց մշտական բնակության երկրից՝ համատարած բռնության և բռնության իրական սպառնալիքի, արտաքին հարձակման, մարդու իրավունքների զանգվածային խախտումների, հասարակական կարգը խախտող իրադարձությունների և Ադրբեջանի Հանրապետության հայատյաց Լեռնային Ղարաբաղի ժողովրդին էթնիկ զտման ենթարկելու պատճառով։  Փաստացի Լեռնային Ղարաբաղի բնակիչներն այսօր հնարավորություն չունեն վերադառնալու իրենց մշտական բնակության երկիր»,-ասաց Մինասյանը։

Նախարարի խոսքով՝ նախագծի ընդունման արդյունքում կհստակեցվի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավական կարգավիճակը և դրանով իրենց իրավունքների ու պարտականությունների շրջանակը։

«Ցանկանում եմ առանձնահատուկ ընդգծել, որ ժամանակավոր պաշտպանության տակ վերցված անձինք օրենքի ուժով դառնում են փախստական և օգտվում են փախստականների համար օրենքով և միջազգային կոնվենցիաներով, այդ թվում՝ փախստականների կարգավիճակի մասին 1951 թվականի կոնվենցիայով նախատեսված իրավունքներից։

Նախագծի ընդունումը հնարավորություն կտա ձեռնամուխ լինել նրանց իրավունքների և օրինական շահերի առավել արդյունավետ պաշտպանությանը»,-եզրափակեց նախարարը։